Ազատ Արշակյան. «Մենք ամբողջությամբ կախված ենք ռուսական ռազմաբազայի վարքագծից»

Հարցազրույց Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր,
քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ

– Ի՞նչ տպավորություն ունեք ներկայիս ներքաղաքական գործընթացներից:

– Իմ տպավորությունը հետևյալն է` Եռյակն իշխանության վերարտադրության մի տարբերակ է: Մենք գիտենք, որ ըստ Սահմանադրության` երկու տարի անց հերթական ընտրությունների միջոցով Հայաստանում տեղի կունենա իշխանափոխության, նաև սերնդափոխության գործընթացը: Հիմա, եթե իշխանությունն այսօր ցնցումների հետևանքով անցնում է Եռյակին, որն իշխանության մյուս, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցնող թևն է, այդ դեպքում իշխանափոխության պետք է սպասել ևս 10 տարի, այսինքն` իշխանափոխությունը հետաձգվում է 10 տարով: Ուզում եմ ասել` երբ ես խոսում եմ Եռյակի մասին և չեմ համակրում Եռյակի վարած քաղաքական կուրսը, դրա պատճառն այն է, որ իշխանափոխությունը կասեցվելու է ևս 10 տարով:

– Այսինքն, Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնելու է Եռյակի՞ն:

– Այո՛, եթե Եռյակին է հանձնում, նշանակում է` իշխանափոխությունը տեղափոխվում է ևս 10 տարով: Մենք պետք է հստակ իմանանք, որ մենք եվրոպացի ենք, եվրոպական քաղաքակրթության մի մասն ենք: Դրա այլընտրանքն Ասիան է, այսինքն` Չինգիզ խանը, խանությունը: Մենք ընտրում ենք խանությո՞ւն, թե՞ ժողովրդավարական, ազատ, անկախ պետություն և զարգացում: Սա է դարձել մարտահրավերը: Եթե այսօր մեզ առաջարկվում է ասիական տարբերակի նորացված մոդելը, որը Եռյակը հանձն է առնում ավելի լավ կատարել, քան գործող հոգնած, թուլացած իշխանությունը, ապա ես կտրականապես դրան դեմ եմ:

– Բայց Եռյակի անդամները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», Հանրապետական կուսակցությանը մեղադրում են իշխանությունը միանձնյա բռնազավթելու, քաղաքական մենաշնորհ ստեղծելու համար: Այդ դեպքում ինչպե՞ս է Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնում Եռյակին:

– Ես ուզում եմ ասել, որ ՀՀԿ-ն իշխանությունը մինչև հիմա կիսում է հենց Եռյակի հետ: Եթե մենք ընդունում ենք, որ ընտրությունները կեղծված են, և իշխանությունը զավթված է, ապա զավթված է բոլորի կողմից: Այդ իմաստով ՀՀԿ-ն իշխանությունը կիսել է իր գործընկերների հետ, այսինքն` դա այնքան էլ մենաշնորհային իշխանություն չէ: Բայց նույնիսկ այս չափով իշխանության կիսումն ինձ չի բավարարում, որովհետև պետք է լիներ ակնհայտորեն այլ տարբերակ, զարգացման այլ ծրագիր առաջարկող մի ուժ: Այդ ուժ բացակայում է, քանի որ «Ժառանգությունը» կանգնեց հարթակի վրա` նրանց կողքին:

– Նկատի ունեք, որ իշխող քաղաքական համակարգի նպատակը համակարգից դուրս որևէ այլ ուժի ձևավորումը կանխե՞լն է:

– Եթե Եռյակը հասնի իր նպատակին, կստացվի, որ տեղի է ունենալու փոխատեղում. առաջին տեղը գալու է երկրորդ տեղ, իսկ երկրորդը` առաջին: Այդ իմաստով իշխանափոխություն տեղի չի ունենալու, որովհետև նրանց գլխավոր քաղաքական ծրագրերը նույնն են: Եռյակը համախմբվել է եվրասիական գաղափարի շուրջ, և նրանք արդեն իրենք իրենց առաջադրում են` որպես դրածո:

Նրանք ոչ թե դիմում են հայ ժողովրդին, այլ իրենց հովանավորին, նրանք ոչ թե ձգտում են ստանալ աջակցություն Հայաստանում, այլ դիմում են նշանակողին, այսինքն` նրանք ընտրվել չեն ուզում, նշանակման նպատակ են դրել: Սա արդեն ժողովրդի հետ կապ չունի: Եվ իմ կարծիքով` ճիշտ կլիներ, եթե Եռյակի հանրահավաքները լինեին ոչ թե Ազատության հրապարակում, այլ Գրիգոր Լուսավորչի փողոցում` Ռուսաստանի դեսպանատան մոտ: Մոսկվային հավատարմության կոչերը, այդ երդման արարողությունը պետք է լիներ Ռուսաստանի դեսպանատան մոտ, և նրանք ուղիղ պետք է հայտարարեին` հեռացրե՛ք այս իշխանությանը, մե՛զ նշանակեք, մենք ավելի լավ կծառայենք ձեզ:

– Դուք խոսեցիք այլ ուժի ձևավորման անհրաժեշտության մասին: Այսօր տեսնո՞ւմ եք այդպիսի հեռանկար, և ո՞ր գաղափարի շուրջ այդ ուժը պետք է ձևավորվի:

– Եռյակին և ՀՀԿ-ին այլընտրանքը պետք է լինի այն ուժը, որն ազգային-ազատագրական պայքարի խնդիր է դնելու: Պարտադիր չի` դա լինի Կալաշնիկով ինքնաձիգով, դա կարող է լինել ճիշտ այնպես, ինչպես եղավ 1980-90-ական թթ.:

– Բայց Դուք էլ լավ գիտեք, որ արտաքին քաղաքական հարցերի, թեկուզ նույն ինտեգրման խնդիրների հիման վրա (եթե ուղղակի արտաքին վտանգ չկա) հասարակական համախմբումը կազմակերպելը բավական դժվար է: Այդ ուղերձն ինչպե՞ս պետք է հասցնել հասարակությանը:

– Ներքին բոլոր խնդիրները ոչ միայն ներքին վատ կառավարման հետևանք են, այլ դրանք պարտադրված են ՀՀ ոչ լիարժեք ինքնիշխանության պատճառով: Մեզ պարտադրված է զինվորական դաշինք. ռուսական ռազմական բազան, օկուպացիոն զորքը, որը մնացել է Հայաստանում 1920 թվականից, ընդհանրապես տիրապետում է Հայաստանի իրավիճակին: Այդ իմաստով մենք ամբողջությամբ կախված ենք այդ բանակի վարքագծից:

Հայ ժողովուրդը գիտի, որ նույնիսկ արտասահման գնալու համար մենք պետք է ստանանք ռուս սահմանապահի թույլտվություն. յուրաքանչյուր քաղաքացի, նույնիսկ երևի նախագահը, երբ հատում է սահմանը, նրան թույլատրում է Ռուսաստանի սահմանապահ ուժը: Երկրորդը` ԱՊՀ և հետխորհրդային տարածք. մենք ամբողջությամբ դեռ չենք պոկվել Խորհրդային Միությունից, որովհետև հետխորհրդային տարածքում Ռուսաստանը համառորեն պնդում է իր արտոնյալ իրավունքները:

Դրա ապացույցն է, օրինակ, Ռիժկովի հայտարարությունը, կիսելյովների, միհրանյանների, կուրղինյանների հայտարարությունները: Այդ էմիսարները մեզ ասում են` ով է Հայաստանի իսկական տերը: Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կախված է Ռուսաստանի տնտեսությունից, Հայաստանի տնտեսական ձախողումներից որևէ մեկը պատահական չի, դա պլանավորված քաղաքականություն է. ըստ կայսրության ծրագրի` հայկական պետությունը պետք է խեղճ լինի: Ռազմականը, քաղաքականը, տնտեսականն ամբողջությամբ ինքնիշխանության բացակայության պատճառն են:

Իհա՛րկե, կա ներքին կառավարման, ոչ կոմպետենտ իշխանության խնդիրը, բայց տեղի իշխանությունը նույնպես ձևավորվում է կայսրության կողմից: Այս ուղերձը պետք է հղել ժողովրդին: Մեր ժողովուրդը հասկանում է, որ այս պահին վեր կենալը և գերհզոր Եվրասիական կայսրության դեմ պայքար սկսելը կարող է անիմաստ լինել:
Իսկ Եվրամիության հետ համագործակցության ծրագիրը, ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը, ԱՄՆ-ի հովանավորչական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նաև Մինսկի խումբը, Հայաստանի այլընտրանքն են, այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը հավասարակշռելու հնարավորություն:

Հիմա Ռուսաստանը ինչ ուզի` չի կարող անել, հիմա նա ձգտում է մենիշխանության Հայաստանում` դուրս մղելով Եվրոպային և ԱՄՆ-ին իր «Տայգայից», որտեղ ինքն է տերը: Իսկ մեր դաշնակիցները (չեմ ասում` մեր «պապաները»), որոնք Ռուսաստանի բնական մրցակիցներն են, պահպանում են հավասարակշռությունը: Հակառակ դեպքում, ըստ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի, Հայաստանում պետք է չլիներ հայկական պետություն: Դա պետք է լիներ ազգային, մշակութային ռեզերվացիա: Այդպես է թելադրում Ռուս-թուրքական պայմանագիրը:

– Որից, ի դեպ, մինչ օրս ոչ ոք չի հրաժարվել:

– Ոչ միայն չեն հրաժարվել, այլև թարմացրել են. վերջերս վեկտորը փոխվում է, այսինքն` ուժեղանում է: Ռուս-թուրքական դաշինքը սերտացման միտում ունի` անկախ նրանց մեջ եղած տարաձայնություններից: Եվ շատ հնարավոր է, որ դա նորից լինի Հայաստանի հաշվին:

– Դուք համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, ովքեր դեմ են Եվրասիական միությանը:

– Հիմա շատ մոդա է «ջղաձգումների», «մարգինալների» մասին խոսելը, բայց իրականում դա շատ նորմալ է, որովհետև, եթե դա զանգվածային ելույթ է, այն ճիշտ ժամանակ ունի: Ֆալշ-ստարտ կլինի, եթե ելույթը լինի ժամանակավրեպ: Ես կասկածում եմ, որ մենք գործ ունենք բավական վայրի բնազդներով ղեկավարվող մի ուժի հետ: Մենք դա զգում ենք, որ վայրի է, անողոք:

Դրա համար ժողովուրդն այդ խնդիրը թողնում է իր առաջամարտիկներին, այսինքն` պասիոներ ուժերը պայքարի հայտ են ներկայացնում: Այսինքն` կիսելյովների դեմ մենք ուղարկում ենք մեր հակակիսելյովներին: Եվ եթե ուշադրություն եք դարձրել, բավական լուրջ հակազդեցություն կա այդ «երկու-երեք տասնյակ անհատների» դեմ, նրանց դեմ աշխատում է հսկայական ապարատ:

Ռուսական կայսրությունը, կարծես, իր քարոզչական մեքենան գործադրել է այդ 20-30 հոգուն համոզելու համար, որովհետև նրանք գիտեն, որ 30-ը չէ, 3 միլիոն է: Նրանք գիտեն, որ դա միայն երևացող մասն է, և իրականում 3 միլիոնի դեմ են պայքարում: Այս 3 միլիոնը սպասում է իր ժամին: Սա ես համարում եմ շատ նորմալ, շատ բնական: Նրանք ոտքի կկանգնեն ճիշտ ժամանակին, երբ կհայտարարվի «զորակոչը», երբ սահմանը կանցնի հակառակորդը:

Նրանք կգան, որովհետև դեռ չի հեռացել այն սերունդը, որը 1980-90-ական թթ. պայքարում էր անկախության համար: Ժողովուրդն այսօր չի ուզում պարտվել: 20-30 հոգին կարող են գնալ անձնազոհության. մարդիկ պատրաստ են գրավ դնել իրենց ազատությունը, հաջողությունը: Իսկ ժողովուրդը չի կարող իր կյանքը, ազատությունը գրավ դնել, նա չի կարող գնալ արկածախնդրության: Ժողովուրդը կգա այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ հաղթելու հնարավորություն կա, և ակնհայտորեն վտանգված է իր ինքնությունը և գոյությունը: Այն, ինչ այժմ մենք ենք անում, հաղթանակ չի, բողոքի ակցիա է, ըմբոստություն: Սրանք սահմանային մարտեր են: Այդ իմաստով` մենք հենց ժողովուրդն ենք, ժողովրդի ներկայացուցիչները: Դա ժողովրդի փոքր, հավաքական իղձն է:

– Դուք ասում եք, որ Եռյակը հպատակություն է հայտնում Մոսկվային: Բայց ի՞նչ կարող է Եռյակն առաջարկել Մոսկվային` վերջինիս աջակցության դիմաց:

– ՀՀԿ-ն իր քաղաքականությունը սկսել է կոմպլեմենտարիզմով: Դա ինչ-որ ձևով նշանակում է` «և՛-և՛», համատեղության ծրագիր: Եվ նրանք շարունակում են այդ ծրագրի ուղեգիծը: Դրանից միանգամից հրաժարվելն անհեթեթ կլիներ, և եթե նույնիսկ նրանք արդեն փոխել են իրենց ներքին համոզմունքը` և՛ Եվրասիա-Ռուսաստան, և՛ Եվրոպա-Արևմուտք, տեխնիկապես անհնար է դրա մասին հայտարարելը. դա կլինի աղետ: Սերժ Սարգսյանը շարունակում է հետևողականորեն տանել «և՛-և՛»-ի քաղաքականությունը: Իսկ Եռյակը գնում է մի տարբերակով` միայն դեպի Արևելք-Եվրասիա:

– Դրա պատճառն Արևմուտքից հիասթափվե՞լն է:

– Այո՛, ասում են, որ հիասթափված են, և նաև ասում են, որ «նրանք մեզ լքել են»: Նրանք ասում են` ճիշտ է, Եվրասիան լավը չէ, ժողովրդավարական չէ, բայց գոնե նրանք մեզ չեն լքում, ուրեմն կարող ենք ծառայել խանությանը` ընդհատակյա մնալով ժողովրդավարներ: Իմ կոպիտ արտահայտվելու պատճառն այն է, որ նրանք նույնիսկ «և՛-և՛»-ն են մերժում: Եթե ՀՀԿ-ն խոսքով ասում է` Եվրամիություն, բայց գործով գնում է դեպի Եվրասիական միություն, ապա Եռյակի խոսքն իսկապես գործ է. նրանք 100 տոկոսով եվրասիացի են:

– Մոսկվան անհրաժեշտության դեպքում կաջակցի՞ Եռյակին:

– Մոսկվան որևէ մեկին չի աջակցելու, որովհետև ինքն ում ուզում է` նրան էլ կնշանակի: Այստեղ այլ ցուցանիշեր են պետք: Եռյակի մեջ և՛ Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունն» անկախականներ են, նախկին անկախականներ են: Նրանց ուրանալը ռուսներին չի համոզում: Ռուսները համարում են, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» խանության կողմնակիցներ չեն, նրանք անկախականներ են, պարզապես հիմա, իմ կարծիքով, առերես ուրանում են իրենց հայրենասիրությունը` իշխանություն ձեռք բերելու համար: Ռուսները դրան չեն հավատում: Ես ինքս էլ չեմ հավատում, որ նրանք դարձել են խանականներ:

– Իսկ եթե Ռուսաստանին բացատրեն, որ Եռյակում «Բարգավաճ Հայաստանն» է առանցքայինը, այդ դեպքո՞ւմ էլ իրավիճակը չի փոխվում:

– Ռուսաստանն ունի Յանուկովիչի փորձը և Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանում լինի այնպիսի էլիտա, որն ընդունելի է Հայաստանի հասարակության համար, այսինքն` նրանք պետք է իրենց կենսագրությամբ, իրենց անցյալով` անպայման ընդունելի, համակրելի լինեն: Իսկ «Բարգավաճ Հայաստանն» իր անցյալով, իր կենսագրությամբ` ժամանակավրեպ է. նա կենսագրություն չունի, նրա կենսագրությունը բացասական է:

Ռուսներն ինչի՞ պետք է նրանց վստահեն: Եթե վստահեին, սուս ու փուս իշխանությունը կհանձնեին «Բարգավաճ Հայաստանին». մի գիշերվա մեջ ՀՀԿ-ի պատգամավորները կհայտարարեին, որ իրենք անցնում են «Բարգավաճ Հայաստանի» կողմը:

Բրիգադիրը վեր կկենար ու կասեր` աջ դարձ, քայլով մարշ` դեպի «Բարգավաճ Հայաստան»: Այդպես եղավ 1997 թվականին, երբ վարձկան ՀՀՇ-ականները և համակիրները մի հրամանով անցան «Երկրապահ» կոչվող խումբ, և իշխանափոխությունը տեղի ունեցավ անմիջապես: Այսպիսով, տեղի ունեցավ «էվոլյուցիոն» իշխանափոխություն, որին հաջորդեց Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

Մենք ասում ենք` դա առնետավազք էր, բայց դա առնետավազք չէր, դա կարգապահություն էր: Հիմա էլ ՀՀԿ-ում, այսպես ասած, ոչ ուղղափառ հանրապետականները քիչ են, և եթե «դաբրոն» կա, ՀՀԿ-ի հրավիրյալները` լեգեոներները, կանցնեն ծառայության «Բարգավաճին», և «էվոլյուցիոն» իշխանափոխությունը տեղի կունենա, եթե, իհարկե, Ռուսաստանը ցանկանա դա: Եվ միտինգը, ավտոբուսը, ծաղրուծանակը այլևս չեն լինի:

Եվ կա երկրորդ` «ռևոլյուցիոն» տարբերակը. ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամավորները հանձնում են իրենց մանդատները, կազմալուծում են ԱԺ աշխատանքը, առաջանում է իշխանության ճգնաժամ, և հայտարարվում են նոր ընտրություններ: Սա էլ կլինի այն դեպքում, եթե ունեն հրահանգ:

Տեսանյութեր

Լրահոս