Հայաստանում Գերմանիայի դեսպան. Հայաստանի իշխանությունը նույնպես կրողն է արևմտյան քաղաքակրթական արժեքների
Հայաստանի իշխանությունները, որոնք հրաժարվեցին Եվրամիության հետ համաձայնագրից և որոշեցին Հայաստանը տանել դեպի Եվրասիական միություն, արևմտյան քաղաքակրթական արժեքների կրողն են: Այսօրվա ասուլիսում նման ուշագրավ կարծիք հայտնեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Մյուս կողմից` նա ակնարկեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք այսօր ավելի ինտենսիվորեն են խոսում Հայաստան-ԵՄ ավելի սերտ հարաբերությունների մասին.
«Մենք շփվում ենք Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների հետ, և Հայաստանի իշխանությունը նույնպես կրողն է արևմտյան քաղաքակրթական արժեքների: Դրա ապացույցը Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցություններն էին, և անցյալում մենք իսկապես շատ լուրջ միասնական ձեռքբերումներ ենք ունեցել: Սա ցույց է տալիս, որ արևմտյան արժեքները գնահատված են Հայաստանի իշխանության կողմից: Բայց, անշուշտ, կան մարդիկ, ովքեր շատ ավելի ինտենսիվորեն են խոսում Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերությունների մասին և դեմ են արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»:
Իսկ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը բացթողո՞ւմ կլինի Եվրամիության համար, թե՞ ձեռքբերում: Այս հարցին Գերմանիայի դեսպանի պատասխանը շատ կարճ է` «չգիտեմ»:
Նա չի ուզում ևս մեկ անգամ անդրադառնալ Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի նախագահի սեպտեմբերի 3-ի հայարարությանը և դրան հաջորդած զարգացումներին, փոխարենը անհրաժեշտ է համարում խոսել ԵՄ-Հայաստան հարաբերությունների այսօրվա վիճակի մասին:
Պարոն Մորելի խոսքով` թեև Հայաստանի ղեկավարությունը 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսում չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, բայց դրանով չասաց «ոչ» ԵՄ-ի հետ հարաբերություններին և ցանկություն հայտնեց պահպանել ԵՄ-ի հետ կապերը:
Բայց թե ի՞նչ ձևաչափով կշարունակվի Հայաստան-ԵՄ համագործակցությունը, դեսպանը չհստակեցրեց:
«ԵՄ-ն սպասում է, որ Հայաստանը պարզաբանի, թե ինչպես է ուզում առաջ շարժվել, և միայն դրանից հետո կարելի է խոսել, թե ինչպես կարելի է այդ հարաբերությունները դնել որոշակի ձևաչափի մեջ»,- խոստովանում է Ռայներ Մորելը:
Մյուս կողմից, ըստ դեսպանի, ավելի կարևոր է այն, որ երկխոսությունը երկու կողմերի միջև շարունակվում է, ոչ թե այն, թե ինչ ձևաչափով նրանք կհամագործակցեն: Եվս մի կարևոր կետ, որն ընդծեց Գերմանիայի դեսպանը. ԵՄ-ն Վիլնյուսի գագաթաժողովից հետո հասկացավ, որ Արևելյան Գործընկերության ծրագրի մասնակից 6 պետություններից յուրաքանչյուրի հետ պետք է համագործակցի յուրովի, ոչ թե նույն ստանդարտներով:
«Երկու կողմերն էլ երկխոսության մեջ են, և այդ երկխոսությունը չի ընդհատվել: Թեև շփումներն այնքան էլ հարուստ չեն եղել, քան առաջ էր` փաստաթղթի մշակման ժամանակ, բայց դրանք շարունակվում են: Բացի այդ, եղավ մի փոքր ընդմիջում` Եվրախորհրդարանի ընտրությունների և Եվրահանձնաժողովի ձևավորման հետ կապված: Մոտ ապագայում Բրյուսելում նախատեսված է հանդիպում Եվրամիության և հայկական պատվիրակության միջև: Այնպես որ, բանակցությունները կշարունակվեն, կհստակեցվեն որոշ հարցեր, մանավանդ որ այդ ժամանակ Մինսկի հանդիպումն արդեն կայացած կլինի և հնարավոր է, որ Հայաստանն արդեն ստորագրած կլինի Մաքսային միության անդամակցության մասին պայմանագիրը: Եթե Մինսկն արդեն ստորագրված լինի, արդեն նոյեմբերին պարզ կլինեն ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները: Թե ինչ կբխի դրանից` ձևաչափի առումով, այնքան կարևոր չէ, որքան կարևոր է երկխոսությունը այն հարցերի շուրջ, թե ինչ է հնարավոր անել և ինչ հնարավոր չէ անել»,- ավելացրեց Ռայներ Մորելը: