Բաժիններ՝

Այսօր գերմանացիները նշում են Գերմանիայի Ազգային տոնը

Այսօր Գերմանիայում նշվում է երկրի Ազգային տոնը: Հոկտեմբերի 3-ը Գերմանիայում համարվում է Ազգային միասնության օր, քանի որ 1990 թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը վերամիավորվեց  Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ:

Հենց այս առիթով Մամուլիազգայինակումբն ասուլիսի էր հրավիրել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ում խոսքով` պատմական այդ իրադարձությունը իսկական հրաշք էր գերմանացիների համար:

Այդ պատմական հրաշքի սկիզբը դրվել էր դրանից մեկ տարի առաջ` 1989 թ. նոյեմբերի 9-ին, երբ փլուզվեց բեռլինյան հայտնի պատը: Հենց այդ իրադարձությունը սկիզբ դրեց ոչ միայն Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմի ավարտին, այլև Գերմանիայի վերամիավորմանը:

Ռայներ Մորելն այսպես է նկարագրում այդ իրադարձությունները.

«Հոկտեմբերի 3-ը մեզ համար շատ կարևոր և ուրախալի օր է: Այս օրն ունի նաև իր նախապատմությունը: Գերմանիայի արևելյան և արմտյան մասերը բաժանված էին, երկու կողմերը խիստ ռազմականացված էին, զինված էին` նաև ատոմային զենքով, և մենք` գերմանացիներս, հույս չունեինք, որ սա կարճ ժամանակում կարող է փոխվել: Եվ իսկապես հրաշք է, որ պատմության այդ ծանր ժամանակահատվածը երջանիկ ընթացք ունեցավ մեզ համար: Արևելյան Գերմանիայում սկսվեցին ցույցեր: Դրանք խաղաղ ցույցեր էին, որոնք բերեցին բեռլինյան պատի փլուզմանը: Այս պատը ոչ միայն խորհրդանշում էր սառը հարաբերությունները, այլև իսկապես տեսանելի պատ էր արևելքի և արևմուտքի միջև: Կիզակետը հենց Բեռլին քաղաքն էր: Այդ սահմանը խախտողներին նույնիսկ մահապատիժ էր սպառնում, բայց մարդիկ կարողացան հաղթահարել այդ պատը: Դրանից մեկ տարի անց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը որոշեց վերամիավորվել Դաշնային Հանրապետության հետ, այդ իսկ պատճառով մենք տոնում ենք երկու իրադարձություններ` բեռլինյան պատի փլուզումը և 1990 թ. հոկտեմբերի 3-ը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս