ԼՂՀ վարչապետը հորդորում է սկանդալ չփնտրել. «Ժողովուրդ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «ժողովուրդ»–ի հետ զրույցում բացառել էԱրցախի և Հայաստանի սահմանի վրա մաքսակետի տեղադրման հնարավորությանը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ–ին անդամակցելու արդյունքում որոշ ապրանքատեսակների թանկացումներ են սպասվոււմ նաև Արցախում, ինչին դիմագրավելու ուղղությամբ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերր։
– Պարոն Հարությունյան, Ձեր գնահատմամբ՝ Հայաստանին ի՞նչ կտա ԵՏՄ-ին անդամակցությունը։ Այս ամիսների ընթացքում անընդհատ խոսվում էր տարբեր ակնկալիքների մասին, սակայն կոնկրետ հստակ օգուտների մասին առայժմ որևէ բան չի ներկայացվել։
– Կարծում եմ՝ այդ հարցին ավելի ձեռնահաս մարդիկ պետք է պատասխանեն, ովքեր անմիջականորեն ուսումնասիրել են հնարավորություններն ու ռիսկերը։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, կարելի է ենթադրել, որ մի շարք առանցքային ապրանքատեսակների գների նվազում կարձանագրվի, իհարկե, որոշների գների բարձրացմանը զուգահեռ։ Բացի դա, ԵՏՄ մեծ շուկան ավելի արտոնյալ պայմաններով կընդունի արտահանվող հայկական ապրանքները, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա տեղական արտադրության համար։
– Չնայած այն բանին, որ անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ամենատարբեր մակարդակներով հավաստիացրել են, որ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ՀՀ-ի և ԼՂՀ միջև մաքսակետ չի տեղադրվելու, օրերս հրապարակված պայմանագրի տեքստից պարզ դարձավ, որ նման մաքսակետի տեղադրումն, այնուամենայնիվ, պայմանագիրը ստորագրած երկրի ստանձնած պարտադիր պարտավորությունն է։ Ինչպե՞ս Է ԼՂՀ կառավարությունն ընդունում այս իրողությունը, և ի՞նչ եք պատրաստվում անել։ Ի վերջո, դնելո՞ւ եք մաքսակետ, թե՞ ոչ։
– Ցույց տվե՛ք ինձ պայմանագրի այն կետը, որն ասում է, որ ԼՂՀ սահմանին մաքսակետ է դրվելու։ Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այժմ ևս պնդում եմ, որ մաքսակետի գործունեությունը բացառվում է և անհնար է։
– Դուք պնդում եք, որ մաքսակետ չի լինելու, բայց Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հայտարարել է, թե այդ մաքսակետը լինելու է, բայց ձևական։ Իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ նախօրեին շեշտեց, որ պայմանագրում ամրագրված դրույթը, թե «պետությունների մաքսային տարածքը, դա իրենց տարածքն է» միանգամայն տրամաբանական է, ասել է թե՝ նույնքան տրամաբանական է, որքան այս դեպքում ծագում է ՀՀ տարածք չհամարվող ԼՂՀ-ի հետ մաքսակետի տեղադրման հարցը։ Այդ դեպքում Դուք ինչո՞ւ եք բացառում մաքսակետի առկայությունը։
– Այո՛, ՀՀ-ն իր տարածքով է անդամակցել, և ոչ ոք չի կարող մատնացույց անել որևէ միջազգային կառույց, որին ՀՀ-ն միացել է ԼՂՀ-ի հետ միասին։ Դա տրամաբանական քաղաքական գործընթաց է, որում սկանդալ փնտրելու կարիք չկա։
– Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել էր Արցախ, որտեղ հանդիպումներ ունեցավ ԼՂՀ իշխանությունների հետ։ Ո՞րն էր այդ հանդիպումների օրակարգը։ Նշենք, որ դրանից օրեր հետո ԲՀԿ առաջնորդը ՀՀ-ում հանրահավաք էր հրավիրել։ Արդյո՞ք այդ հանգամանքը որևէ կերպ քննարկվել է ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներում։
– Գագիկ Ծառուկյանն այցելել էր Արցախ տնտեսական ծրագրերով։ Այցի շրջանակներում համաձայնություններ են ձեռք բերվել բարեգործական ու ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ սփյուռքի և ՀՀ բազմաթիվ գործարարներ հաճախ են գալիս Արցախ մասնակցություն ունենում նրա զարգացման ընթացքին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Այդ տեսանկյունից ողջունելի է բոլորի հատուկ վերաբերմունքն Արցախի հանդեպ։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։