Ո՞վ է Շանթ Հարությունյանի և մյուսների գործի «քավորը». Պաշտպանը դատարանում դիմեց ՀՀ նախագահին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: Դատարանում այսօր ճառով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները: Գործով ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ առաջին հերթին իր ճառը ցանկանում է ուղղել ՀՀ նախագահին:

Նա նշեց, որ դատական վիճաբանությունների փուլի նպատակն է դատավարության յուրաքանչյուր մասնակի հնարավորություն տալ դատավարական, նյութական նորմերը և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վերլուծելու միջոցով հիմնավորել իր տեսակետը գործով որոշում կայացնող անկախ և անկողմանակալ պաշտոնյանին, որպիսին, ըստ օրենքի, պետք է հանդիսանա տվյալ գործը քննող դատավորը:

«Սակայն քանի որ մեզ մոտ օրենքն ու իրականությունը հաճախակի չեն համընկնում, իսկ դատարաններն էլ քրեական գործերով և հատկապես քաղաքացիական կոնտեքստ ունեցող և հնչեղություն ստացած գործերով ամենևին էլ անկախ չեն, ուստի սկզբում ցանկանում էի ճառս առաջին հերթին ուղղել այն պաշտոնյային, ով իրականում սույն գործով որոշում կայացնողն է, ժողովրդական լեզվով ասած` սույն գործի «քավորը»: Մեր երկրի նախագահի կողմից սույն գործի վերաբերյալ ուսանողների հետ հանդիպման ժամանակ տրված հայտարարությունից, այն է՝ մեր պաշտպանյալների գործողություններին իրավական գնահատական տալուց և նրանց հանացագործ համարելուց հետո դիրքորոշումս չէի կարող չփոխել:

Ուզում եմ հավատալ, որ սույն գործի ղեկին կանգնած պաշտոնյան մեր հանրապետության առաջին դեմքը չէ, այլ մեկ այլ պաշտոնյա է, ով, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ակնհայտորեն աղավաղելով իրավունքի տեսությունը և սույն գործի փաստական հանգամանքները, անում է հնարավորինս, որպեսզի մեր պաշտպանյալները հանրության կողմից ընկալվեն որպես խուլիգանության արարք կատարողներ: Ուզում եմ հավատալ, որ այդ պաշտոնյային հաջողվել է ապատեղեկացնել անգամ մեր երկրի նախագահին, և որ մեր երկրի նախագահի կողմից Շանթ Հարությունյանի և իր գործընկերների գործողություններին տրված գնահատականները դրա արդյունք են:

Կարդացեք նաև

Միաժանանակ, ամենևին էլ չէի ցանկանա ռուս ժողովրդի պես հայտնվել բարեխիղճ մոլորության մեջ՝ մտածելով, որ ցարը լավն է, սակայն պարզվի, որ սույն գործով ինչ արվում է, արվում է նրա գիտությամբ և համաձայնությամբ: Ուստի ճառս առաջին հերթին ուզում եմ ուղղել մեր երկրի նախագահին»,- ասաց Արա Զաքարյանը:

Դիմելով նախագահին՝ նա ասաց. «Եթե ոմանց հաջողվել է Ձեզ ապակողմոնորոշել այն աստիճան, որ Դուք այլևս հետ չեք կանգնի մեր պաշտպանյալների գործողություններին տրված գնահատականից և այն չեք փոխի, այդ դեպքում ինչ էլ ասեմ՝ անիմաստ է լինելու, քանզի Հայաստանի Հանրապետությունում դժվար է, եթե ոչ անհնար, գտնել որևէ պաշտոնյայի, այդ թվում դատավորի, ով կհամարձակվի ձեր կամքին հակառակ գնալ: Հուսով եմ, ավելի ճիշտ համոզված եմ, որ Դուք սրտանց ցանկանում եք, որ Հայաստանի Հանրապետությունն իրականում դառնա իրավական պետություն, իսկ դատական համակարգն էլ իր հերթին իրականացնի արդարադատություն, այլ ոչ թե շարունակի մնալ իշխանությունից կախյալ և նրա պատվերն անվերապահորեն կատարող մարմին: Հավաստիացնում եմ Ձեզ, որ ոչ մի Սահմանադրության կամ օրենսդրության փոփոխություն չի կարող դատական համակարգը դարձնել անկախ և անկողմանակալ, եթե չդադարեն վերևից դատավորի վրա ճնշումները:

Իսկ դրան հասնելու համար առաջին հերթին պետք է երկրի առաջին դեմքի կամքն ու ցանկությունը: Ուստի հուսով եմ, որ սույն գործի հանգամանքներին մանրակրկիտ տեղեկանալուց հետո Ձեր հայտնած տեսակետը կփոխեք՝ դրանով իսկ հնարավորություն տալով դատարաններին գոնե այս գործով իրականացնել արդարադատություն, եթե իհարկե սույն գործն իրականում չեք համարում քաղաքական»:

Արա Զաքարյանը ասաց, որ հավաքը դադարեցնելու համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն՝ առկա է անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակում կամ դրա իրական վտանգ, այդ անձանց սահամանդրական իրավունքները կամ հանրության շահերը հնարավոր չէ ապահովել այլ եղանակով:

Նա նշեց, որ, հավաքը ցրելու հիմքի առկայության դեպքում ոստիկանությունտ պարտավոր է հավաքը դադարեցնելու պահանջով դիմել հավաքի ղեկավարին, ով իր հերթին պարտավոր է այդ ասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին:

Նրա խոսքով՝ եթե հավաքի ղեկավարը բացակայում է կամ հրաժարվում է կատարել դա, ոստիկանության ներկայացուցիչը պարտավոր է ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից դադարեցնել պահանջել հավաքը՝ սահմանելով ողջամիտ ժամկետ. ոստիկանության ներկայցուցիչը հավաքի մասնակիցներին պարտավոր է նախազգուշացնել սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու համար հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորությունների մասին:

Փաստաբանի խոսքով՝ այս կարգից շեղումը թույլատրվում է բացառապես այն դեպքում, երբ հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են հրատապ միջոցառումների իրականացում: Փաստաբանն ասաց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Ազատության հրապարակում խաղաղ հավաք են իրականացրել, նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում հավաքը վերածվել է խաղաղ երթի, հավաքվածները շարժվել են Մաշտոցի պողոտայի ուղղությամբ, երթի մասնակիցներին ուղեկցել են ոստիկանության աշխատակիցները:

Փաստաբանն ասաց, որ երթի մասնակիցների թվի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են ձեռք բերվել. որոշ ոստիկաններ հայտարարել են, որ երթին մասնակցել են 100-150 անձ, սակայն ոստիկան չհանդիսացող անձինք նշել են, որ երթին մասնակցել է 50-ից ոչ ավել անձ: Փաստաբանի խոսքով՝ ոստիկան չհանդիսացող անձինք հայտնել են, որ որևէ ոստիկան երթի մասնակիցներին չի դիմել փողոց դուրս չգալու խնդրանքով կամ պահանջով:

Նրա խոսքով՝ մինչև Շանթ Հարությունյանի և նրա ընկերների՝ մայթեզրին հասնելը մոտ 10 անձ, այդ թվում՝ լրագրողներ, գտնվել են պողոտայի երթևեկելի մասում, սակայն նրանց ոչ մի ոստիկան չի կարգադրել դուրս գալ մայթ: Փաստաբանն ասաց նաև, որ ոստիկաններից շատերը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել:

«Տրամաբանակն հարց է առաջանում. Ինչո՞ւ պետք է ոստիկանները իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տան: Պատասխանը չափից ավելի պարզ է՝ որպեսզի ինչ-որ կերպ հնարավոր լինի իշխանության գործողությունները համարել իրավաչափ: Տպավորություն է ստեղծվում, որ եթե իշխանությանը անհրաժեշտ լինի գործով հիմնավորել, որ երկրագունդը քառակուսի է, համոզված եղեք, պարոն նախագահ, կհայտնվեն այս հանգամանքը հաստատող ոստիկաններ»,- ասաց Արա Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը հանցավոր անգործություն է դրսևորել, ուժի կիրառմամբ է փորձել երթը դադարեցնել և ցրել՝ առանց օրենքով նահխատեսված անհարժեշտ հիմքերի առկայության:

Արա Զաքարյանն ասաց, որ իշխանության գործելակերպի դեմ անցկացվող խաղաղ երթի, հավաքի ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպերը, բախումները ոչ մի դեպքում չեն կարող որակվել որպես խուլիգանություն, քանի որ ոստիկանություն տվյալ պարագայում ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ խուլիգանության օբյեկտ, այսինքն՝ հասարակություն.

«Ոստիկանությունը այդ միջոցառումների ժամանակ հանդիսանում է իշխանության ներկայացուցիչը և իրականացնում է որոշակի գործառույթներ»: Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանը և նրա ընկներները մեղադրվում են խուլիգանութան մեջ:

Անդրադառնալով իր պաշտպանյալների գործողություններին՝ փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալ Տիգրան Պետրոսյանը մեղադրվում է նաև ոստիկան Արա Մարտիրոսյանին քաշքշելու և հարվածելու մեջ: Նրա խոսքով՝ գործով տուժող ճանաչված ոստիկան Արա Մարտիրոսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի ժամանակ Տիգրան Պետրոսյանն իրեն միայն հրել է, իրեն հարվածելու կամ քաշքշելու մասին տուժողը տեղեկություններ չի հայտնել:

Բացի դա, ըստ փաստաբանի՝ դեպքի տեսագրությունից պարզ դարձավ, որ Տիգրան Պետրոսյանը հրում է ոստիկանին, իսկ հարվածելու և քաշքշելու հանգամանքը հերքվել է:

Ըստ Արա Զաքարյանի՝ Տիգրան Պետրոսյանի կողմից ոստիկանին հրելու հանգամանքն էլ պայմանավորված է եղել նրանով, որ առանց որևէ անհրաժեշտության ոստիկանները, Շանթ Հարությունյանի նկատմամբ ուժ գործադրելով, գցել են գետնին, այդ գործողությունը ուղղված է եղել միայ Շանթ Հարությունյանին պաշտպանելուն, ինչը, ըստ փաստաբանի, համաչափ է եղել ստեղծված իրավիճակին. «Դա նշանակում է, որ Տիգրան Պետրոսյանի գործողություններում ակնհայտորեն բացակայում են խուլիգանության հատկանիշները»:

Արա Զաքարյանն ասաց, որ իր մյուս պաշտպանյալ Արմեն Հովհաննիսյան էլ մեղադրվում է նաև նրանում, որ հրել է ոստիկաններ Արա Մարտիրոսյանին և Գեղամ Խաչատրյանին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ: Փաստաբանի խոսքով՝ այդ հանգամանքը հետազոտված թույլատրելի ապացույցներով չեն հաստատվել:

«Խնդրում եմ Ձեզ, թույլ մի տվեք, որպեսզի պաշտպանյալներս նախ մեղավոր ճանաչվեն և դատապարտվեն, իսկ այնուհետև պատիժ կրեն այնպիսի գործողությունների համար, որպիսիք իրավունքի և օրենքի համաձայն հանցագործություն չեն համարվում: Համոզված եղե´ք, դրանով ոչ Ձեր, ոչ էլ դատարանի վարկանիշները չեն բարձրանալու, ոչ էլ դրանով հնարավոր է լինելու փորձել կամ լռեցնել մարդու իրավունքների և արժեքների համաև պայքարող անձանց, քանզի ինչպես ցույց է տալիս պատմությունը, ռպրեսիվ միջոցները երբեք արդյունավետ չեն եղել, այլ հակառակը, դրանք մարդկանց միայն համախմբել են: Կրկին խնդրում եմ Ձեզ, հնարավորություն տվեք, երրորդ իշխանությանը կայանալու և իրականում արդարադատություն իրականացնելու, քանզի առանց արդար դատական համակարգի մեր պետությունը երբեք չի դառնա ժողովրդավարական և իրավական»,- դիմելով ՀՀ նախագահին՝ ասաց Արա Զաքարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս