«Փող մի հնչեցրու քո առջև». «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց «ավանդական» հարցը՝ «իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար»: Հենց որ որեւէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլեւս կոպեկի գին չունեն: Որովհետեւ իրականում արվում էր ոչ թե «ժողովրդի հմար», այլ դրա մասին ասելու նպատակով: Դա նման է այն դեպքին, որն «Առավոտի» էջերում նկարագրել է ազգագրագետ Արմեն Պետրոսյանը. հայը գնում է սիրուհու մոտ (որին շատ ավելի կոպիտ բառով է անվանում) ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կնոջը եւ շատ է ուզում նրան տեսնել, այլ բոլորովին ուրիշ նկատառումով՝ որպեսզի դրա մասին այնուհետեւ գլուխ գովի իր «ախպերության» մեջ:
Դա տեղավորվում է իր շրջապատի գեղեցիկ, արժանի կյանքի մասին պատկերացումների շրջանակում: Նույնը, այսպես կոչված, «բարեգործությունը»: «Մեծ բարերարը» կարող է 1000 դոլար ծախսել, ասենք, դպրոցին համակարգիչ նվիրելու համար եւ հետո 10.000 դոլար՝ այդ քայլը գովազդելու վրա: Հետեւաբար, ինքը՝ արարքը, այնքան էլ կարեւոր չէ, որքան այն «թատերական էֆեկտը», որը նրանից ակնկալվում է ստանալ: Նման մոտեցումն, իհարկե, նոր չէ՝ դարերի պատմություն ունի: «Երբ ողորմություն անես, փող (շեփոր- Ա. Ա.) մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառաբանվեն մարդկանցից»: Եթե դրա մասին գրվում է Մատթեոսի ավետարանում, ուրեմն խնդիրը գոյություն ունի առնվազն 21 դար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում: