
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չսահմանափակվել երկրի տարածքում միայն «Իսլամական պետությանը» հարվածելով

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն ԱՄՆ-ին կոչ է արել ավիահարվածներ հասցնել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այլև՝ ահաբեկչական մյուս խմբավորումների դիրքերին.
«Նրանք ունեն նույն գաղափարախոսությունը, գործում է նույն ծայրահեղական գաղափարախոսությունը: ԱՄՆ-ը պետք է հարվածների իր ցուցակում ընդգրկի իսլամական բոլոր խմբավորումներին, որոնք պատերազմում են նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ»:
Մուալեմը վստահություն է հայտնել, որ Դամասկոսը փաստացիորեն հայտնվել է միաջազգային կոալիցիայի հետ նույն շարքում՝ ընդդեմ «Իսլամական պետության». «Մենք պատերազմում ենք «Իսլամական պետության» դեմ, նրանք (միջազգային կոալիցիան) նույնպես պատերազմում են «Իսլամական պետության» դեմ: Դամասկոսը գոհ է կոալիցիայի գործողություններից»:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ է հասցնում սեպտեմբերի 23-ից: