Բաժիններ՝

Ամուլսարը տարածաշրջանի ամենահրապուրիչ նախագիծն է. Հովարդ Սթիվենսոն

Վերջերս Հայաստանում էր գտնվում Lydian Internatonal ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը: Հիշեցնենք, որ Lydian-ին մաս կազմող «Գեոթիմ» ընկերությունն արդեն ավարտել է Ամուլսարի ոսկու հանքավայրի որոնողահետազոտական աշխատանքները և պատրաստվում է հաջորդ տարի սկսել հանքի շինարարությունը:

Հ.Սթիվենսոնը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց նախագծի ընթացիկ իրավիճակի և անելիքների մասին: Նա տեղեկացրեց, որ ներկայացրել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը և այժմ սպասում են կառավարության վերջնական եզրակացությանը: Վերջնական թույլտվության ձեռքբերումից հետո շինարարությունը նախատեսվում է սկսել 2015թ. երկրորդ եռամսյակում:

Տարվա սկզբին հրապարակվել էր նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական հաշվետվությունը: Ըստ Հ. Սթիվենսոնի՝ այդ հաշվետվությունն ու վերջերս Հայաստան այցելած վերլուծաբանների գնահատականները ցույց են տալիս, որ Ամուլսարը տարածաշրջանի և, ինչո՞ւ ոչ, աշխարհի ամենահրապուրիչ նախագծերից մեկն է ոսկու արդյունահանման ոլորտում: Նախ՝ բարձր են ոսկու ծավալները՝ 75 տոննա: Բացի այդ, բարձր է գնահատականը նաև հանքի վերականգնման տեսանկյունից:

Ընկերությունն արդեն իսկ ներդրել է ավելի քան 69 միլիոն դոլար որոնողահետախուզական աշխատանքներում և ներդնելու է ևս 426 միլիոն դոլար հանքի շինարարության ընթացքում: Ընկերության բաժնետերերից են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD):

Կարդացեք նաև

Բացի այս կառույցներից՝ ծրագրի ֆինանսավորման հետաքրքրություն են ներկայացրել նաև այլ խոշոր բանկեր: Հենց այդ նպատակով վերջին 2 շաբաթների ընթացքում Հայաստանում էին գտնվում մի շարք վերլուծաբաններ և եվրոպական բանկերի ներկայացուցիչներ, ովքեր ուսումնասիրում էին Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի արդյունավետությունը՝ պոտենցիալ ներդրողներին խորհուրդ տալու համար: Lydian Inernatioanal-ի տնօրենի խոսքերով՝ առաջին եզրակացություններն արդեն կան, և դրանք դրական են:

Մեր հարցին, թե մասնավորապես ո՞ր բանկերը կլինեն Ամուլսարի ծրագրի բաժնետերեր, Հ.Սթիվենսոնը պատասխանեց, որ դրանք շատ են, և չէր ցանկանա առանձնացնել մեկին կամ մի քանիսին: «Կլինեն մեծ թվով եվրոպական խոշոր բանկեր: Ամեն դեպքում՝ նշեմ, որ Ամուլսարի նախագծին ծանոթանալու համար Հայաստան են եկել բանկերի 17 ներկայացուցիչներ»,- ասաց Հ.Սթիվենսոնը: Նա նաև նշեց, որ ակնկալում են նաև հայաստանյան բանկերի մասնակցությունն Ամուլսարի ծրագրին, և ներկայումս որոշ բանկերի հետ բանակցություններ են ընթանում:

Իսկ ի՞նչ է շահելու երկրի տնտեսությունը: Հ.Սթիվենսոնի խոսքերով՝ ոսկու նախանշված գնի պայմաններում ընկերությունը տարեկան կվճարի մոտ 40 միլիոն դոլար հարկեր և ռոյալթիներ հանքի շահագործման ողջ ընթացքում՝ սկսած 2017 թվականից: Բացի դրանից, ընկերությունը տարեկան 1 միլիոն դոլար կվճարի նաև համայնքային բյուջեներին՝ հողի վարձակալության վճարների ձևով: Սթիվենսոնը համոզմունք հայտնեց, որ Ամուլսարի ծրագրի ազդեցությունը տնտեսության վրա էական կլինի նաև  տարածաշրջանում զբաղվածության ապահովման առումով, և մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա տեղական բիզնեսների զարգացման համար:

Մասնավորապես, շինարարության ընթացքում` առաջին 1.5 տարում, Ամուլսարի ծրագիրը կապահովի 1500 աշխատատեղ՝ մեծամասամբ Հայաստանից: Իսկ դրանից հետո, հանքի շահագործման ընթացքում, մշտական աշխատանք կունենա ավելի քան 700 հոգի: Ընդ որում, սրանք միայն ուղղակի աշխատատեղերն են, իսկ փորձը և հաշվարկները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղը ստեղծում է լրացուցիչ 3-4 անուղղակի աշխատատեղեր:

Թերևս հենց այդ պատճառով տեղի բնակիչները բավականին ոգևորված են և անհամբերությամբ են սպասում հանքի շահագործմանը: «Ընկերությունը երկար ժամանակ աշխատել է տեղացիների հետ: Մենք, 7 տարի է, աշխատում ենք Հայաստանում և մեծ աջակցություն ենք ստանում տեղի բնակիչներից»,- ասում է Հ. Սթիվենսոնը:

Եթե տեղի բնակչության հետ խնդիրները քիչ են, ապա բնապահպանական կազմակերպությունների հետ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ բողոքի ակցիաներ. որոշ հասարակական կազմակերպություններ պահանջում են չշահագործել հանքը՝ նշելով, որ դա մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Հ.Սթիվենսոնն ըմբռնումով է մոտենում բնապահպանների մտահոգություններին: «Նրանք այս ընթացքում տեսել են հանքարդյունաբերության բացասական հետևանքներ: Այսինքն՝ մտահոգությունները կապված են դառը փորձի հետ: Մինչդեռ ճիշտ ու պատասխանատու հանքարդյունաբերությունն այդպես չպետք է լինի»,- ասում է Lydian-ի ղեկավարը: Վերջինս մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Ամուլսարի նախագիծը նոր տեխնոլոգիաներ է բերում Հայաստան, և, որ Հայաստանում առաջին անգամ օգտագործվելու է կույտային տարրալվացման տեխնոլոգիան, որը բացառում է արդյունաբերական արտանետումները շրջակա միջավայր և չունի պոչամբար: «Բացի այդ, պետք է հիշեցնեմ, որ նախագծի ֆինանսավորողների թվում են IFC-ն և EBRD-ն, որոնք չափազանց խիստ պայմաններ են դնում բնապահպանության տեսանկյունից»,- ասում է Հ. Սթիվենսոնը:

Ընկերությունը համոզված է, որ ոչ թե հարկավոր է բնապահպանների դեմ պայքարել, այլ երկխոսել և նորմալ աշխատանքային հարաբերություններ հաստատել նրանց հետ: Հարցին, թե այս ընթացքում երկխոսություն հաստատելու փորձերն ի՞նչ արդյունք են տվել, Հ.Սթիվենսոնը պատասխանեց. «Երկխոսությունն ընթացքի մեջ է: Իհարկե, դեռ զարգանալու տեղ կա, դեռ անհրաժեշտ մակարդակին չենք հասել: Բայց հուսով եմ, որ աշխատանքն իր արդյունքը կտա, և կկարողանանք ձևավորել նորմալ գործընկերային մթնոլորտ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս