«Գնաս ուրիշ տեղ ուրիշի տանը մնաս, քոնը թողնես անտե՞ր…» (տեսանյութ)

67-ամյա Բորիս Միրզոյանը պատերազմի մասին հիշում է ամեն օր: Պատճառը միայն վերքերը չեն, որ վաղաժամ ստիպեցին ծերանալ: Պատճառներն ավելի շատ են։

Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղը գերված մնաց 41 օր: Երբ գյուղացիները վերադարձան՝ տների յոթանասուն տոկոսը չկար:

Այստեղ նախկինում գրասենյակն էր: Երկհարկանի մեծ շենք էր, որտեղ տեղավորվել էին գյուղի հասարակական ու պետական բոլոր կառույցները: Երբ վերադարձան, շենքը վառված էր: Գյուղապետ Անատոլի Սահակյանը պատմում է, որ տարիներ անց գյուղապետարանի եւ բուժկետի նոր փոքրիկ շենքերը կառուցելուց հետո, ավերակները հոգեբանորեն ճնշում էին՝ որոշեցին քանդել:

Բորիս Միրզոյանը karabakh-open.info-ի թղթակցին  ուղեկցում է որդու` Լեւոնի տուն, որն անցած դարի հիսունականներին կառուցել էր իր քեռին: 1992-ին տանն ապրող չկար: Տունն այն եզակիներից է, որ անվնաս է մնացել: Ենթադրում է, որ հենակետ է օգտագործվել: «Նրանք /ադրբեջանցիները-հեղ./ միայն քեռուս հարուստ գրադարանն են վառել։ Երբ եկանք՝ բակում մոխրակույտ էր, իսկ ամբողջ շենքում հակագազներ էին, ռազմամթերք»:

Բորիս Միրզոյանի հայրական տունը հիմա չկա: Ավերվեց: Ինքը վիրավոր էր, զավակները փոքր՝ վերականգնել չկարողացան: Բայց սեփական օջախի քանդվելը գյուղացուն չստիպեց օտարության ճամփան բռնել: Հիմա մեկ ավերված տան փոխարեն Միրզոյանները գյուղում չորս օջախ ունեն. ինքն ու կինն ապրում են գյուղի լքված տներից մեկում: Որդիները՝ Լեւոնը, Արտավազդն ու Արտակն իրենց սեփական տունն ունեն: Բորիս պապը հպարտությամբ է ասում, որ գյուղում յոթ թոռ ունի:

Լեւոն որդու այս տարվա եկամուտը երաշտը տարավ: Նռան այգի ունի: Ծառերը ծանրացել են, բայց երաշտից նուռը ճաքած է, շուկայի համար անպիտան:

Բորիս Միրզոյանի հարսը՝ Էվելինան, զրույցին չի խառնվում: Գազօջախին հյուրերի համար սուրճ է պատրաստում:

-Գյուղում հե՞շտ է,- հարցին թոթվում է ուսերը, ապա փոխադարձում.-իսկ որտե՞ղ է հեշտ:

– Չե՞ք մտածում քաղաք /Ստեփանակերտ/ տեղափոխվելու մասին:

– Իսկ ի՞նչ պիտի անենք քաղաքում: Այնտեղ տուն չունենք: Ամուսինս կրթություն չունի, որ ասեմ` լավ աշխատանք կգտնի: Այստեղ գոնե ապրուստի հարցը լուծում ենք: Դժվար է: Բայց հասցնում ենք:

3358

Որպես կանոն, Ղարաբաղի գյուղերում քիչ են դժգոհում: Նախիջեւանիկը հաստատում է այդ օրինաչափությունը: Մարդիկ թվարկում են խնդիրների շարքը, բայց չեն տրտնջում՝ խաղաղություն լինի, մնացածը կամաց-կամաց կշտկվի: Գյուղի ամենամեծ խնդիրը ջուրն է, որ ստանում են մի քանի ժամով, մի քանի օրը մեկ:

Գյուղապետ Անատոլի Սահակյանը խոստանում է՝ արդեն սեպտեմբերի 28-ին գյուղում պաշտոնապես կգործարկի խմելու ջրի ներքին ցանցը: Նախիջեւանիկի նոր ջրացանցը կառուցել են ֆրանսահայերն ու շվեյցարացիները: Բարեգործական ծրագիր է, որն արմատապես կփոխի գյուղացու կենցաղավարությունը:

Գյուղապետը լավատես է, չնայած իր խոսքում էլ «եթե»ները շատ են. «Եթե գյուղում մշտական ջուրը կա, գազն ու էլեկտրականությունն ունենք, արդեն նաեւ ինտերնետից ենք օգտվում, ապա մեր կենցաղն ինչո՞վ է տարբերվում քաղաքացու կենցաղից: Եթե ճանապարհները բարվոք լինեն, ասֆալտապատ, ապա ընդամենը կես ժամում Ստեփանակերտ կարելի է հասնել: Գյուղում համարյա բոլոր ընտանիքները սեփական մեքենա ունեն, երթուղայինն աշխատում է ամեն օր»:

3359

Գյուղապետը մի «եթե» էլ է հիշում՝ եթե որեւէ մեկը մանկապարտեզի ծախսերը հոգար՝ իրենք սեփական ուժերով շենքի հարցը կլուծեին: Այդպիսի փորձ ունեն: Գյուղացիները 8,5 մլն դրամ են հավաքել գյուղական ակումբի շենքի կառուցման համար, 5,5 մլն-ով էլ պետությունն է օգնել, բայց դեռ աշխատանքների մի մասը մնում է:

Ավարտից հետո գյուղացիները հավաքվելու, զրուցելու, ժամանցի հնարավորություն կունենան եւ դահլիճ` ուրախության ու տխրության հանդեսները կազմակերպելու համար:
Գյուղում հարսանիքներ լինում են: «Բայց կարող էին եւ ավելի շատ լինել»,-դժգոհում է Անատոլի Սահակյանը: Դժգոհում է գյուղի տղաներից: Տասից ավելի երիտասարդներ ամուսնացած չեն եւ, գյուղապետի խոսքով, խնդիրը տունն ու աշխատանքը չեն: Բարքերն են փոխվել՝ եթե առաջ զինծառայությունն ավարտելուց հետո տղաներն ամուսնանում էին, հիմա շուտ ամուսնանալ չեն ուզում: Արդեն թոռնիկ ունեցող 46-ամյա գյուղապետի կարծիքով` երիտասարդները խուսափում են պատասխանատվությունից:

Էվելինան այս հարցի իր բացատրությունն ունի: «Գյուղում աղջիկ չկա: Տղաներ կան, աղջիկներ` ոչ: Աղջիկները շուտ են ամուսնանում»:

Ինքը՝ Էվելինան, Նախիջեւանիկ գյուղ հարս է եկել Ստեփանակերտից, Բորիս Միրզոյանի մյուս երկու հարսերը Մարտակերտի շրջանից են: Գյուղական կյանքի դժվարություններից երիտասարդ կինը չի վախենում: Վախենում է միայն պատերազմից. տղամարդիկ կգնան, իսկ հետո, ո՞վ գիտե, ինչ կլինի:

Հարսի խոսքերից պատերազմի հաշմադամ Բորիս Միրզոյանի աչքերն ակամայից լցվում են:

Հարցնում եմ` այդ վտանգը կա՞: Լուռ հաստատում է: «Այդ դեպքում ավելի լավ չէր, որ ժամանակին զավակներիդ ուրիշ տեղ տանեիր»: Մարդն ըմբոստանում է: Զգում եմ, զսպողը հյուրընկալության կանոններն են: «Շտե՞ղ փախցնիմ , տըղ չկա: Եթե տըղ էլ ինի, սա հու՞ր թողինք: Ստեղ հու՞ պիտի ապրի/ Ու՞ր փախցնեմ, տեղ չկա:Եթե տեղ էլ լիներ, սա ու՞մ թողնենք:Այստեղ ո՞վ պիտի ապրի/- ձայնի մեջ խրատական նոտաներ են հայտնվում.

-Մեր էն կրակ ընգած, մոխեր տեռած տան տեղավը վեր անց ըմ կենում աչքերս լցվում ա:Ստեղա էէէ… մին քանե մետր քաշ։ Եթե մարդ իր ծննդավայրը մոռացավ….. Օրիշ տեղ,օրիշի տանը մնաս, քունը թողիս անտեր /Մեր հրդեհված, մոխրացած տան մոտով որ անցնում եմ՝ աչքերս լցվում են: Այստեղ է: Ընդամենը մի քանի մետր ցած։ Գնաս ուրիշ տեղ, ուրիշի տանը մնաս, քոնը թողնես անտե՞ր/…»։

Ու էլի կրկնում է. «Միայն թե խաղաղություն լինի։ Բայց դա շատ դժվար է: Ուրիշների շահերը կան: Մեծ տերությունները, որ ցանկանան՝ կռիվ կլինի»:

3361

-Պետություններն են մարդկանց խառնում իրար: Իսկ ժողովուրդները կռիվ չեն ուզում։

– Նախորդը ո՞նց սկսվեց:

– Պետությունը խառնեց,-ասում է համոզված:

-Խորհրրդային միությու՞նը:

-Հա: Օրինակ, մեր անձնագրերը մինչեւ 60-ականների կեսերը ռուսերեն-հայերեն էին, փոխեցին ռուսերեն-ադրբեջաներենի: Ինչո՞ւ: Ու այսպես շատ բաներ: Իսկ Գորբաչովն ավելի խճճեց, ու պայթեց ամեն ինչ: Մեկ է, մի օր հաշտվելու ենք: Երբ էլ լինի: Հարեւաններ ենք: Ախր սա առաջին պատերազմը չէր մեր միջեւ: Մեր գյուղը երեք անգամ վառվել է: 1905-ին, 1918-20թթ-ին ու հիմա: Կհաշտվենք: Բայց մեկ է՝ մեր գլխով անցածը չենք մոռանա: Ոչ մենք, ոչ իրենք:

Լուսինե Ավանեսյան

Տեսանյութեր

Լրահոս