Միքայել Մելքումյանը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանին. «Ո´չ շտապում ենք, ո´չ էլ դանդաղում»
Տպավորությունը, թե «Բարգավաճ Հայաստանը» իրականում ոչ թե արտահերթ իշխանափոխություն է ուզում, այլ նախապատրաստվում է 2017-18 թթ. ընտրություններին, սխալ է: 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը` հակադարձելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության վերաբերյալ մեր դիտարկումներին:
«Շատ հստակ է այն, ինչ հայտարարել են: Ստեղծվում են համաժողովրդական շարժման շտաբներ, և եթե ծանոթ եք ԲՀԿ քաղխորհրդի վերջին որոշումներին, տրված են երկշաբաթյան ժամկետներ: Օր առաջ ասելով` ի՞նչ նկատի ունեք: Երկու շաբաթը նորմալ ժամկետ է, որպեսզի զեկուցվի, թե ինչ է կատարվում: Անհրաժեշտ է ձևավորել շտաբները, ամեն մի ուղղությամբ ներգրավել հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչներին, ակտիվացնել նրանց»,- ասաց Միքայել Մելքումյանը, ով ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ` նույնպես ընդգրկված է Գագիկ Ծառուկյանի հայտարարած «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների» ձևավորման աշխատանքներում:
Նշենք, որ ԲՀԿ նախագահը կուսակցության քաղխորհրդի վերջին նիստում չի խոսել ո´չ իշխանափոխության, ո´չ էլ առաջիկա հանրահավաքների ժամկետների մասին` ասելով, որ ինքը չի շտապելու, բայց պարտություն էլ թույլ չի տալու:
Մինչդեռ ոչ իշխանական ուժերի առաջնորդները 10-ի և հոկտեմբերի 24-ի հանրահավաքներում հայտարարում էին, որ Հայաստանում վիճակն օրհասական է, արտագաղթի տեմպերն աճում են, ժամանակ այլևս չկա, ուստի օրառաջ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի ռեժիմից, այլապես Հայաստանն ու Արցախը դատապարտված են կործանման:
Միքայել Մելքումյանի կարծիքով` այստեղ որևէ հակասություն չկա, և դանդաղկոտության մասին մեկնաբանությունները ճիշտ չեն. «Շարժումը կուսակցական բնույթ չի կրելու: Ամեն ինչ նորմալ, իր հունով գնում է: Ի՞նչն է հակասությունը, ես չեմ հասկանում: Ոչ մի դանդաղկոտություն չկա: Պրոցեսները պետք է հասունանան, որպեսզի փոփոխություները բնականոն լինեն, ոչ թե արհեստական: Մեկ քայլանոց խնդիր չկա, բայց նաև չի ուշանա»:
Այսինքն կարելի է եզրակացնել, որ երկու շաբաթ անց Եռյակի գործողությունները նոր թա՞փ կստանան:
«Թափը կարող են ստանալ վաղն էլ, մյուս օրն էլ, երկու շաբաթ հետո էլ: Ինքն իր ծրագրով գնում է, բյուրեղանում է, այսինքն` պետք է կարողանալ դա բյուրեղացնել և հետո գնահատել` իրավիճակն ինչպիսին է, որ հաջորդ քայլերը տրամաբանական և բովանդակային լինեն: Կյանքը թելադրելու է, թե որ պահին մենք ուր ենք հասել: Այնպես որ, շատ շտապողականությունը լավ չի. ո´չ շտապում ենք, ո´չ էլ դանդաղում»,- պատասխանեց մեր զրուցակիցը: