Միհրան Թոմասյան. «Մենք Թուրքիայի ժողովրդավարության համար պայքարողներ ենք»
Թուրքիայի ժամանակակից պարերի ամենահայտնի՝ «Բոբիկ ոտքեր» (իiplak Ayaklar) պարախմբի հիմնադիրը մեր հայրենակիցն է՝ պրոֆեսիոնալ պարող, պարուսույց Միհրան Թոմասյանը (Mihran Tomasyan): «Բոբիկ ոտքեր» պարախումբը եվրոպական մի շարք միջազգային փառատոների մասնակից և դափնեկիր է, և չնայած հիմնադրվել է Թուրքիայում, բայց պարբերաբար տարբեր երկրներից եկած պարողներով է համալրվում և միշտ շրջագայում է աշխարհով մեկ՝ ինչպես հիմնադիր Միհրան Թոմասյանն է ասում, ավելի շատ ազգերի ներկայացնելու այն քաղաքական պատգամները, որ տարբեր բեմադրությունների միջոցով փորձում է փոխանցել ինքը:
Միհրան Թոմասյանի պարային ոճը համարվել է հատկապես Թուրքիայում առկա քաղաքական հարցերը ներկայացնող արվեստի ժամանակակից ժանր, որի մեջ համադրվում են պարն ու քաղաքականությունը: Խմբի հիմնադիրը ծնվել է Թուրքիայում, սովորել է Ստամբուլի Միմար Սինան համալսարանում, ուսումը շարունակել է Փարիզում, այսօր ինքն է պարի բարձրագույն դասընթացներ վարում տարբեր համալսարաններում:
Մեր հայրենակցի հիմնած պարախումբը տարբեր տարիների ելույթներ է ունեցել նաև Հայաստանում, մասնակցել է Գյումրիի ավանգարդ արվեստի բիենալեին, երկու անգամ՝ «Հայֆեստին», մաստեր-կլասներ է անցկացրել Սերժ Ավետիքյանի նկարահանած ֆիլմերի դերասանական կազմի համար: Այս ամսվա սկզբին տեղի ունեցած «Հայֆեստ» փառատոնին «Բոբիկ ոտքեր» խումբը Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաքի ժամանակակից թատրոնի հետ միասին ներկայացրեց «Տոհմածառ» պարային մոդեռն ներկայացումը: «168 Ժամը» զրուցեց օրեր առաջ Երևանում գտնվող Միհրան Թոմասյանի հետ:
– Հնարավո՞ր է՝ Թուրքիայում ժամանակակից պարային արվեստի միջոցով դրամ վաստակել:
– Ես` իբրև պարող, սկզբնական շրջանում Թուրքիայում շատ փող չէի կարողանում վաստակել, բայց հինգ տարի եվրոպական տարբեր երկրներում պարեցի և վաստակեցի: Երբ Թուրքիա վերադարձա, ժամանակակից պարային խումբ չկար, հիմնեցի «Բոբիկ ոտքերը», որն այսօր առաջատար է և հոգում է իր ծախսերը: Ստուդիա ունենք, տարբեր ծրագրերի ենք մասնակցում, ես ինքս դասախոսությամբ եմ զբաղվում: Այսօր էլ կարող եմ գնալ Եվրոպա և շքեղ կյանք վարել: Բայց շքեղ կյանքն ընդհանրապես կարևոր չէ ինձ համար՝ լավ տունը, մեքենան այնքան անկարևոր բաներ են: Ինձ համար ամենակարևորն արվեստով ապրելը, նորություն ստեղծելն ու իմ շրջապատն ավելի լավը դարձնելն է: Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ ես անում: Ասում եմ՝ պարում եմ:
Ասում են՝ հասկացանք, իսկ հետո ի՞նչ ես անում: Ասում եմ՝ նորից եմ պարում և միշտ պիտի պարեմ, սա իմ կոչումն է: Կգիրանամ, կմեծանամ՝ կարևոր չէ ինձ համար: Ամեն մարդ ամեն տարիքի կարող է պարել: Նույնիսկ հաշմանդամները կարող են պարել, և շատ հետաքրքիր է, որ աշխարհում այդպիսի մարդկանցից կազմված պարախմբեր էլ կան: Ամեն տարիք և ամեն մարմին ունի իր պարային շարժումը:
– Ձեր պարախումբը Թուրքիայի երիտասարդության շրջանում հայտնի է ոչ միայն իր բեմական գործունեությամբ, այլև քաղաքական զանազան հարցերի մեջ ներգրավված լինելով: Դուք ակտիվիստական շարժման մեջ եք ուղղակի: Ինչպե՞ս են համադրվում այդ երկուսը՝ մոդեռն պարն ու քաղաքականությունը:
– Այսօր, երբ աշխարհն ընկղմված է զանազան քաղաքական հարցերի մեջ, մանավանդ Թուրքիայում՝ ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության և այլ հարցերի հետ կապված խնդիրներ կան, ինձ թվում է՝ արվեստագետը, որ այդ ամբողջը տեսնում է և դրա միջով է անցնում, չի կարող այլևս բեմի վրա արքայազնների և արքայադուստրերի մասին երազային ներկայացումներ խաղալ: Ժամանակակից արվեստագետն այսօրվա աշխարհի բաց նյարդի վրա է նստած: Ես իմ ներկայացումներում ուզում եմ լինել իրական, հավատ ներշնչող, փոփոխություն իրականացնող:
Պատահական չէ, որ մեր պարային բեմադրությունները հաճախ փողոցում՝ ցույցերի, երթերի ժամանակ ենք ներկայացնում, և անպայման ազդում են մարդկանց վրա: Իսկ այդ բեմադրությունները միայն պարեր չեն, նրանց մեջ կան խոսք, երաժշտություն, շարժում, որ իմ կարծիքով` նպատակին ծառայում է, որովհետև նախ` մենք ինքներս ենք հավատում մեր արածին: Իսկ երբ հավատում ես քո արածին, կարող ես դիմացինին էլ հավատացնել: Մի անգամ մենք պարում էինք, և ներկայացմանը նաև Թուրքիայի մշակույթի նախարարության մի պաշտոնյա էր ներկա, որ քաղաքական գործիչ էր: Այդ օրերին Մշակույթի նախարարությունը երկրից արտաքսել էր մի քուրդ երգչի, այդ առումով լարվածություն կար: Ես պարի ժամանակ ձեռնաշղթա նետեցի այդ քաղաքական գործչի վրա, ամեն ինչ այնքան հասկանալի էր, որ դահլիճը սկսեց ծափահարել:
Նա էլ իրեն չկորցրեց, ձեռնաշղթան վերցրեց և կողքի քուրդ պաշտոնյային փոխանցեց: Իսկ Հրանտ Դինքին նվիրված իմ պարային բեմադրությամբ բազմաթիվ երկրներում եմ եղել, բոլորն էլ հասկացել են, որ պարը նվիրված է ազատ խոսքին, և բոլոր տեղերում էլ ազդվել են, քանի որ բոլոր երկրներում էլ ազատ խոսքի համար լրագրողներ ու տարբեր մարդիկ են սպանվում: Մեր պարախմբում կան թուրք, քուրդ, հայ, գերմանացի, տարբեր ազգերի պարողներ, որոնց համար կարևոր հարցեր են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, խաղաղությունը, ազգային, կրոնական հանդուրժողականությունը: Թուրքիայում շատ համախոհներ ունեմ իմ արվեստում, բայց մենք բոլորս արդեն հասել ենք այն գիտակցությանը, որ միմյանց այլևս չենք տարբերակում` իբրև հայ, թուրք, քուրդ, ալևի: Մենք Թուրքիայի ժողովրդավարության համար պայքարողներ ենք: Իսկ երբ ժողովրդավար է Թուրքիան՝ ժողովրդավար է տարածաշրջանը:
– Այսինքն, հայ լինելը կարևո՞ր չէ Ձեզ համար:
– Կարևոր է և միաժամանակ` կարևոր չէ: Եթե անհրաժեշտ է՝ հայկական հարցերի մեջ եմ, եթե պետք է քրդերի իրավունքները պաշտպանել՝ ես այնտեղ եմ, եթե թուրքերը հարց ունեն, և ես իրավացի եմ գտնում այդ հարցը, կարող եմ բեմադրություն անել այդ թեմայով: Նույնը՝ իմ ընկերները. եթե ապրիլի 24-ին ձեռնարկ է լինում, իմ ընկերներն ինձնից առաջ են գնում: Հայ լինելն ինձ օգնել է շատ բան հասկանալ, մարդու իրավունքներին նայել այլ տեսանկյունից:
Ծնվել եմ ավանդական հայ ընտանիքում, որտեղ հայկական հարցերը լուրջ էին դրված, և այդ ամեն ինչն ինձ փոխել է, պատուհան է բացել դեպի աշխարհ: Երբ լիովին գիտես՝ ով ես դու, որտեղից ես գալիս, ուրեմն կարող ես հասկանալ և զգալ այլ ազգերի խնդիրներ ևս: Ես, չնայած խիստ մոդեռն ներկայացումներ եմ բեմադրում, երբեք չեմ կորցնում իմ մեջ եղած ավանդականը: Ինչքան էլ շենքը մոդեռն և զարմանալի կառուցես, միևնույն է՝ հիմք դնում ես, և դնում ես այն ձևով, ինչպես դարեր շարունակ բոլորն են դրել՝ շենք կառուցելու ժամանակ:
– Ի դեպ, ինչքանո՞վ ես վստահում թուրքերին և ինչպե՞ս ես վերաբերվում այն հայերին, որոնց համար թուրքը թշնամի է:
– Ես Էրդողանին և նրա խմբին չեմ վստահում: Էրդողանն այսօր մի բան է ասում, վաղը կարող է ուրիշ բան ասել: Նա մեզ կարող է կոտրել, նրան չպետք է հավատալ: Ես բոլոր այն երիտասարդներին եմ վստահում, որոնք նստում են Թաքսիմում: Մի հինգ տարի առաջ, երբ Թուրքիայում ցանվեց հանդուրժողականության սերմը, նրանք 500 հոգի էին, այսօր արդեն ապրիլին Թուրքիայի 2000 քաղաքացի է հավաքվում Թաքսիմում, որոնք հայ չեն, և այդ թիվը, կտեսնեք, գնալով շատանալու է: Այո, կան շատ հայեր, որոնց համար այսօրվա թուրքը մնում է թշնամի: Ի դեպ, միայն Թուրքիայից դուրս ապրող հայեր չեն դրանք: Հենց Ստամբուլում մեծ թվով հայեր կան, որոնք երբեք թուրք ընկերներ չեն ունեցել, այդ հարցը փակված է իրենց համար: Նրանք կարող են 4-5 տարի թուրքական համալսարան գնալ և ընդհանրապես թուրք ընկեր չունենալ: Այս մարդկանց կողքին էլ կան հազարավորները, որոնք թուրքերի հետ հարաբերություններ ունեն՝ առևտուր են անում, ամուսնանում են: Մենք, 100 տարի է՝ կռվում ենք և չենք ուզում երկխոսության գնալ:
Իսկ երկխոսություն պետք է, հատկապես նոր սերունդն այլևս չի կարող ավագների զենքերը վերցնել և կռվել թուրքի դեմ: Դպրոցներում սխալ տեղեկություններ են սերմանում միմյանց մասին, երկու կողմից շատ քչերը գիտեն ճշմարտությունը: Ես, օրինակ, անձամբ, մեկ հոգով, իմ արվեստով, իմ մտածողությամբ` 200-300 թուրքի մտածողություն եմ փոխել: Եթե ամեն մարդ այսպես մի քայլ անի, իշխանություններն արդեն ձեռքները վեր կպարզեն: Առայժմ Ցեղասպանության ճանաչման հարցում ես ոչ մի իշխանության հետ հույսեր չեմ կապում: Պարզ ժողովուրդն է, որ պիտի ճանաչի, և մարդիկ են, որ պիտի լուծեն հարցերը, իսկական ճանաչումը մարդկանց մտածողության մեջ պիտի լինի: Մենք Թուրքիայում ապրող 250 ընկեր-համախոհներով որոշել ենք և պատրաստ ենք մեր տներում 2015 թվականի ապրիլի 24-ին հյուրընկալել 250 հայ` տարբեր երկրներից: Ահա այսպիսի քայլ ենք անում՝ թող գան, հյուրանոցներ չգնան, մեր տներում մնան, մեզ հետ հաց ուտեն, աչք աչքի նայենք, իրար հասկանանք: