
Գալուստ Սահակյան. Շատ զարմանալի է՝ հարկերից ազատում ես, մարդիկ բողոքում են, ասում են՝ չէ, թող հարկ լինի

Շրջանառության հարկը տուգանքի կամ պարտադրանքի, կամ որևէ այլ խնդիր չի առաջացնում, հակառակը, ըստ էության, կառավարությունը գնացել է նրան, որ հարկերից ազատել է մարդկանց: Նման հավաստիացում այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում արել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այսօր առավոտյան ԱԺ-ում կայացած բանակցությունների ժամանակ ֆինանսների նախարարը պատգամավորներին նույնիսկ առաջարկել է իրենց ներկայացուցիչներն ունենալ ֆինանսների նախարարությունում:
«Շատ զարմանալի է, որ հարկերից ազատում ես, մարդիկ բողոքում են, ասում են՝ չէ, թող հարկ լինի: Այստեղ նշանակում է, որ ստվեր կա, դրա համար պետք է փաստաթղթավորվի, բայց դա չի արվի էն մեթոդներով, ինչ մեթոդներով փորձում են ներկայացնել հասարակությանը կամ իրենք են փորձում ներկայացել մեզ»,- ասաց նա:
Գ.Սահակյանը չհերքեց շրջանառվող տեսակետը, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցույցերի են ուղղորդում խոշոր տնտեսվարողները: Ըստ նրա՝ սցենարները տարբեր են, օրինակ՝ խոշորները կարող են մի քանի աշխատողներ ընդունել, գրանցել որպես իրավաբանական անձ և իրենց ապրանքներն առանց փաստաղթղթի վաճառել:
Գ.Սահակյանը հայտարարեց, թե մտավախություն չունի, որ այս խնդրի պատճառով առևտրականները կարտագաղթեն: ԱԺ նախագահը նաև լուրջ չի ընդունել ոչ իշխանական պատգամավորների նախազգուշացումները, որ առևտրականները վճռական են և պատրաստ են լքել երկիրը. «Պատգաավորները ազատ են իրենց խոսքի մեջ, իրենց պատմածների մեջ»: