«Պետությունն ո՞վ է՝ ես եմ, դու ես»

Արամ Սարուխանյանը համոզված է՝ խաղաղություն լինի՝ ամեն ինչ կամաց-կամաց իր տեղը կընկնի:

Այս օրերին շատ զբաղված է. խաղողը պետք է ճմռել, կենսահյութը քամել, պահեստավորել, այնուհետեւ վերադառնալ խաղողի այգի՝ մնացած բերքը տուն հասցնելու համար:

Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղում է ապրում Արամը, ողջ կյանքն էլ այստեղ է անցկացրել՝ ամեն տարի այն հավատով, որ հաջորդ տարվա բերքն ավելի լավը կլինի:

Պատերազմի օրերին հրամանատարն էր. հոր հետ, ում տարիքը 60-ին մոտ էր, կռվեց մինչեւ մի քանի անգամ գերեվարված գյուղը նորից վերադարձրին: Հայրն իր զինվորն էր. «Բոեւիկ տղա է հայրս»,- աչքերում ժպիտ խաղացնելով ասում է Արամը, ում 26-ամյա եղբայրն էլ էր իր վաշտից, զոհվեց հենց ավագ եղբոր ձեռքերում։ Այդ օրվանից կրտսեր որդուն փոխարինեց արդեն տարիքն առած հայրը՝ նույն զենքով մեկնելով մարտի դաշտ:

Այժմ արդեն 80-ն անց պապն առույգ է: Կնոջ մահից հետո տանը մենակ է, «հավատարիմ ընկերը» միայն կարմիր ռադիոընդունիչն է, որի սեւ մեծ կոճակը պտտելով տարբեր ազգերի է լսում, դրկիցներին եւս։ Հասկանում է նրանց լեզուն, ասում է՝ «միշտ նույն երգն են երգում»՝ «Ղարաբաղը մերն է լինելու»:

Այս արտահայտությունը հաճախակի է լսում նաեւ Արամը, ում կարծիքը գուցե եւ դրանից է կարծրացել. «Ոչ ոք, ոչ մի նախագահ էլ չի կարող հող տալ, այդ հողը մերն է, մենք էլ պահելու ենք»:

Պահում են, որքան կարողանում են՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին, որոնցից է նաեւ ջրի սակավության հարցը։ Այս տարի ընդամենը մեկ անգամ են ջրել խաղողի այգին. «Առանց ջրի մարդ ծարավ մեռնում է, ծառերը նույնպես»։

«Չենք ասում իշխանությունները բերեն ոսկի լցնեն մեր գլխին, չէ, բայց դե հասարակ բաներ կան, որ առաջնահերթ են,-ասում է ու շարունակում,-քաղաքում էլ է ջուր հարկավոր, գյուղում էլ։ Ջուր պիտի լինի, որ ժողովուրդը լավ ապրի, պետությունը հարստանա: Ժողովուրդն է պետությունը հարստացնում: Իսկ պետությունն ո՞վ է՝ ես եմ, դու ես»:

Ու հարստացնում են պետությունը՝ մնալով գյուղում, վերամշակելով սեփական արտադրանքը։ Ամեն տարի մի քանի հարյուր լիտր գինի են թորում, օղի:

Ամռան ամիսներին յուրահատուկ արտադրամաս դարձած բակի մի հատվածում դրված են կրակից սեւացած օղու թորման սարքերը, իսկ հարեւանությամբ այս օրերին շարվում են խաղողով լի տարաները։

Պապը թթից, տանձից ու թզից էլ է օղի ստանում ու հավատարիմ իր «ոսկե օրենքին»՝ ամեն օր 50-ական գրամ խմում է նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին։

Արամն էլ է խմում՝ հաճախակի բարձրացնելով բաժակը խաղաղության համար, որի գինը շատ լավ գիտի. հարազատներ է կորցրել, ընկերներ ու համագյուղացիներ։ Այլեւս նման կորուստներն անընդունելի են իր համար, ինչպես եւ տարածքների հանձնումը. «Նույնիսկ այս հեռավորության վրա շարունակվում են դիվերսիոն-հետախուզական գործողությունները, եթե տարածությունը կարճ լինի՝ չե՞ն լինի դրանք,- հարցնում է Արամը՝ շտապելով պատասխանել իր իսկ հարցին՝ իհարկե կլինեն։

Մարիամ Սարգսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս