
Քննարկվել են ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:
Վարչապետը նշել է, որ ՏՀՏ բնագավառը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ և այն գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:
Այդ համատեքստում խորհրդակցության մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է հանրակրթական մասնագիտացված դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ, վերազինել դպրոցների լաբորատորիաները բարձրակարգ սարքավորումներով, վերապատրաստել ուսուցիչներին և այլն: Ըստ ծրագրի նախաձեռնողների, դա կնպաստի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և ՏՀՏ բնագավառը որակյալ կադրերով համալրելուն: Այդ նպատակով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնլ իրականացնել կապիտալ ներդրումներ:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը: