Բաժիններ՝

Չեչնիայի նախագահի հայտարարություններն, ըստ էության՝ քարոզչական բնույթի են. արաբագետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ղեկավարում են արևմտյան հատուկ ծառայությունները. «Ես կխնդրեի, որպեսզի նրանց չանվանեին իսլամական պետություն։ Դրանք շայթաններ (սատանա) են, որոնց նպատակը շատ գումար վաստակելն է։ Նրանք կատարում են Արևմուտքի հանձնարարությունները և նպատակաուղղված սպանում են մուսուլմաններին»,- ասել էր նա։

168.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է իրատեսական նման հայտարարությունը, արդյո՞ք Արևմտյան հատուկ ծառայություններն են օժանդակում ԻՊ զինյալներին: Նրա կարծիքով` Չեչնիայի նախագահի հայտարարություններն, ըստ էության՝ քարոզչական բնույթի են: «Կոնկրետ ԻՊ-ի դեպքում, պնդել, որ այն ղեկավարվում է որևէ պետության հատուկ ծառայությունների կողմից, որևէ փաստական հիմքեր չկան: Ինչ խոսք, կառույցի շարքերում միանշանակ կան ամերիկյան, եվրոպական երկրների, թուրքական, սիրիական հատուկ ծառայությունների աշխատակիցներ և գուցե նրանք որոշ մակարդակնորում ազդում են որոշումների կայացման գործընթացի վրա, մինչդեռ ուղղակի կառավարման մասին պնդելն անհիմն է»,- ասաց նա:

Ռամզան Կադիրովը նաև ասել էր, որ կարելի է անջատել համացանցը, որպեսզի երիտասարդությունը չընկնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ. «Ես կողմ եմ համացանցի անջատմանը միայն նրա համար, որ երիտասարդությունը հեռու մնա «կեղծ գաղափարախոսներից», թեև երազել եմ, որ հանրապետությունում, ինչպես և մյուս շրջաններում, զարգանա գլոբալ ցանցը»,- նշել էր նա:

Այս հայտարարության հետ կապված մեր հարցերին՝ համացանցո՞վ են միայն տարածվում ԻՊ գաղափարները, թե՞ այլ միջոցներ էլ են կիրառվում, Կադիրովի առաջարկածը որքանո՞վ կդադարեցնի նրանց կոչերի տարածումը, արաբագետ Արմեն Պետրոսյանը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է իսլամական ծայրահեղ արմատական գաղափարների տարածման միջոցներին, ապա, անշուշտ, առաջնային տեղում է համացանցը, մինչդեռ, բացի դրանից, հեռուստատեսությունները ևս լրատվական ծրագրերում անդրադառնալով կառույցի գործունեությանն, անուղղակիորեն նրա քարոզչությամբ են զբաղվում, ինչին էլ ձգտում է ԻՊ-ն նման բնույթի գործունեություն ծավալելով: Քարոզչություն իրականացնելու մյուս եղանակը կենդանի շփումների և հավաքագրման գործընթացն է, որն էլ ծավալվում է տարբեր երկրներում կազմակերպության բջիջների գործունեության միջոցով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս