Մենք տուրք չենք տա ճնշմանը և բոլոր որոշումները կկայացնենք ինքնուրույն. Դավութօղլու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի նիստում հայտարարել է, որ Թուրքիան ինքնուրույն ռազմական միջամտության չի գնա Սիրիայում, քանի դեռ միջազգային հանրությունը որոշում չի կայացնի դրա վերաբերյալ.
«Քանի դեռ միջազգային հանրությունը չի արել այն, ինչն անհրաժեշտ է, քանի դեռ ընդհանրապես քայլեր չեն ձեռնարկվել սիրիական ճգնաժամի լուծման ուղղությամբ, Թուրքիան չի գնա որևէ արկածախնդրության՝ չնայած մի շարք երկրների կողմից ճնշումներին:
Մենք տուրք չենք տա ճնշմանը և բոլոր որոշումները կկայացնենք ինքնուրույն: Թուրքիան կարող է միջազգային կոալիցիային աջակցել միայն այն դեպքում, եթե նա պարտավորություններ ստանձնի Սիրիայում բուֆերային ու ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու մասին»:
Ներկայումս Թուրքիան գտնվում է ԱՄՆ-ի ճնշման ներքո՝ կապված «Ինջիրլիքի» ավիաբազան «Իսլամական պետության» դեմ պայքարում օգտագործելու հետ: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, թե Թուրքիան այդ հարցում տվել է իր թույլտվությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները հերքել են դա: