
Իրանը նախնականորեն համաձայնվել է ուրանի իր պաշարների մի մասն ուղարկել Ռուսաստան. մամուլ

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Իրանը նախնական համաձայնություն է տվել ուրանի իր պաշարների մի մասը Ռուսաստան ուղարկելուն՝ «Բուշեհրի» ատոմակայանի համար հետագայում միջուկային վառելանյութ պատրաստելու նպատակով:
Դա կարող է տեղի ունենալ Արևմուտքի հետ առավել լայն միջուկային գործարքի ստորագրման դեպքում: Թերթն այս հարցում վկայակոչում է բանակցություններին մասնակցող դիվանագետներին ու պաշտոնատար անձանց: Նրանց խոսքերով՝ ներկայումս կարելի է խոսել բանակցություններում զգալի առաջընթացի մասին, որոնք երկար ժամանակ գտնվել են փակուղում:
Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նոր փուլը Վիեննայում մեկնարկելու է նոյեմբերի 18-ին: Իրանի միջուկային ծրագրի հարցում կողմերը պայմանավորվել են համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև նոյեմբերի 24-ը: Որոշակի տվյալներով ներկա դրությամբ փաստաթուղթը համաձայնեցված է 95 տոկոսով: