Էներգետիկայի նախարարը ստում է. Աշոտ Գրիգորյան
Եվրոպացի ներդրողների հետաքրքրվածությունը «Նաիրիտ» գործարանի նկատմամբ հետզհետե մարում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: Եվրոպական մի քանի ընկերությունների կողմից ստեղծված «Նաիրիտ-ԻՆՎԵՍՏ» կոնսորցիումի անդամներից սլովակների ոգևորությունը, ըստ Ա.Գրիգորյանի, արդեն կիսով չափ նվազել է, բուլղարացիները դեռևս շատ տեղեկություն չունեն զարգացումների մասին և շարունակում են հետաքրքրություն դրսևորել, իսկ ավստրիացիների հետ ԵՀՄՖ նախագահը հանդիպելու է վաղը:
«Շատ տխուր է իրավիճակը: Իմ համոզմամբ՝ երևանյան մեր գործընկերներին ՀՀ էներգետիկայի նախարարը՝ ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի կարգադրությամբ, խաբել է: Կազմակերպված է եղել մի հավաք, քննարկել են ամեն ինչ, բացի այն կոնկրետ առաջարկից, որ ունի ՀՀ կառավարությունը՝ եվրոպացի ներդրողների առաջարկը: Այն չի քննարկվել: Եվ ավելի քան հասկանալի է, որ հավաքի նպատակը ոչ թե «Նաիրիտը» շուտափույթ վերաթողարկելու ելքեր գտնելն էր, այլ գտնել այն ուղին, որով կարելի է «Նաիրիտի» հարցը երկարաժամկետ թաղել: Ընդ որում՝ շատ երկար ժամանակ պետք չի «Նաիրիտը» ընդհանրապես վերացնելու և այդ խնդիրը լուծելու համար: Ինչպես թուրքերը ժամանակին լուծեցին՝ «չկա հայ, չկա հայկական հարց» սկզբունքով, այնպես էլ ՀՀ իշխանությունները վերաբերում են նույն ոգով՝ չկա «Նաիրիտ», չկա խնդիր: Բավական է մի քանի ամիս էլ ձգել, այլևս «Նաիրիտ» չի լինի: Ամբողջ աբսուրդը սա է: Եվ այդ հավաքի ժամանակ ընդհանրապես չի խոսվել այն առաջարկների մասին, որ 2-3 անգամ գրավոր ստացել է ՀՀ վարչապետը»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ 168.am-ի հարցին ի պատասխան էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել է, թե սլովակները կոնկրետ ներդրումային ծրագիր չեն ներկայացրել, Ա.Գրիգորյանը պատասխանեց. «Ստում է նախարարը, ուղղակի ստում է, որովհետև որպեսզի նախարարը կարողանար ճիշտն ասել, մեր 3 այցերից գոնե մեկի ժամանակ պետք է հանդիպեր մեզ: Եթե նախարարը չի հանդիպել, ապա նրա ցանկացած հայտարարությունը ես անվարան կարող եմ անվանել ստախոսություն: Նա ի՞նչ գիտի` սլովակները ինչ են առաջարկել, որ կարծիք է հայտնում: Սա ավելի քան անթույլատրելի է: Նույնիսկ անհասկանալի մոտեցում է»: Ա.Գրիգորյանը հիշեցրեց, որ Դավիթ Հարությունյանի միջոցով անուղղակի ձևով վարչապետն է հետ աշխատել իրենց հետ, փոխնախարար Իոսիֆ Իսայանի հետ են հանդիպել և հստակ պայմանավորել, իսկ երրորդ այցի ժամանակ արձագանք չի եղել: Դրանից հետո վարչապետի անունից իրենց հայտնել են, որ օգոստոսի մեջ վարչապետը նամակով կդիմի իրենց՝ առաջարկելով գալ ՀՀ, որպեսզի սկսեն կոնկրետ քննարկումները, սակայն դրան էլ ոչինչ չի հաջորդել:
«Այնուհետև տեղի ունեցավ Երվանդ Զախարյանի մոտ այդ պատմական հանդիպումը, որտեղ Երվանդ Զախարյանը ամբողջ խնդիրը դրեց երկարաժամկետ և վերջը չերևացող ուղղու վրա: Ես դա համարում եմ մանր խաբեբայություն և ցանկացած հայտարարություն ՀՀ իշխանությունների կողմից ես համարում եմ այս խնդրից մեր ուշադրությունը շեղելու նպատակով կատարված քայլ: Պատճառը բազմիցս ասել եմ և չեմ ալարի ևս մեկ անգամ հայտարարել՝ նախկին վարչապետը 300 մլն դոլարից ավելի գողացել է «Նաիրիտից» և, ամենայն հավանականությամբ իր ղեկավարների հետ մաս-մաս է արել: Ու հիմա ՀՀ իշխանությունները շատ մեծ հետաքրքրություն ունեն «Նաիրիտի» հանդեպ՝ ոչ թե վերաթողարկելու, այլ վերացնելու առումով: Եվ նրանց հետաքրքրությունը չափազանց մեծ է, այլապես պայթյուն կլինի, բնականաբար, շատ մեծ սկանդալ կլինի»,- ասաց Ա.Գրիգորյանը:
ԵՀՄՖ նախագահը կոչ արեց, որ հոկտեմբերի 10-ին ամբողջ ազգը դուրս գա հրապարակ, որովհետև եթե իշխանությունները շարունակեն իրենց համանման կենսակերպը, ապա ոչ միայն «Նաիրիտը», այլև Հայաստանն ապագա չունի: Ըստ նրա՝ միակ փրկությունն այն է, որ մի քանի շաբաթվա, ամսվա մեջ իշխանափոխություն լինի և հնարավոր լինի «Նաիրիտի» հետ մինչև ձմեռ ինչ-որ քայլեր անել. «Այս իշխանությունների հետ ես բացարձակ անհնարին եմ համարում համագործակցությունը, որովհետև նրանց հետաքրքրությունն ուրիշ է՝ և´ արտաքին, և´ ներքին քաղաքականության մեջ: Նշանակում են դեսպաններ, որոնք զբաղված են միայն իրենց փողերը դրսում տեղավորելով: Մենք զարմանում ենք, թե ինչ հակազգային վարք ունեն նրանք: Իսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասով թուրքերը չէին կարող երազել անգամ, թե այսպես հեշտ կարող են ազատվել խնդրից: 2015 թ. ապրիլի 24-ին մենք հայտարարելու ենք պայքարի սկիզբը և ստանձնելու ենք պայքարը շարունակելու գործը: Կարճ ասած՝ տապալված արտաքին քաղաքականություն և կողոպուտի մեջ կորած տնտեսություն: Այսպես ինչքա՞ն կարելի է դիմանալ»:
Ա.Գրիգորյանը շեշտեց, որ «Նաիրիտը» վերագործարկելու հույսը միայն արագ իշանափոխությունն է, բայց եթե նույնիսկ գարնանը լինի իշանափոխությունը, ներդրողները չեն լինի. «Իսկ այդ դեպքում կարելի է խաչ քաշել «Նաիրիտի» վրա, որովհետև եթե մենք ներդրողներ չբերենք, ոչ մեկը ներդրող չի գտնելու գործարանի համար, էլ չեմ ասում, որ Հայաստանի մասնգետների կարծիքով մի ձմեռ ևս չի դիմանա «Նաիրիտը»: Այնպես որ, մեր վերաբերմունքը շատ հստակ է՝ այլևս անհնարին է այս իշխանության հետ, այս նախագահի հետ որևէ հույսեր կապելը»: