«Ենթադրվում է, որ Հանրապետականը «Բարգավաճ Հայաստանին» կհրի դեպի ընդդիմություն»
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որը ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին, խոսվում է երկբևեռ քաղաքական համակարգի մասին: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում, և որո՞նք են լինելու այդ
երկու բևեռները:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկբևեռ քաղաքական համակարգի լավագույն օրինակն ԱՄՆ-ի քաղաքական համակարգն է. «ԱՄՆ-ում կան մի քանի կուսակցություններ, սակայն իրականում քաղաքական դաշտում ազդեցիկ են երկուսը` հանրապետականներն ու դեմոկրատները, և երբ մեկը գալիս է իշխանության, մյուսն է իշխանությանը քննադատում, երբ ընդդիմությունն է գալիս իշխանության գլուխ, ապա քննադատվում է այն ուժը, որը երեկ ընդդիմություն էր: Երկբևեռ, բայց ավելի շատ կուսակցական բաղկացուցիչով, կարող ենք ասել` Գերմանիան, Ֆրանսիան են: Դա նորմալ քաղաքական համակարգ է, որը տարածված է Արևմտյան աշխարհում»: Մեր այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են լինել այդ իշխանության բևեռները, փորձագետն այսպես պատասխանեց.
«Դա քաղաքական գործընթացներն են ձևավորում: Այնպես չէ, որ դուք պլանավորեցիք` այդ 2 ուժերը պետք է լինեն բևեռները և անպայման այդ 2 ուժերը կլինեն բևեռները: Չենք կարող գուշակություն անել: Դա պետք է բնականոն ձևով ստեղծվի, եթե արհեստականորեն փորձեք ստեղծել, այդ արհեստականությունը շատ կարճ ժամանակահատվածում կդադարի գոյություն ունենալ: Այսինքն` չի կարելի դա պլանավորել և նախօրոք պլանավորված ձևով, խամաճիկային սկզբունքով իրականացնել»:
Մենք հետաքրքրվեցինք նաև` եթե լինեն 2 բևեռներ, մնացած ուժերի հետ ի՞նչ է լինելու:
Ա. Բադալյանն ասաց, որ եթե ամերիկյան տարբերակով լինի, մնացած ուժերն ընդհանրապես դերակատարություն չեն ունենալու, եթե եվրոպական կամ խորհրդարանական ձևով է քաղաքական այդ երկբևեռ համակարգը, ապա մյուս ուժերը դաշինք են կնքում հիմնական, ազդեցիկ ուժի հետ: «Այդ արևմտյան երկբևեռ քաղաքական համակարգին անցնելուց առաջ պարտադիր պետք է լինեն տնտեսական ազատ հարաբերություններ: Չես կարող մենաշնորհայինի դեպքում երկբևեռ քաղաքական համակարգ ձևավորել»,- նկատեց նա:
Հարցին` Հայաստանի պարագայում արդյունավետ կլինի՞ այդ համակարգը, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Եթե բոլոր այն պայմանները, որոնք Գերմանիայում և Ամերիկայում են, այստեղ լինեն, մինչև այդ համակարգին անցնելը լրատվամիջոցների ազատություն է պետք, անկախ դատական համակարգ է պետք, տնտեսական ազատ համակարգ է պետք, այդ համակարգերն իրենք կստեղծեն երկբևեռ քաղաքական համակարգ, եթե անգամ չուզենաս էլ, մեկ է` չես կարող, որովհետև այդ համակարգերի անկախությունն ինքնին դնում են այդ երկբևեռ համակարգը»:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` երկբևեռ քաղաքական համակարգի դեպքում հնարավորություն չի լինում ունենալ ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես այսօր ունենք: Ըստ նրա` եթե մեր երկրում այս համակարգը գործի, իշխանության այդ երկու բևեռներում կլինեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն. «Բնականաբար, Սահմանադրություն գրողը Հանրապետականն է, և ենթադրվում է, որ իշխանություն կլինի ինքը, ու եթե նայում ենք քիչ թե շատ հզոր ուժի, ենթադրվում է, որ «Բարգավաճ Հայաստանին» ինքը կհրի դեպի ընդդիմություն»: Ա. Ենոքյանի խոսքով` այն երկրները, որտեղ գործում է երկկուսակցական համակարգը, լավ են աշխատում, իսկ այստեղ պետք է դեռ փորձարկվի. «Համենայն դեպս, կարծում եմ` սա նշանակալից չափով կնպաստի նրան, որ կեղծ ընդդիմություն, կամ պրոիշխանական ընդդիմություններ, կամ ոչ իշխանական ուժեր չեն լինի Հայաստանում»:
Ըստ քաղաքագետի` մնացած քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն ու մտնեն այդ երկու բևեռներից որևէ մեկի մեջ. «Դժվար է ասել` դա լա՞վ է, թե՞ վատ: Եթե դա կարողանա լինել այնքան ուժեղ ընդդիմություն, որ համակշռի իշխանությանը, այսինքն` թույլ չտա, որ իշխանությունն օրենքներ խախտի, թույլ չտա, որ իշխանությունը չարաշահի իր ունեցածը, որ երկիրը թալանեն, այդ դեպքում լավ կլինի, բայց դժվար է ասել, որովհետև, ցավոք, Սահմանադրությունը գոնե մինչև հիմա այնպիսին է, որ անընդհատ խախտվում է»: