
«2018 թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» ֆորումի մեկնարկը տրված է

Հոկտեմբերի 31-ին Դիլիջանում մեկնարկեց ամենամյա Բիզնես ինովացիոն երկրորդ ֆորումը։ Ֆորումի նշանաբանն է «2018 թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում»։ Ֆորումի նպատակն է ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքում ձեւավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործուղությունները։
Ֆորումին ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, որ ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը եւ հնարավոր է Հայաստանում կիրառել բազմաթիվ հեռակարային ծրագրեր՝ ուղղված ինովացիոն համակարգին։ «Ֆորումը հիմք է ստեղծում պետական եւ մասնավոր հատվածի միջեւ երկխոսության համար։ Մաղթում եմ, որ ֆորումում արդյունավետ կերպով քննարկվեն ոլորտում առկա խնդիրները եւ մարտահրավերները», – նշեց վարչապետը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ֆորումում քննարկվող խնդիրներից մեկը վերաբերելու է կրթությանը։ «Մեզ մոտ կրթական համակարգի հանդեպ սխալ մտածելակերպ է ձեւավորված՝ փող տանք, որ երեխան չսովորի, փող տանք, որ ձեւական դիպլոմ ունենա»։ Կարեն Վարդանյանը նաեւ նշեց, որ ՏՏ ոլորտ, ֆիզիկա ուսանած շատ տաղանդավոր ուսանողներ ի վերջո գնում եւ դառնում են հաշվապահ։