ԱԺ-ում ավարտվել է ֆինանսների նախարարի և պատգամավորների հանդիպումը. կողմերը փոխզիջման չեն եկել շրջանառության հարկի խնդրով
Քիչ առաջ Ազգային Ժողովում ավարտվեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԱԺ բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են շրջանառության հարկի շուրջ առաջացած խնդրի լուծման հնարավոր տարբերակները։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդիպման ավարտից հետո հայտնեց, որ որևէ կոմպրոմիս կառավարության և խորհրդարանական ուժերի միջև չի կայացել։ Ըստ Մանուկյանի՝ ֆինանսների նախարարը հայտնել է, որ կառավարության համար ընդունելի չէ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկներից և ոչ մեկը։ Մասնավորապես, պատգամավորները առաջարկել են որոշ ժամանակով հետաձգել օրենքի կիրառումը, կամ տնտեսավորղներին հնարավորություն տալ ընտրություն կատարելու 1% շրջանառության հարկի և պարտադիր փաստաթղթավորման կամ առանց փաստաթղթավորման պահանջի 3.5% դրույքաչափի միջև
Ֆինանսները նախարարն ընդամենը պատգամավորներին է ներկայացրել իր հրամանը՝ սեպտեմբերի 22-ի ամսաթվով, և վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սեպտեմբերի 25-ի հանձնարարականը, որyւմ մասնավորապես ասված է.
«ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավորղ սուբյեկտների մոտ անհիմն ստուգումներ իրականացնելուց՝ թիրախավորելով խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ պատշաճ հսկողությունը և նպաստելով ՀՀ-ում ՓՄՁ կայացմանն ու զարգացմանը»։
Ըստ Ա.Մանուկյանի՝ Գ. Խաչատրյանը հայտնել է, որ իրենք չեն կարող գնալ որևէ փոխզիջման, որովհետև այդ դեպքում բյուջեի եկամտային մասի կատարման հետ լուրջ խնդիրներ կունենան, և բյուջեի կատարումը կարող է ձախողվել։
Թեպետ ի սկզբանե ներկայացվում էր, որ կառավարությունը դրույքաչափն իջեցնելով՝ հրաժարվում է մի քանի միլիարդ դրամի հարկային մուտքերից, սակայն այսօր նույն կառավարության ներկայացուցիչների գնահատականներով՝ այս օրենքից ակնկալվող լրացուցիչ մուտքերը կազմում են 10 միլիարդ դրամ է։ Իսկ որոշ պատգամավորներ կարծում են, որ գումարը կարող է հասնել 30 միլիարդի։