Ռուս օլիգարխները մտավախություն ունեն, որ Պուտինն Արևմուտքի դեմ պայքարի համար կխլի իրենց ունեցվածքը. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն խստապես տուժել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներից՝ կապված Ուկրաինայի հանդեպ նրա վարած քաղաքականության հետ: Միևնույն ժամանակ տնտեսական ճնշման պատճառով Մոսկվայում աճում է էլիտայի պառակտումը:
Արևմտյան պատժամիջոցները փակել են Ռուսաստանի էկոնոմիկայի ամբողջական ոլորտների ֆինանսավորումը, ռուսական էներգետիկ ոլորտը մնացել է առանց անհրաժեշտ տեխնոլոգիաների, իսկ ռուսական շուկայից տեղի է ունենում կապիտալի զանգվածային արտահոսք:
Դրա հետ մեկտեղ աճում է ինֆլյացիան, ռուբլին օրեցօր արժեզրկվում է նավթի գնանկման պատճառով: Միայն այս ամիս Ռուսաստանի Կենտրոնական բանկը 3 միլիարդ դոլար է ծախսել ռուսական արժույթին աջակցելու համար:
Չնայած այդ ամենին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի համբավը բավական բարձր է, և նա շարունակում է հարձակումն Ուկրաինայի ու հետխորհրդային մյուս երկրների վրա: Միևնույն ժամանակ ռուսական էլիտան մտավախություններ ունի, որ Պուտինը պատրաստվում է Ռուսաստանի էկոնոմիկան զոհաբերել հանուն քաղաքական հավակնությունների:
Ոչ վաղ անցյալում «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը Կրեմլին զգուշացրեց չկրկնել ԽՍՀՄ-ի կոմունիստական ղեկավարության սխալները: Գրեֆի կարծիքով՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց նրա ղեկավարության անհավանական անտեղյակության պատճառով, որը հարգանք չի ցուցաբերել տնտեսության զարգացման օրենքների հանդեպ:
Պուտինն իր հերթին օլիգարխներին խոստացել է, որ տեղի չունենա պետական գույքի սեփականաշնորհման վերանայում: Սակայն ընթացքի մեջ է միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի գործը, ով չի ցանկացել իր «Բաշնեֆտ» ընկերությունը վաճառել պետական «Ռոսնեֆտին»:
Պուտինի շրջապատը ներկայացնող մի շարք ուժայիններ ասում են, որ Ռուսաստանի տնտեսությունն անցում է կատարում այնպիսի սկզբունքների, որոնց համաձայն՝ պետության շահերը վեր են դասվում ամեն ինչից:
Դա հնարավորություն կտա երկրի ներսում մոբիլիզացնել կապիտալը՝ Արևմուտքի պատժամիջոցների դեմ պայքարի համար: Եվ հենց դրանից էլ վախենում են ռուսական էլիտայի ներկայացուցիչները: Եվտուշենկովի գործն ավելի սարսափելի է թվում, քան «ՅՈՒԿՕՍ»-ի դեմ գործն էր: