Բաժիններ՝

Ռուս ճարտարապետների բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հայտնի ռուս ճարտարապետների բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

DOCOMOMO international (շինությունների, տեսարժան վայրերի և քաղաքաշինության օբյեկտների փաստագրման և կոնսերվացիայի Ժամանակակից շարժման միջազգային ոչ կառավարական կազմակերպություն) Ռուսաստանի բաժանմունքը տեղեկություն է ստացել 1980 թ. ականավոր հայ ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերկեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով կառուցված «Զվարթնոց» օդանավակայանի շինության պատրաստվող քանդման մասին։ Ռուսաստանի և աշխարհի ճարտարապետական հանրությունը ծայրահեղ մտահոգված է իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորությունից։

«Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն հանդիսանում է Երևանի և ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշը, բայց և ներկայացնում է իրենից «սովետական մոդեռնիզմի» ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց, որի հանդեպ հետաքրքրությունը աճում է այսօր ողջ աշխարհում։

«Զվարթնոց» օդանավակայանը, անկասկած, XX դարի ճարտարապետների մեծագույն նվաճումներից մեկը՝ ստացել է ողջ աշխարհում ճարտարապետության ոլորտի մասնագետների բացարձակ և արժանի ճանաչումը, դրա նախագիծը բազմիցս հրապարակվել է ժամանակակից ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցների թվում։ Բացի այդ, դրա առանձնահատուկ, անալոգ չունեցող շինությունը լայն և արժանի հաջողություն է վայելում և մասնագիտական հանրությունից դուրս։

«Զվարթնոց» օդանավակայանը, որը տեղակայված է հայկական հողում և պատկանում է հայկական ճարտարապետական հանճարին, այսօր անկասկած մտնում է ողջ մարդկությանը պատկանող ճարտարապետական և մշակութային ժառանգության ոսկե ֆոնդի մեջ։ Հայ ճարտարապետների ներդրումը Ժամանակակից շարժման համաշխարհային ճարտարապետության մեջ անառարկելի է, և նշված կառույցը լավագույն կերպով այն արտահայտում է։

Կարևոր է նաև նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի նման համալիրները հոյակապ կերպով ադապտացվում են և վերասարքավորվում են նոր պահանջների և պայմանների համաձայն, ինչի օրինակները կան ողջ աշխարհում։

Խնդրում ենք Ձեզ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել այդ շինության պահպանման համար, որի արժեքը ժամանակակիցների և սերունդների համար անառարկելի է»։

Անկեղծ հարգանքով՝

Վլադիմիր Շուխով, DOCOMOMO Ռուսաստանի նախագահ
Նիկոլայ Վասիլյեվ , DOCOMOMO Ռուսաստանի Գլխավոր քարտուղար
Նատալյա Դուշկինա, ՄԱՐԽԻ պրոֆեսոր, ճարտարապետության պատմաբան, ICOMOS Համաշխարհային ժառանգության հարցերով փորձագետ, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ
Ելենա Օվսյաննիկովա, ՄԱՐԽԻ պրոֆեսոր, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ
Աննա Բրոնովիցկայա, ՄԱՐԽԻ դոցենտ, «Պրոյեկտ. Ռոսսիա» ամսագրի խմբագիր, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս