Վճռաբեկ դատարանի նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների, իր հնարավոր հրաժարականի մասին
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը նախատեսում է երկաստիճան դատական համակարգի անցնելու դրույթ: Լրագրողներն այսօր ՀՀ վճռեաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է նա վերաբերում այդ փոփոխություններին:
«Այսօր Հանրապետության դատական համակարգը բաղկացած է եռաստիճան, չէ՞ դատական համակարգ է… Յուրաքանչյուր ատյան կառուցված է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա, այսինքն՝ յուրաքանչյուր ատյան ունի իր առաքելությունը: Առաջին ատյանի դատարանները, գիտեք, բոլոր քաղաքացիական, քրեական, այն էլ մասնագիտացված հիմքով, վարչական գործերը քննող դատարաններ են: Նրանց կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններում քննում են նույնպես մասնագիտացված վերաքննիչ դատարանները, չէ՞:
Կա քաղաքացիական վերաքննիչ, քրեական վերաքննիչ, վարչական վերաքննիչ: Այս երկու ատյանները պարտադիր ատյաններ են, որովհետև մեկն, ըստ էության, դատական ակտ կայացրեց, մյուսը ստուգեց այդ դատական ակտի օրինականությունը և հիմնավորածությունը վերաքննիչ բողոքի հիմքերի սահմանում:
Վճռաբեկ դատարանը դա այն ատյանն է, երկրի սահմանադրությամբ սահմանված է՝ բարձրագույն դատական ատյանը, որն ունի իր հստակ սահմանդրական առաքելությունը:
Վճռաբեկ դատարանը ոչ միայն արդարադատություն է իրականացնում, այլ այդ արդարադատության իրականցնելու միջոցով պետք է նպաստի օրենքի միատեսակ կիրառությանը, միասնական դատական պրակտիկա ստեղծի:
Այսօրվա մեր շնորհանդեսը հենց միասնական դատական պրակտիկայի և օրենքի միատեսակ կիրառությանն է նվիրված, չէ՞, պետք է զբաղվի իրավունքի գերակայությամբ, իրավունքի զարգացմամբ: Դա առաքելությունն է վճռաբեկ դատարանի: Եթե մնացած բոլոր դատարանները միմիայն արդարադատություն են իրականացնում, վճռաբեկ դատարանը, բացի արդարադատություն իրականացնելուց, իսկ ավելի ճիշտ արդարադատություն իրականցնելու միջոցով, նպաստում է միասնական դատական պրակտիկային, իրավունքի զարգացմանը, միատեսակ դատական պրակտիկային, օրենքի միատեսակ կիրառությանը: Հիմա այս երեք ատյանները յուրաքանչյուրը, նշեցի, իր առաքելությունն ունի:
Որ անցնենք երկաստիճանի, այդ առաքելությունները կամ պետք է… ո՞ր ատյանին պետք է փոխանցենք, ասենք: Լսեցիք երևի պարոն Խունդկարյանի ելույթից. անցյալ տարի շուրջ 3 հազար վճռաբեկ բողոք էր եկել, չէ՞: Պատկերացրեք, այդ բողոքների 6-7 տոկոսն են վարույթ ընդունվում և ըստ էության որոշում կայացվում: Եթե ամբողջ 3 հազարը վարույթ ընդունենք, բնականաբար այսպիսի ժողովածու հրատարակելու հնարավորություն չենք ունենա»,- ի պատասխան ասաց Արման Մկրտումյանը:
Լրագրողների հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված մամուլում պարբերաբար շրջանառվող իր հրաժարականի մասին լուրերը, վճռաբեկ դատարանի նախագահը պատասխանեց, թե շուրջ 7 տարի է՝ վճռաբեկ դատարանի նախագահն է, և տարին մեկ կամ մի քանի անգամ լսում է իր հրաժարակի մասին լուրերը. «Գիտեք՝ մեր գործն ընդհանրապես արդարադատություն իրականացնելն է: Ոչ թե անդրադարձ պետք է լինի մամուլի այդ հրապարակումներին կամ այս կամ այն բամբասանքներին, այլ մեր գործն այն է, ինչ տեսնում եք (մատնացույց է անում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով որոշումների, միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ որոշումների ընտրանիները): Մենք ամբողջ օրը զբաղված ենք այդ նախադեպային իրավունքի մշակմամբ, և այդ բանբասնանքերին, խոսակցություններին ուշադրություն չենք դարձնում»:
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում: