Լուրջ առաջընթաց չի լինի, քանի դեռ ԼՂՀ-ն չի միացել բանակցային գործընթացին

Հոկտեմբերի 27-ին Փարիզի Ելիսեյան պալատում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը:

Սա օգոստոսյան սահմանային բախումներից հետո եռակողմ ձևաչափով երրորդ հանդիպումն է. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին օգոստոսի 9-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ապա սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքում կայացել էր նախագահների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Իսկ ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից, այն կարո՞ղ է խթանել առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, թե՞ զուտ արարողակարգային, ձևական բնույթ կկրի:

Անդրադառնալով մեր այս հարցին` Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը շեշտեց, որ բանակցային գործընթացում չի կարող լուրջ առաջընթաց լինել, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցում այդ գործընթացին: «Ես հարցի լուծման առումով չունեմ որևէ ակնկալիք այն հանդիպումներից, որտեղ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը, լինի դա նախագահների, արտգործնախարարների, թե, ասենք, տարածաշրջանային պատասխանատուների մակարդակով հանդիպում:

Լավ է, որ հանդիպում են, որքան շատ հանդիպեն, այնքան քիչ կրակոց կարձակվի սահմանի վրա, թող հանդիպեն ամեն օր, հարցեր քննարկեն, և այլն, և այլն: Այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց ակնկալիքս կձևավորվի միայն այն ժամանակ, երբ և՛ Մինսկի խմբի համանախագահները, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները ԼՂՀ ներկայացուցչին պաշտոնապես հրավիրեն միանալու բանակցային գործընթացին: Այդ ժամանակ նոր կարելի է խոսել լուրջ ակնկալիքների մասին»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը:

Կարդացեք նաև

Փարիզյան հանդիպումից լուրջ սպասումներ չունի նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանը սխալ է մեկնաբանում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Մեզ հետ զրույցում Նիկոյանն ասաց. «Մինչ օրս Ադրբեջանը լրիվ այլ կերպ է հասկանում և փորձում մեկնաբանել միջազգային հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքը, քան միջազգային կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները, համանախագահող երկրների ղեկավարները և այլն: Քանի դեռ Ադրբեջանը սխալ է հասկանում ազգերի ինքնորոշման սկզբունքը, կասկածում եմ, որ լուրջ առաջընթաց կլինի: Բայց ամեն դեպքում ցանկացած հանդիպում համարում եմ օգտակար և դրական` անկախ վերջնական արդյունքից: Շատ ավելի լավ են բանակցությունները, քան սահմանային միջադեպերը և պատերազմը»:

Ավելացնենք, որ այս շաբաթ փարիզյան հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` նշելով, որ հանդիպման նպատակը բանակցային գործընթացին նոր լիցք հաղորդելն է:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Ֆրանս պրես» գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եռակողմ հանդիպումից բացի, նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Չի բացառվում նաև Սարգսյան-Ալիև առանձին հանդիպման հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս