Որո՞նք են հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց նախանշանները

«Հոգեկան առողջությունը դիտվում է որպես ազգի անվտանգության շատ կարևոր գրավական, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ երբ ցանկանում են գնահատել, թե ինչպիսին է տվյալ ազգի հոգեկան վիճակն ընդհանուր էթնիկական կամ ազգային մակարդակով, վերցնում են այդ երկրում սպանությունների և ինքնասպանությունների քանակը, որը փաստորեն բացասական կողմն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Նա անդրադարձավ այն հարցին, թե որոնք են հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց նախանշանները. «Դա նման չէ ֆիզիկական վերքին, որ արտաքինից երևա: Շատ հաճախ հոգեկան տրավմաները կարող են ավելի մեծ հետևանքներ թողնել: Կան որոշակի չափանիշներ՝ հոգեկան խնդիրների նկատմամբ զգայունակությունը չափելու համար. նախ՝ մարդու հիմնական պահանջմունքների բավարարման փոփոխությունն է. քունն արդյոք խանգարվա՞ծ է, թե՞ ոչ, ուտելու սովորությունը փոփոխվա՞ծ է, թե՞ նախկին ձևով է սնվում: Ինչպե՞ս է տվյալ մարդը վերաբերվում օբյեկտիվ սահմանափակումներին. օրինակ, երբ անձրև է, բայց տվյալ մարդը անձրևի նկատմամբ ուժեղ ռեակցիա է դրսևորում՝ ասելով, թե ինչու անձրև եկավ, այսօր լավ օր էր և այլն:

Ինչպե՞ս է տվյալ մարդը վերաբերվում քննադատությանը. հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ քննադատության նկատմամբ սարսափելի ուժեղ ռեակցիա են ունենում: Եվ ամենակարևորն այն է, թե ինչպես է մարդը դիմագրավում կյանքի դժվարություններին և անհաջողություններին»:

168.am-ի այն հարցին, թե ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր իրենց հարազատի մոտ նկատել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, պարոն Գասպարյանը պատասխանեց, որ ցանկացած մարդ անհատական մոտեցում է պահանջում.

Կարդացեք նաև

«Առաջին և ամենակարևոր ճանապարհն ընտանեկան բժշկից սկսելն է: Հետո՝ շատ կարևոր է նաև սկզբում հոգեբանին և ոչ թե հոգեբույժին դիմելը: Առհասարակ բուժումը սկսվում է այն ժամանակ, երբ հիվանդը որոշում է կայացնում դիմելու բժշկին: Եթե նույնիսկ մարդը չի ուզում դիմել բժշկին, ապա միևնույնն է՝ ճանապարհներ կան, ծայրահեղ դեպքերում կարելի է նաև հոգեբուժական բրիգադ կանչել, որը գիտի ինչպես համոզել հիվանդին: Հիշեք, որ երբեք չի կարելի խաբել հիվանդին, ասել, որ իրենք գնում են մի մարդու մոտ, որն իրենց ընկերն է և այլն: Պետք է ասել, որ ինքը գնում է հոգեկան առողջության մասնագետի մոտ. խաբել չի կարելի»:

 

Տեսանյութեր

Լրահոս