«Բյուջեում ընդամենը մի քանի դոլար ավելացնելը չի փոխում իրավիճակը». Գագիկ Մակարյան
«Տպավորություն կա, որ 2015թ. բյուջեն ավելի սոցիալական ուղղվածություն ունի: Սոցիալական ուղղվածությունն իր ծրագրերով որոշակիորեն խթանելու, պաշտպանելու կամ ինչ-որ նպաստներ տրամադրելու առումով համարում եմ տրամաբանական, բայց ներկայիս բյուջեի մեջ էական անդրադարձ չկա վերջին փոփոխություններին՝ կախված Ուկրաինայի տնտեսությունից, Ռուսաստանի, ինչպես նաև Մաքսային միությունից:
Այսինքն՝ կարծես թե ռիսկերը բաց են թողնվել, կարծես թե ռիսկեր չենք տեսնում և ռիսկերի կառավարում չեն դրել ընդհանուր կոնցեպցիայի մեջ՝ չնայած իրականում դա գոյություն ունի»,- այսօրվա ասուլիսում այս տեսակետը հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի արտադրողներն արդեն ունեն լուրջ խնդիրներ. «Այսօր էլ եմ զրուցել մի քանիսի հետ, և Ռուսաստանի շուկան նրանց համար աստիճանաբար դառնում է անկանխատեսելի, որոշ ընկերություններ առաքումները կատարել են, բայց գումարները չեն կարողանում ստանալ կամ էլ ստանում եմ ռուբլիով, որը նրանց չի բավարարում ինֆլացիայի պատճառով»:
Տնտեսության վատթարացումը Ռուսաստանում, ըստ Գ. Մակարյանի՝ կբերի մի քանի էական խնդիրների, որոնք կազդեն նաև մեր ընդհանուր տնտեսության վրա: Առաջինը՝ աշխատուժի մի մասի վերադարձ, այսինքն՝ գործազրկությունը Ռուսաստանում կարող է ավելանալ, երկրորդ՝ տրանսպորտների պակասելը, երրորդ՝ ընկերությունների գնողունակության անկումը, որը կազդի մեր արտահանման վրա դեպի Ռուսաստան.
«Այստեղ կարող ենք ունենալ ռիսկեր, քանի որ այս հարցն արդեն առաջացել է: Ես ձեզ ասեմ նաև, որ Ռուսաստանը տարօրինակ վիճակում է հայտնվել, քանի որ ռուբլու ինֆլացիան պիտի խթաներ Ռուսաստանից արտահանումը դեպի այլ երկրներ, բայց քանի որ Ռուսաստանն ինքն արտահանելու շատ բան չունի՝ բացի իր բնական պաշարներից, այստեղ էլ առանձնապես չի շահում»:
Ըստ Գ. Մակարյանի՝ սոցիալականը կարևոր է, բայց դրանից առաջ կարևոր է տնտեսությունը. չէ՞ որ բոլոր գումարներն առաջանում են տնտեսությունից.
«Եթե տնտեսության զարգացումը թույլ է, եթե տնտեսական ռեֆորմները մենք ուժեղ չկիրառենք, մենք կարող ենք ռիսկի տակ դնել նաև մեր սոցիալական ծրագրերի իրագործումը: Իսկ եթե նայենք գումարային առումով, ապա շատ մեծ տարբերություններ չկան՝ նախորդ տարվա բյուջեի հետ համեմատ: Ընդամենը մի քանի միլիոն դոլար ավելացնելը չի փոխում իրավիճակը այդ թվում նաև կրթության բնագավառում, քանի որ կրթական բյուջեն մնում է բավականին անբավարար»:
Պետական բյուջեի նախագծման գործընթացում Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ակտիվ ներգրավված լինի՝ ըստ Գագիկ Մակարյանի, բայց նրանք, չգիտես ինչու, չեն լսում այդ կոչերը. «Ստացվում է՝ Ֆինանսների նախարարությունն է մի ձեռքով հավաքում, մյուս ձեռքով ծախսում: Տրադիցիոն այդ մոդելը, կարծում եմ, վերանայման կարիք ունի: Էկոնոմիկ տնտեսական ռեֆորմները պետք է ավելի խթանել»: