Տարօրինակ մարդ արարած
Մի հին, բայց արդիական անեկդոտ կա։ Մեկը հեռուստացույց է գնում։ Հարցնում է` ի՞նչ արժե, վաճառողն ասում է` 500 դոլար։ Սա սկսում է խնդրել, թե` աղքատ մարդ եմ, խնդրում եմ, էժան տուր, երեխեքս հաց չեն ուտում գոնե մուլտ նայեն։ Վաճառողը խղճում է, իջեցնում է գինը մինչև 300 դոլար։ Սա շարունակում է ու այնքան է համոզում, որ վերջը հեռուստացույցն անվճար է վերցնում։ Ու խանութից դուրս գալիս հանկարծ կանգնում ու մտքերի մեջ ընկած ինքն իրեն հարցնում է` լավ, բայց ես էդպես էլ չհասկացա` էս վաճառողը որտե՞ղ է ուզում ինձ «քցել»։
Առաջին հայացքից այս անեկդոտը շատ նման է շրջանառության հարկի փոփոխությունից բողոքող առևտրականներին։ Հարկի դրույքաչափը տարեկան 3.5%-ից դառնում է 1%, սակայն նրանք դժգոհում են։ Կառավարությունն ասում է` տեսեք, ինչպես ենք թեթևացնում փոքր ու միջին բիզնեսի բեռը, փոքր բիզնեսը չի հավատում ու դժգոհում է։
Բայց, ինչպես նշեցինք, սա` միայն առաջին հայացքից։ Նախ` գաղտնիք չէ, որ Հայաստանում փոքր ու միջին գործարարներն իներցիայով կասկածանքով են վերաբերվում իշխանության ցանկացած նախաձեռնության։ Ու երբ կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ է 8.5 միլիարդ դրամի հարկերից հրաժարվել ու դրույքաչափ նվազեցնել` մարդիկ առաջին հերթին ուզում են հասկանալ, թե ի՞նչ է թաքնված դրա տակ։
Հետո հասկանում են, որ սա թակարդ կարող է դառնալ։ Որ իրենք դառնում են պարզապես գործիք, հարկային գործակալ` խոշոր բիզնեսի հարկման համար։ Հասկանում են, որ նախաձեռնությունն իրականում ոչ թե փոքր բիզնեսին աջակցություն է, այլ ուրիշ նպատակ ունի։
Ի դեպ, այս տարվա հունիսին, երբ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս փոփոխության մասին նշեց, որ օրենսդրական փաթեթի նպատակը խոշոր հարկատուների հարկումն ապահովելն է, և այս դեպքում չարժե խոսել փոքր բիզնեսի աջակցության մասին, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համաձայնեց այդ դիտարկման հետ։ Նաև ավելացրեց, որ երկրորդ կարևոր նպատակն այն է, որ իրենք կարողանան ունենալ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների իրական պատկերն ու վիճակագրությունը։ Այսինքն` կառավարությունն ընդունում է, որ նպատակը ՓՄՁ-ին աջակցելը չէ, և այդ մասին հայտարարությունները պարզապես շղարշ են։
Հիշեցնենք, որ արդեն ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` առևտրի ոլորտի փոքր ու միջին գործարարների համար շրջանառության հարկը նախկին 3.5%-ի փոխարեն դառնում է 1%, սակայն նրանց ապրանքաշրջանառությունը պետք է պարտադիր փաստաթղթավորում ունենա։ Եթե ստուգմամբ պարզվի, որ առևտրականը որևէ ապրանքի փաստաթուղթ չունի, ապա առաջին խախտման դեպքում նախատեսված է նախազգուշացում, երկրորդ խախտման համար` 20 հազար դրամ տուգանք, 3-րդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտի դրույքաչափը դառնում է 5%:
Կարճ ասած, պետությունն ուզում է փոքրի միջոցով մաքրել մեծերի ստվերը։ Խոշոր բիզնեսի դեմ պայքարելու «պատիվը» թողնում է փոքր ու միջին առևտրականներին։
Դրա համար էլ փոքր բիզնեսը նախընտրում է վճարել 3.5% և չփաստաթղթավորել։
Այսինքն` 39 հազար տնտեսվարող սուբյեկտներ նախընտրում են ստվերը, քանի որ այդպես ավելի ձեռնտու է։
Կարճ ասած, բիզնեսի կեցվածքը տարօրինակ չէ։ Տնտեսագիտական ճշմարտություն է` բիզնեսը ստվերից դուրս է գալիս այն ժամանակ, երբ ստվերում մնալու ծախսերն ավելի մեծ են, քան օրինական աշխատելու դեպքում։ Այս դեպքում բիզնեսը գտնում է, որ ավելի շահավետ է մնալ ստվերում և վճարել 3.5%։
Սակայն եռանկյունու մյուս երկու կողմերի` իշխանության և ընդդիմության (չիշխանության) կեցվածքն է տարօրինակ։
Իշխանությունը տարօրինակ է, որովհետև հույս ուներ, որ հասարակությունը ծափերով կդիմավորի իր այս նախաձեռնությունը։ Տոտալ անվստահության պայմաններում կառավարությունը, չգիտես ինչու, սպասում էր, որ մարդիկ կհավատային 8.5 միլիարդ դրամ կորստի պատրաստակամությանը։ Տարօրինակ է նաև այն, որ չնայած տնտեսության վատ վիճակին ու մարտահրավերներին` կառավարության գերնպատակը շարունակում է մնալ ամեն գնով բյուջեն լցնելը։
Այսինքն, փոխանակ հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստի բիզնեսին ու տնտեսությանը, փորձ է արվում տնտեսությունը ծառայեցնել բյուջեին։ Սա երկար շարունակվել չի կարող։
Իսկ ամենատարօրինակը, թերևս, ընդդիմության (չիշխանության) կեցվածքն էր։
Ընդդիմությունը, որն այսօր կանգնել է առևտրականների կողքին և պայքարում է շրջանառության հարկի փոփոխության դեմ, առաջարկում է կամավորության սկզբունք կիրառել (ով ցանկանում է` մնա 3.5%-ի ռեժիմով), հունիսին իրեն տարօրինակ էր պահում, երբ քննարկվում էր այս օրինագիծը։
Հիշեցնենք, որ իշխանությանը քառյակի կողմից ներկայացված 12 պահանջների մեջ կար նաև շրջանառության հարկը 3 անգամ նվազեցնելու պահանջը։ Ու ստացվում էր, որ կառավարությունն ընդառաջ է գնացել, դեռ մի բան էլ ավելին` նվազեցրել է 3.5 անգամ։
Հարցի առաջին ընթերցման ժամանակ ընդհանուր մոտեցումն այն էր, որ` այո, այս նախաձեռնությունը համահունչ է քառյակի 12 կետանոց պահանջներին, սակայն կիսատ է։ Այսինքն` քառյակը պահանջում էր շրջանառության հարկը նվազեցնել ամբողջ փոքր ու միջին բիզնեսի համար, իսկ կառավարությունը խտրականություն է կատարել և վերցրել է միայն առևտրի ոլորտը:
Օրինակ` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն օրինագծի քննարկման ժամանակ ասում էր. «Ուզում եմ հիշեցնել, որ 4 քաղաքական ուժերի, խմբակցությունների քառյակը մի պահանջ է ներկայացրել իշխանություններին, ըստ որի` մենք պահանջում ենք` հանուն փոքր և միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության, առնվազն 3 անգամ կրճատել շրջանառության հարկը, և այնտեղ մենք նկատի ունենք անխտիր բոլոր կատեգորիաների համար: Դուք, չգիտես ինչու, անկախ նրանից` դուք դա համարում եք արձագանքումնե՞ր պահանջին, թե՞ ոչ, չգիտես ինչու, դուք ինչ-որ մի կատեգորիան առանձնացրել եք, առևտրական առքուվաճառքով զբաղվող այդ կատեգորիան, և նրանց համար այդ թեթևացումն անում եք»:
Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե կառավարությունն ընդառաջ գնար և օրենքը տարածեր ոչ միայն առևտրի, այլ բոլոր ոլորտների վրա։ Այսօր բողոքող առևտրականներին կմիանային նաև մյուս ոլորտների մանր ու միջին ձեռնարկատերերը։ Այսինքն` ավելի մեծ թվով մարդիկ կհայտնվեին փաստի առաջ։
Վտանգի մասին առարկայորեն խոսեց թերևս միայն Արծվիկ Մինասյանը` նշելով, որ 3.5 տոկոսը 1 տոկոս դարձնելու դիմաց պահանջում են, որպեսզի փոքր սուբյեկտները դառնան խոշոր հարկատուների հարկային պարտավորությունները բացահայտելու և գանձելու գործակալներ։
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խոսում էր փոքր ու միջին բիզնեսի գրագիտության հետ կապված խնդիրների մասին, որ նրանք կարող են խնդիրներ ունենալ փաստաթղթերը լրացնելիս։ Նաև խոսում էր առավել կոշտ հարկային վարչարարությանն անցնելու ռիսկերի մասին։ Սակայն ընդհանուր առմամբ դեմ չէր։
Ավելին` հարց էր բարձրացնում, թե նպատակահարմար չէ՞ր լինի, որ 1%-ի փոխարեն` ընդհանրապես զրոյական դրույքաչափ սահմանվեր։
Կոշտ ու հստակ քննադատություններ գրեթե չեղան: Հարցերը հնչում էին հիմնականում այսպիսի ձևակերպումներով` «չե՞ք կարծում, որգ», «չե՞ք գտնում, որգ», «համաձայն չե՞ք, որգ»:
Կարելի է ասել, որ ամենաընդդիմադիր ու կոշտ գնահատականներից մեկը հնչեց հենց ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանից, ով պարզ ու կոնկրետ նշեց. «Գործ տվողի ինստիտուտը, որ հիմա ներդնում եք այս օրենքի հետ կապված, ՀՀ-ում, և դրա վերահսկման մեխանիզմը, որ դուք տեսնում եք, այդ համագործակցությունը խորհրդի հետ, կարծում եմ, այստեղ պրոբլեմ է լինելու»։
Երկրորդ ընթերցման ժամանակ ընդդիմությունից ելույթներ չեղան։
Քվեարկության արդյունքները համահունչ էին քննարկումների ոգուն` 95 կողմ, 2 դեմ, 9 ձեռնպահ։ ՀՀԿ-ն, բնականաբար, կողմ էր քվեարկել։ ՕԵԿ-ը, որն այն ժամանակ արդեն իրեն ընդդիմադիր էր համարում, նույնպես հայտարարեց, որ կողմ է քվեարկում։ Դաշնակցությունը հայտարարել էր, որ ձեռնպահ է։ Օրինագծին դեմ էին քվեարկել միայն «Ժառանգության» անդամներ Թևան Պողոսյանը և Ռուբիկ Հակոբյանը։
Իսկ ամենաուշագրավը ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դիրքորոշումն էր։ ԲՀԿ-ն, որն այսօր ամենաակտիվն է այս հարցի քննարկումներում, կողմ էր քվեարկել, ՀԱԿ խմբակցության անդամների մեծ մասը` ձեռնպահ:
Ահա այստեղ է ամենատարօրինակը։ Նախ` ԲՀԿ-ի դեպքում արդեն ավանդույթ է դառնում, որ մեծ կարևորություն ունեցող որևէ օրինագծի կողմ են քվեարկում, հետո սկսում ակտիվ պայքարել դրա դեմ (օրինակ` կուտակային կենսաթոշակների հարցում)։ Այսինքն, ԲՀԿ-ն իր հավանությանն արժանացրած օրինագծերը հետագայում վերարժեքավորելու հակում ունի։
Այն աստիճանի վերաիմաստավորելու, որ երեկ ցուցարարների հետ հանդիպման իջնելով` Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենք պահանջում են օրենքի ամբողջական կասեցում։
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա միգուցե ԲՀԿ-ին չնեղացնելու համար որոշել են ձեռնպահ մնալ։ Խմբակցության 7 անդամներից 5-ը ձեռնպահ են քվեարկել, երկուսը (Ստեփան Դեմիրճյանն ու Հրանտ Բագրատյանը) բացակա են եղել։ Հիմա հնչում են հայտարարություններ, որ օրենքն ընդհանուր առմամբ վատը չէ` ուղղված է ստվերի կրճատմանը, սակայն ռիսկեր է պարունակում փոքր ու միջին բիզնեսի համար։
Ու ամենատարօրինակն այն է, որ հայրենի պատգամավորներն այդ ռիսկերն ու վտանգները գիտակցում են միայն այն ժամանակ, երբ օրենքն արդեն ուժի մեջ է մտել, և դրա դեմ պայքարում են այն մարդիկ, ում դա վերաբերում է։ Այսինքն` գալիս ու կանգնում են բողոքավոր զանգվածի կողքին։ Մինչդեռ պետք է հակառակը լիներ` ահազանգը հնչեցնողն ու մարդկանց ոտքի հանողը պետք է իրենք լինեին։