ՕԵԿ-ն առաջարկում է վերացնել ընդունելության քննությունները
Մինչ խորհրդարանական եռյակը պատրաստվում է համազգային հանրահավաքի, ՕԵԿ-ը զբաղված է օրենսդրական գործունեությամբ: Երեկ ՕԵԿ խմբակցության երեք անդամների հեղինակությամբ ԱԺ քարտուղարություն մուտք է արվել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում: Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանն առաջարկում են բուհ ընդունվելը դարձնել առանց ընդունելության քննության և առանց մրցույթի:
«Բարձրագույն ուսումնական հաստատություններում, առանց տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար դիմորդները կարող են իրենց ընտրությամբ, առանց մրցույթի և ընդունելության քննություն հանձնելու՝ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Ոչ մրցութային, վճարովի հիմունքներով, առանց տարկետման իրավունքի ընդունված ուսանողների համար, բարձրագույն ուսումնական հաստատություններում արտոնություններ և ուսման վարձավճարների զեղչեր սահմանելու նպատակով կարող են անցկացվել ներբուհական մրցույթներ»,- ասված է ՕԵԿ խմբակցության անդամների կողմից ներկայացված օրենքի նախագծում:
Ընդունված է, որ օրենքի նախագծի հեղինակները պետք է նախագծին կից ներկայացնեն այն հիմնավորումները, որոնք պատճառ են հանդիսացել նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Սակայն ՕԵԿ խմբակցության անդամները «Հիմնավորումներ» բաժնում ընդամենը գրել են, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առանց տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով բուհ ընդունվողներին ոչ մրցութային հիմունքներով, առանց ընդունելության քննություն հանձնելու բուհ ընդունվելու հնարավորություն տալու հանգամանքով:
Եվ ճիշտ էլ արել են ՕԵԿ ներկայացուցիչները, որ չեն թվարկել նախագծի ներկայացման իրական հիմնավորումները: Եթե գրելու լինեին, պետք է գրեին, որ օրենքի նման նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել իրենց մոտ առկա այն գիտակցումը, որ հազարավոր ծնողներ և ապագա ուսանողներ երախտապարտ կլինեն ՕԵԿ խմբակցությանը և կուսակցությանն ընդհանրապես, որ իրենց ազատում է կրկնուսույցների մոտ պարապելու և ընդունելության քննություններ հանձնելու պարտավորությունից:
Իսկ քանի որ հայ մարդն իր էությամբ երախտագետ և լավությանը լավությամբ պատասխանելու ընդունակ ինդիվիդում է, նա իր երախտագիտությունը ՕԵԿ-ին կհայտներ խորհրդարանական և հնարավոր է՝ նաև նախագահական ընտրությունների ժամանակ, քվեարկելով ՕԵԿ-ի և նրա թեկնածուների օգտին: Ճիշտ է, կրկնուսույցները կարող են դառնալ ՕԵԿ ամենաարմատական ընդդիմությունը, սակայն ՕԵԿ-ում հաշվել գիտեն, և հասկանում են, որ մի խումբ կրկնուսույցների կորցնելով՝ իրենք կարող են ձեռք բերել տասնյակ և նույնիսկ հարյուր-հազարավոր կողմնակիցներ՝ ապագա ուսանողների և նրանց ծնողների շրջանում:
Հաջորդ քայլով, երկրի ողջ ուսանողությանն իր կողմը գրավելու համար, ՕԵԿ-ը կարող է հանդես գալ այլ օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ բուհերում ընդհանրապես վերացվում են քննությունները, և ուսանողները կուրսից կուրս են փոխադրվում առանց ստուգարքների և քննությունների: Եթե ՕԵԿ-ում սկսեն մի քիչ ավելի շատ մտածել ժողովրդի մասին, հնարավոր է, որ օրենքի նախագիծ ներկայացնեն խանութներից անվճար առևտուր անելու և օդանավերով անվճար ուղևորություններ կատարելու մասին: Ճիշտ է, ժողովրդի թշնամի և կեղեքիչ հանրապետականները կմերժեն այդ օրենքի նախագծերը, և դրանք այդպես էլ իրականություն չեն դառնա, բայց կմնա լեգենդը ժողովրդի նվիրյալ և նրա դարդ ու ցավին սպեղանի դնելու պատրաստ ՕԵԿ-ի մասին: