ՀՀ կառավարությունը՝ ընդդեմ իշխանության
Վերջին շրջանում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարտադրված է եղել իշխանության ներկայացուցիչներին մի քանի անգամ կանխազգուշացնել՝ բյուջեն խնդիրներ ունի, ու եթե այս տարի եկամուտներն ինչ-որ կերպ կհավաքագրվեն, ապա հաջորդ տարի սպասվող ավելի ցածր տնտեսական աճի պայմաններում եկամուտների թերհավաքագրման վտանգ կա: Օրերս էլ Ա.Ալավերդյանը լրագրողներին հայտարարեց՝ «մոտեցել ենք այն նշակետին, որ ՀՆԱ աճին զուգահեռ` հարկերի հետագա աճը հնարավոր է միայն ստվերային տնտեսության կրճատման հաշվին»: Կառավարությունը բացեիբաց ասում է՝ ստվեր կա բոլոր ոլորտներում:
2013 թվականի տվյալներով՝ 4 տրլն 272 մլրդ դրամ ՀՆԱ-ի պարագայում ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրլն 861 մլրդ կամ ՀՆԱ-ի 43.5%-ը, որից արտաքին պարտքը՝ 1 տրլն 583 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 37%-ը: Այս ցուցանիշը դեռևս վտանգավոր չի համարվում: Բայց խնդիրն այն է, որ տնտեսության ներկայիս զարգացումներն ու կառավարության փորձերը, թե է՛լ որտեղից գումար խնայեն, հուշում են, որ իրականում վիճակը շատ ավելի վատ է, քան կարող ենք պատկերացնել: ՀՀ կառավարությանն այսօր կարելի է համեմատել գծուծ տանտիկնոջ հետ, ով ֆինանսների սղության պատճառով հրաժարվում է բոլոր ավելորդ ու ոչ խիստ անհրաժեշտ ծախսերից: Եվ, բնականաբար, որքան էլ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարի, թե կառավարության քայլերի արդյունքում սոցիալական ոլորտը չի տուժի, սոցիալական ոչ մի ծախս չի կրճատվի, այնուամենայնիվ, ականատես ենք լինում, թե գործադիրի ամեն մի որոշումն ինչպես է բարդացնում մարդկանց կյանքը:
Դրա վառ ապացույցներից է 2013թ. վերջին գործազրկության նպաստների վերացումը, երբ պաշտոնապես` 70 հազար, իսկ ոչ պաշտոնապես` 180 հազար գործազուրկների բանակից գործազրկության նպաստ ստացող մոտ 20 հազար քաղաքացին զրկվեցին ամսական 18 հազար դրամից: Ընդ որում՝ գործադիրն իր ամեն մի քայլը բնորոշում է որպես «լավություն» ՀՀ քաղաքացիներին ու տնտեսվարողներին:
2011թ. «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունների հետևանքով որոշ գործունեության տեսակների համար հարկային բեռն ավելացվեց, իսկ օրենքի ընդունումից 4 ամիս անց, 2012 թվականի ապրիլ ամսին, դրանց վերանայումը ՀՀ կառավարությունը որակեց` որպես լավություն հարկ վճարողների համար, որն «էապես կհեշտացնի փոքր և միջին բիզնեսի գործունեությունը»:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքով նոր սերդնի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամանակացույցի վերջանաժամկետ էր 2013 թ. հունվարի 1-ը: ՀՀ կառավարությունն իր կողմից առաջարկված ժամկետում չկարողանալով ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների համապատասխան քանակի առկայություն, նշված ժամկետի հետաձգման առաջարկությունը կրկին ներկայացրեց` որպես լավություն հարկ վճարողների համար: Նույն կերպ մեկնաբանվեց նաև նոր սերնդի ՀԴՄ-ների վաճառքի գնի վերանայումը: Իսկ օրեր առաջ կառավարությունը հավանության արժանացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք մտադիր է «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ներկայացնել Ազգային ժողով:
Բնականաբար, նպատակը մեկն է՝ հնարավորինս արագ, առանց երկար-բարակ քննարկումների, բյուջեի հետ միասին անցկացնել նաև այս օրենքները: Դրա հետևանքով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեթև ձեռքով ամբողջությամբ վերանայվում է հղիության և ծննդաբերության նպաստի չափը՝ փոխկապակցելով աշխատանքային ստաժի տևողության հետ, միաժամանակ այն վերանվանելով «մայրության նպաստ»:
Ըստ այդմ՝ հղիության և ծննդաբերության նպաստի չափը կնվազեցվի մինչև 60%-ով: Գումարային առումով սա բավականին զգալի թիվ կկազմի: Հետաքրքիր է նախագծերի հիմնավորող տեղեկանքում նպաստի չափի նվազեցման հիմնավորումը. «Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում էգ»: Մի՞թե հանրությանը հետաքրքրող այս կարևոր փոփոխությունը նման ձևով պետք է հիմնավորվեր: Ինչո՞ւ են պաշտոնյաները զլացել շարադրել այդ խնդիրները: Իսկ գուցե դրանք պետական գաղտնի՞ք են: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիրները դեռ չլուծած, կարծես թե, հերթական անգամ, նոր խնդիրներ են ծագում ՀՀ վարչապետի համար: Հստակ է, որ հանրությունը ոտքի կելնի նաև մայրության նպաստի պատճառով: Ու եթե օրենքն ընդունվի, մեղքը կընկնի Ազգային ժողովի պատգամավորների վրա:
Եթե այս բոլոր խնդիրներն ընդհանուր դիտարկենք, երևում է կառավարության նպատակը՝ բոլոր հնարավոր տեղերից քերել ու կրճատել բյուջեի ծախսերը: Ու եթե տատական հունցած խմորի քերանքը, ինչպես ժողովուրդն է ասում, ամենահամեղ պատառն է լինում, ապա այս դեպքում այն սպառնում է մնալ իշխանավորների կոկորդին: Ի՞նչ իրավիճակում է հայտնվել Հայաստանի իշխանությունը, որ կառավարության ներկայացուցիչներն արդեն իրենք են խոստովանում՝ բյուջեի մուտքերն ապահովելու համար հերթը հասել է ստվերին, այլ ելք չկա:
Իսկ ստվերը հենց իշխանության մենաշնորհն է: Փոքր տնտեսվարողները, եթե անգամ գործում են ստվերում, ապա պարտադրված՝ խոշորից կախում ունենալու պատճառով: Խոշոր կոչվածն էլ պարզապես չի կարող խոշոր լինել, եթե սերտորեն փոխկապակցված չէ իշխանության հետ: Եվ ահա, ստացվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է պայքարի իշխանության դեմ՝ ստվերը կրճատելու և բյուջեի եկամուտներն ապահովելու համար: Մնում է միայն հաջողություն մաղթել կառավարությանը: