
Օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն: Ընդ որում, ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները կարող են կիրառվել միայն հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոններ) էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար: Ֆինանսների նախարարության հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար Արթուր Վարդանյանի խոսքով` փոփոխությունը հնարավորություն կտա անհայտ գնորդներին առաքումներ իրականացնելիս կամ ծառայություններ մատուցելիս տվյալ ՀԴՄ-ի միջոցով հենց տեղում դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր կամ հարկային հաշիվներ, ինչը բավականին կհեշտացնի նրանց աշխատանքը և կխնայի ժամանակ. «Նախկինում հաշվարկային փաստաթուղթ և հարկային հաշիվ դուրս գրելու նպատակով առաքիչը պարտավոր էր հաշվապահությունում տեղեկացնել գնորդի տվյալները և հետո նոր միայն իրականացնել գործարքը»:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին