ԵՏՄ-ին անդամակցության որոշումը կայացրել ենք մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են Նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, հաղորդում են Նախագահի մամուլի գրասենյակից: Բանակցություններից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Սերբիայի Հանրապետության առևտրի, զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչն այնուհետ հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ճաշ:

Առավոտյան Սերբիայի Նախագահն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Նիկոլիչը հանդիպում կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որից հետո կմեկնի Արմավիրի մարզ, ծաղկեպսակ կդնի 1988թ. աղետալի երկրաշար¬ժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Երևանի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված յոթ սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որով կավարտվի Սերբիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան:

Նախագահի նստավայրում տեղի կունենա Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պաշտոնական հրաժեշտի արարողությունը:


***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Սերբիայի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պարոն Նիկոլիչի առաջին պաշտոնական այցը Հայաստան խորհրդանշական է, քանի որ այն կայանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի հոբելյանական տարում:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին այսօրինակ բարձր մակարդակի փոխայցերը բարի ավանդույթ են դարձել, ինչը վկայում է, որ մենք հանձնառու ենք պատմության փորձությունն անցած ավանդական բարեկամական հարաբերությունները վերածել շատ ամուր երկկողմ միջպետական հարաբերությունների:

Անցած երեկո ես և իմ սերբ բարեկամը ջերմ միջավայրում վայելեցինք Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Սերբիա ազգային հավաքականների խաղը, որը, վստահ եմ, կլինի միակ հարթակը, այսինքն՝ սպորտային հարթակը կլինի միակ հարթակը, որտեղ մենք մրցակցում ենք: Ե՛վ ես, և՛ Սերբիայի Նախագահը դժվարությամբ էինք զսպում մեր էմոցիաները, բայց այնուհանդերձ, խաղաղությամբ հեռացանք մարզադաշտից, և կարծում եմ, որ սերբերն իրենց մտքում ափսոսում էին, թե ինչու իրենք չհաղթեցին, որովհետև իրենք ուժեղ էին, հայերն էլ ափսոսում էին, թե ինչու չհաղթեցին, քանի որ կար այդպիսի հնարավորություն:

Այս երկու օրերի ընթացքում պարոն Նիկոլիչի հետ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը: Մենք միակարծիք էինք, որ ժամանակն է վերաիմաստավորելու վերջին քսան տարիների մեր անցած ուղին և նոր շունչ հաղորդելու երկկողմ համագործակցությանը բոլոր հնարավոր ոլորտներում: Այս համատեքստում կարևորեցինք Երևանում և Բելգրադում դեսպանությունների հիմնումը, ինչը մեծապես կնպաստի մեր հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:

Կարևորեցինք քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային կապերի և մարդկային շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ գործակցության ընդլայնումը: Այդ ուղղությամբ այժմ քննարկումներ են ընթանում փոխադարձաբար Հայաստանի և Սերբիայի քաղաքացիներին սահմանի վրա մուտքի արտոնագրեր տրամադրելու կամ ավելին՝ առանց արտոնագրերի մուտք արտոնելու վերաբերյալ:

Առանձնակի շեշտադրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Թեև մեկնարկային կետը ցածր է, բայց ականատեսն ենք լինում մեր ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ աճի: Կարծում եմ, դրան նպաստեց նաև այս տարվա սկզբին Երևանում կայացած առաջին հայ-սերբական գործարար համաժողովը: Սույն այցի շրջանակներում ստորագրվեցին զբոսաշրջության բնագավառում և տնտեսական, գիտական ու տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր:

Իմ գործընկերոջը ներկայացրեցի Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Նախագահ Նիկոլիչն ինձ ծանոթացրեց Կոսովոյի խնդրում Սերբիայի մոտեցումներին և դիրքորոշումներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ կարևորում եմ այն փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Գիտեք, մենք էլ համարում ենք, որ անհեռանկար է ձևացնել, որ կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն: Ակնհայտ է, որ դրա այլընտրանքը քաոսն է:

Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

Սերբիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, և այդ առումով Հայաստանը սատարում է Սերբիային այդ պատասխանատու առաքելության մեջ և աջակցելու է կազմակերպության ամրապնդմանն ուղղված սերբ գործընկերների նախաձեռնություններին:

Մեր բանակցությունների օրակարգում էին նաև միջազգային հրատապ խնդիրները` Իրաքում, Սիրիայում ահաբեկիչների վայրագություններին վերջ դնելուն ուղղված միջազգային հանրության միասնական ջանքերը: Մտահոգություն հայտնեցինք Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների փաստերի, ինչպես նաև քրիստոնեական հուշարձանների ոչնչացման փաստերի կապակցությամբ: Անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին և դրա հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինչպես գիտեք ես նոր եմ վերադարձել Մինսկից, որտեղ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագիրը: Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:

Բայց կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը:

Այս հարաբերություններում իրենց կարևոր ուրույն տեղն ունեն եվրոպական երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները: Սերբիայի Նախագահի այս այցը և բոլոր մակարդակներում ինտենսիվ քաղաքական շփումները հենց դրա վկայությունն են:

Պարո՛ն Նախագահ, մեկ անգամ ևս Ձեզ բարի գալուստ եմ մաղթում Հայաստան և սիրով Ձեզ եմ փոխանցում խոսքը:

***

Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության, այցի երկու օրերին պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումների ու քննարկումների համար: ԶԼՄ-երի առջև իր հայտարարության սկզբում Սերբիայի Նախագահը նշել է, թե լիովին համաձայն է Հայաստանի Նախագահի հայտարարության մեջ ասված մտքերի հետ և իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամությունը մշտապես գոյություն է ունեցել ու այսուհետ էլ այն շարունակվելու է: Նախագահ Նիկոլիչը հայ և սերբ ժողովուրդների բազում ընդհանրություններ է նշել և ընդգծել, որ երկու ժողովուրդները խորապես կապված են նույն ճակատագրով, պատմականորեն իրենց բաժին հասած դժվարություններով ու դժբախտություններով, իրենց քաղաքակրթությունների պահպանման համար պայքարով: Ժամանակակից փոփոխված աշխարհում Սերբիայի Նախագահը կարևորել է ավանդույթների պահպանումը, որը, նրա համոզմամբ, միավորում է բարեկամ ժողովուրդներին:

Սերբիայի Նախագահը, նշելով առևտրատնտեսական հարաբերությունների կարևորությունը երկրների միջև կապերի ամրապնդման գործում, այդուհանդերձ ընդգծել է, որ սերբերը և հայերը չեն մտել առևտրային հարաբերությունների մեջ, որպեսզի բարեկամ լինեն. նրանք բարեկամներ են, և հենց դրա համար պետք է սերտացնեն առևտրային հարաբերությունները:

Նախագահ Նիկոլիչն իր երկրի անունից աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված խաղաղ բանակցային գործընթացում ձևավորված Մադրիդյան սկզբունքներին և հաջողություն մաղթել Հայաստանին՝ իր իրավունքներն իրացնելու և պաշտպանելու գործում:

Սերբիայի Նախագահը, խոսելով իր երկրի ապագայի մասին, նշել է, որ Սերբիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ և միաժամանակ ձգտում բարեկամներ ունենալ աշխարհով մեկ: Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Սերբիան չի մոռանա իր բարեկամներին Եվրամիությանն անդամակցելուց հետո, բայցև չի լքի Եվրամիությունը բարեկամների համար, այդ ճանապարհին ոչ մեկին չի վտանգի: Նա նշել է, որ Սերբիան ցանկանում է ավելի լավ կյանք ապահովել իր քաղաքացիների համար: Այն, որ իր երկիրն այժմ տնտեսական ճգնաժամ է ապրում, Նախագահ Նիկոլիչի խոսքով, Սերբիայի նախկինում կատարած որոշակի սխալների հետևանքն է, երբ մոռացել է իր հին բարեկամների մասին՝ ընկնելով միայն սեփական շահերի հետևից: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է՝ մեր շահն այսօր բարեկամությունն է:

Նա խոսել է Հայաստանում և Սերբիայում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից բացի, Բելգրադ-Երևան ուղիղ չվերթի բացման հնարավորության մասին ևս:

Տոմիսլավ Նիկոլիչը կարևորել է երկու երկրների գործարարների միջև շփումների, համագործակցության խրախուսումը, խրախուսումը նաև կառավարություններին, որպեսզի վերջիններս աշխատեն ազատ վիզային ռեժիմի ներդրման ուղղությամբ՝ մարդկանց ճամփորդությունն ու շփումներն ավելի դյուրացնելու նպատակով:

Սերբիայի Նախագահն ընդգծել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Սերբիայի դիրքորոշումների ներդաշնակեցման անհրաժեշտության կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի և Մետոխիայի անկախությունը չճանաչելու և նաև Կոսովոյում միջազգային խաղաղապահ գործողություններին հայ զինվորների մասնակցության համար: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է, որ այդ զինվորները պաշտպանել են նաև սերբերին, ամեն ինչ արել են, որպեսզի պահպանեն խաղաղությունն ու կայունությունը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Սերբիա ֆուտբոլային խաղին, Նախագահ Նիկոլիչը նշել է, որ խաղի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ավելի հեշտ էր արտահայտել իր էմոցիաները, ի տարբերություն իրեն, քանի որ ինքը հյուր էր, բայց, նրա խոսքով, սերբական փորձը և հայկական սիրտը տվեցին նույն արդյունքները: Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, թե ինքն անձամբ շատ ուրախ է այդ արդյունքի համար, քանի որ այլ դեպքում՝ կողմերից որևէ մեկը պարտություն կկրեր: Նա նշել է, թե միջազգային հարաբերություններում էլ երկու բարեկամ երկրներից ոչ մեկը չպետք է պարտություն կրի:

Խոսքի ավարտին ընդգծելով, որ չնայած հայ և սերբ ժողովուրդները քանակապես մեծ չեն, Սերբիայի Նախագահը նշել է, որ այն, ինչ վերաբերում է քաղաքակրթությանը, կրոնին, պատմությանը, ինչ հայերն ու սերբերն ունեն ցուցադրելու աշխարհին իրենց թանգարաններում, ավելի կարևոր և արժեքավոր է: Տոմիսլավ Նիկոլիչը շեշտել է, որ երկու երկրների ժողովուրդներն ապրում են այն տարածքում, որն իրենց սեփականն է, այլ ոչ թե այն տարածքում, որը գաղութացրել են:

prez2

prez1

prez5

prez6

Տեսանյութեր

Լրահոս