Թութք. սննդակարգ և ժողովրդական դեղատոմսեր

Բուժիչ նամակներ

Թութքը և վարիկոզը մարդկությանը հայտնի առաջին ախտորոշված հիվանդություններն են, որոնք, ըստ հնէաբանների` առաջացել են այն ժամանակներից, երբ ի հայտ է եկել ուղղահայաց քայլող մարդը։ Թութքի բուժման հիմնական նպատակները երկուսն են` կոնսերվատիվ կամ թերապևտիկ և վիրաբուժական։ Թերապևտիկ բուժում կատարվում է մի քանի ուղղությամբ. համապատասխան սննդակարգ և ժողովրդական միջոցներ։

Սննդակարգ

  • Հաճախ դրական արդյունք է տալիս ցորենի թեփի օգտագործումը։ Ավելացրեք այն ապուրի, շիլայի մեջ և կերեք նախաճաշի և ճաշի ժամանակ։ Ցորենի թեփը պետք է ընդգրկել սննդակարգում ոչ մեծ քանակներով` օրը 1-2 թ/գ, 2-3 անգամ։ Ցորենի թեփի օգտագործման դեպքում պետք է խմել օրը 1,5-2 լ ջուր։
  • Շաբաթվա մեջ 1 օր կերեք միայն խնձոր` 1,5-2 կգ, և խմեք առնվազն 2 լ զտված ջուր կամ ոչ թունդ կանաչ թեյ։ Քանի որ խնձորը լավացնում է ախորժակը, ապա ոչ բոլորը կարող են պահպանել նման սննդակարգ, այդ դեպքում կարելի է խմել միայն մինչև 1 լ կեֆիր, ուտելուց 1 ժամ հետո։ Կարելի է ուտել նաև 1-ական թ/գ մեղր` նախաճաշին, ճաշին և ընթրիքին։
  • Որոշ դեպքերում օգտակար է շաբաթական 1 օր սնվել կանաչ գույնի պտուղ-բանջարեղենով` մարոլ, վարունգ, քաղցր պղպեղ, ցանկացած կանաչեղեն, կանաչ խնձոր, կիվի։ Պատրաստեք աղցաններ վերոգրյալ մթերքից, համեմեք այն կիտրոնի հյութով կամ բիո-յոգուրտով։ Նման սննդակարգը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ երկարատև (մինչև 1 շաբաթ) շարունակվելու դեպքում կարող է ունենալ նիհարեցնող ազդեցություն։ Վերջինի դեպքում կարելի է ուտել սև հացից պատրաստված պաքսիմատ, 150 գ անյուղ միս և 400 լ մածուն։
  • Փորկապության դեպքում խորհուրդ է տրվում թարմ կաթնաթթվային մթերքներ, սև սալոր, ծիրան կամ դրանցից պատրաստված չիր, բանան, բուսայուղ, ծովակաղամբ, հնդկացորենի, կորեկի, գարեձավարից պատրաստված շիլաներ, հում պտուղ-բանջարեղեն և ցորենի թեփ։
  • Լուծի դեպքում խորհուրդ է տրվում ուտել մանրաձավարի և բրնձի շիլաներ, կիսել, շոկոլադ, թունդ թեյ և սուրճ, կակաո, նուռ, տրորած բանջարեղենով պատրաստված ուտեստներ, խոշոր ալյուրից պատրաստված և տարեկանից հաց։

Զգուշացում։ Խստորեն հակացուցված են` ալկոհոլը, կծու, աղի ուտեստները, համեմունքները։ Խորհուրդ է տրվում սահմանափակել կամ բացառել սննդակարգից ոլոռը, լոբին, սպիտակ կաղամբը, տարեկանի հացը և այլ հաստ աղիում գազեր առաջացնող մթերքները։

Կարդացեք նաև

Ժողովրդական դեղատոմսեր
Թութքի բուժման նպատակով հնագույն ժամանակներից օգտագործվել և օգտագործվում է մատիտեղ առվի միամյա խոտաբույսը, որը պատկանում է հնդկացորենազգիների (Polygonaceae) ընտանիքին։
Բույսի գիտական անվանումն է` Persicaria maculosa։ Այն տարածված է Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում, Երևանում։
Բուժական նպատակներով հավաքում են խոտաբույսի վերգետնյա հատվածը ծաղկման շրջանում` հուլիսից մինչև խոր աշուն։

  • 1 ճ/գ խոտը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք փոքր կումերով` օրվա ընթացքում։ Ազդեցիկ միջոց է հատկապես արյունահոսող թութքի դեպքում։
  • 1 թ/գ խոտը 15 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ 2 ճ/գ խոտը լցրեք թասի մեջ, ավելացրեք եռջուր և կքանստեք այնպիսի դիրքով, որ եռջրից առաջացած գոլորշին չառաջացնի այրվածք։ Շարունակեք 20 րոպե, ընթացքում ավելացրեք եռջուր։

Գործողությունը կատարելուց հետո պառկեք տաք անկողնում և խմեք նախապես պատրաստված (100 մլ) մատիտեղի թուրմը։

  • Ձիակասկենու ոգեթուրմ (տե՛ս, «168 Ժամ», «Ձիակասկը` որպես դեղամիջոց», 09.08.2014թ. Ջ. Սահակյան)։
  • Դդումի յուղ (վաճառվում է դեղատներում)։ Հարուստ է վիտամիններով, ունի հակաբորբոքային հատկություն։ Օգտակար է ստամոքսի հիվանդությունների դեպքում, լավացնում է մարսողությունը։
  • Խմեք 1ական թ/գ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ։
  • 6 ճ/գ մատիտեղ առվի խոտը 1 օր թրմեք 100 մլ դդումի յուղի մեջ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 7 օր թրմեք, քամեք քառատակ թանզիֆով, մզեք հումքը, խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։

Մումիո
Օգտագործվում է թութքի նոր սկսվող և այլ փուլերում։ Մումիոն ոչ միայն նվազեցնում է ցավերը, այլ նաև նպաստում է աղիի ճաքերի ապաքինմանը։ Ունի ներքին և արտաքին կիրառում։

Ձեռքի ափի մեջ տաքացրեք մումիոյի փոքր կտոր, երբ փափկի` քսեք թութքի հանգույցներին, կատարեք առավոտյան և քնելուց առաջ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 5 օրից։ Ընդամենը 3 կուրս։ Եթե հանգույցները ներքին են, ապա պետք է մումիոն տեղադրել քնելուց առաջ։

  • Մանրացրած մումիոն խառնեք մեղրի հետ (5։1)։ Մշակեք թութքի վերքը։ Շարունակեք 3 ամիս։
  • Զտեք արոսենի կարմիրի թարմ պտղի հյութը։ Լուծեք 200 մլ նախօրոք եռացրած սառը ջրի մեջ։ Խմեք օրվա ընթացքում։ Կարելի է ավելացնել 1 թ/գ մեղր։ Հյութն ունի լուծողական ազդեցություն։ Կարելի է օգտագործել նաև սառեցրած պտղի հյութը։
  • Մանրացրեք, խառնեք եղինջի տերևը և բեկտենու (Frangula alnus) կեղևը (1։1)։ 2 ճ/գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 20-30 րոպե առաջ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս