Ինչու չեն հրաժարվում մանդատներից

Երեկ խորհրդարանական եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները 44 պատգամավորական ստորագրություններ են հավաքել և խորհրդարանի քառօրյայի օրակարգ են մտցրել հայտարարության և որոշման նախագիծ: Հայտարարությունը վերաբերում է ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամին: Հայտարարության հեղինակները կառավարման ճգնաժամը բացատրում են կոռուպցիայով և մենաշնորհներով, աղքատության բարձր մակարդակով և արտագաղթով, ընտրական համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ և որպես դրա հետևանք` իշխանության լեգիտիմության կորստով և բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնց մասին խոսվում է անկախ Հայաստանի գոյության գրեթե ողջ ընթացքում:

Այն, որ իշխանությունների, կառավարիչների գործունեությունն այդ ամբողջ ժամանակահատվածում չի բավարարել հասարակության սպասելիքները, ակնհայտ է, և այդ իմաստով, իհարկե, կարելի է ստեղծված իրավիճակը բնորոշել` որպես կառավարման ճգնաժամ: Բայց այդ ճնգաժամին գործնական դրսևորում հաղորդելու կառավարման ճգնաժամը ավելի առարկայական դարձնելու համար ընդդիմության կողմից լավագույն քայլը կլինի այն, եթե եռյակի պատգամավորները միաժամանակ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները՝ առաջացնելով սահմանադրական և խորհրդարանական ճգնաժամ: Ճգնաժամ այն իմաստով որ ոչ ԱԺ կանոնակարգ-ևօրենքը, և ոչ էլ ՀՀ Սահմանադրությունը չեն նախատեսում լուծումներ, երբ խորհրդարանի մի քանի խմբակցությունների անդամ պատգամավորներ հրաժարվում են մանդատներից, և հնարավորություն չկա նրանց փոխարինել նոր պատգամավորներով:

Այս իրավիճակում իշխանությունը ստիպված պետք է գնա ոչ ստանդարտ լուծումների, մասնավորապես` խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների կազմակերպման, որն ընդդիմությունը կարող է օգտագործել իր հաղթանակն ամրագրելու համար: Բայց խորհրդարանական ընդդիմության և այլընտրանքի պատգամավորները մշտապես մերժել են լուծման այս տարբերակը՝ համարելով, որ խորհրդարանում ունեցած թեկուզ սահմանափակ ներկայությունը և ոչ մեծ թվով մանդատները պահպանելն ավելի կարևոր է, քան այդ մանդատներից հրաժարվելու դեպքում ակնկալվող հնարավոր արդյունքը:

Տեսանյութեր

Լրահոս