Զարուհի Փոստանջյան. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միտումնավոր կերպով տապալել է օրինագծի քննարկումը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միտումնավոր կերպով տապալել է հոկտեմբերի 2-ին` Ստեփանակերտում տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով` հանձնաժողովի անդամները խախտել են ԱԺ կանոնակարգ օրենքը` որոշում կայացնելով անցկացնել դռնփակ նիստ և չթույլատրելով քննարկմանը մասնակցել ու իրենց կարծիքը հայտնել Արցախի ներկայացուցիչներին, մասնավորապես` Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանին.

«Նիստի օրակարգը դեռ չհաստատած` պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կողմից բանավոր դիմում ներկայացվեց, որպեսզի տվյալ նիստն անցկացվի դռնփակ, և հրավիրված անձինք` լրագրողներ, Արցախի ներկայացուցիչներ, դուրս գան: Եվ, փաստորեն, հանձնաժողովը, խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, առանց նիստի օրակարգը հաստատելու միանգամից անցավ այդ հարցի քննարկմանը և որոշեց նիստ անցկացնել դռնփակ: Մինչդեռ դռնփակ նիստեր անցկացնելու համար կա միայն օրենքով սահմանված կարգ, դրանք մի քանիսն են, որոնց թվում պարոն Արզումանյանի հիմնավորումը` սուր հարց է, պիտի քննարկենք, իհարկե, օրենքով նախատեսված չէ,- հայտարարեց Փոստանջյանը:

Նա նաև ավելացրեց` եթե պետք է տեղի ունենար արտագնա նիստ, որտեղ պետք քննարկվեր իր կողմից ներկայացված նախագիծը, և հրավիրված անձինք հնարավորություն չպետք է ունենային մասնակցելու, ապա այդ նիստը հատուկ նպատակ է ունեցել:

Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագծի կետերով նախատեսվում է`
1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի` սահմանապահ, մաքսային և այլն, տեղակայումը:
3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:
4. Բացառել ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Փոստանջյանն այսպիսի օրինագծի ներկայացումը բացատրում է հետևյալով. Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական ներկայիս հակադրության պայմաններում և հաշվի առնելով, իր բնորոշմամբ, Հայաստանի բռնակցումը Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանը պետք է ունենա այսպիսի փաստաթուղթ նշվածը ամենը երաշխավորելու մասին.

«Մեր երկու պետությունները առանց միմյանց չենք կարող գոյատևել և լինել անվտանգ տարածաշրջանում: Մենք, լինելով ճանաչված պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ, ունենք այս հնարավորությունը ուժ տալ Արցախի Հանրապետությանը, իրեն դարձնել միջազգային իրավունքի սուբյեկտ, և ՀՀ իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենա Արցախի անունից հայտարարություններ անել կամ մասնակցել այս կամ այն գործընթացի, որը չի բխում մեր ընդհանուր ազգային շահերից»:

Փոստանջյանի փոխանցմամբ` օրինագիծն այդ օրը դրվել է քվեարկության, որի ժամանակ Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկել, իսկ մյուս անդամներն ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը, այդպիսով նախագիծը դրական եզրակացություն չի ստացել: Իսկ նիստը դռնփակ անցկացնելուն դեմ է քվեարկել միայն պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս