Հասար, Հայաստան

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Դա նշանակում է, որ այս անգամ հազիվ թե կրկին հետաձգվի Հայաստանի անդամակցության հայտարարված ժամկետը, և հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ ՀՀ-ն կհայտարարվի այդ կազմակերպության անդամ: Այսպիսով, ընդամենը մեկ շաբաթ հետո Հայաստանը դե յուրե մաս կկազմի այն համակարգին, որը Հայաստանին իրական տնտեսական որևէ օգուտ չի խոստանում, իսկ քաղաքական առումով խոստանում է սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը:

Անցած տարվա սեպտեմբերի 3-ից անցել է ուղիղ մեկ տարի մեկ ամիս ժամանակ: Թվում է՝ դա լիովին բավարար էր համակարգված պայքար մղելու Հայաստանի արժանապատվության դեմ ուղղված այդ գործընթացի դեմ: Սակայն Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտն այդ ավելի քան մեկ տարին օգտագործեց ուղղակի և անուղղակի կերպով Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի որոշումն արդարացնելու, եվրասիականության ուղին անշրջելի դարձնելու համար: Այդ ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայաստան ժամանեցին ավելի քան մեկ տասնյակ ռուս էմիսարներ, ովքեր ոտնահարեցին Հայաստանի պետականությունն ու հայ ժողովրդի արժանապատվությունն այնպես, ինչպես կարողացան և ցանկացան: Բայց ամբողջ այդ ընթացքում մեր քաղաքական ուժերը լծված էին շատ կարևոր գործի՝ միասնական ջանքերով պահանջում էին նախորդ կառավարության հրաժարականը, հիմա էլ միասնական ջանքերով ամեն ինչ անում են որևէ մեկի հրաժարականը չպահանջելու համար: Ու հիմա՝ մեկ շաբաթ անց, Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու է ներքին զրոյական դիմադրության պայմաններում:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը մոտենում է ավարտին»,- նախօրեին «Ռուսաստանն է կանչում» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Անգամ այս հայտարարությունը նա հնչեցրել է այնպես, կարծես ավարտին է մոտենում ոչ թե Հայաստանի անդամակցումը, այլ Հայաստանն ինքնին: Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունն ու ոչ իշխանությունը ցույց տվեցին, որ ոչ միայն դեմ չեն, այլև անհամբեր սպասում են այդ օրվան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031