
Գալուստ Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Նորմալ է, որ դեմ են քվեարկում Ձեր նախագծին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի նիստի սկզբում կոչ արեց կողմ քվեարկել իր ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանապահ մոտ 40 բնակավայրերին որոշակի արտոնություններ տալ: Ըստ նրա՝ օրենքով նախատեսվում է, որ այդ համայնքների բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի վարձի 50%-ը պետք է վճարվի բյուջեից, նաև համայնքների դոտացիան ավելացնել առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքների կարիքները հոգալու համար, սահմանային գոտում ականների պայթյուններից և ադրբեջանական գնդակներից վիրավորվածներին պետբուժում ապահովել: Նա նշեց, որ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել՝ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն դեմ են եղել, ԲՀԿ-ն հիմնավորել է, թե այլ օրենքներում լրացումների կարիք կա, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, թե կառավարոթյունն ավելի համապարփակ օրենք է մշակում:
Սակայն, Ն.Փաշինյանի խոսքով, կառավարության և իր օրինագծերը սկզբունքորեն տարբերվում են:
«Կառավարության ներկայացրած նախագիծը նույնպես շատ կարևոր է, բայց այն ձեռնարկատիրական գործունեությանն է վերաբերում, իսկ մեր նախագծով արտոնություն տրվում է ուղիղ բնակիչներին, նրանց, ովքեր այսօր ապրում են այնտեղ: Ամառային դեպքերից հետո նրանց ուղիղ ուղերձ է պետք, թե ինչ է ձեռնարկվելու անմիջապես բնակիչներին ուղղված»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սոցիալական այս նվազագույն արտոնությունների տրամադրումը ազգային անվտանգության խնդիր է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե քաղաքական 6 խմբակցություններ դիմել են կառավարությանը, որի օրինագիծն ավելի համապարփակ կլինի. «Այնպես չթվա, որ ԱԺ-ում մարդիկ կան, որ դեմ են սահմանային շրջաններին արտոնությոններ տալուն: Նախ՝ պետք է հստակ սահմանել, թե որոնք են սահմանային շրջաններ: Այնպես որ՝ նորմալ է, որ դեմ են քվեարկում Ձեր նախագծին»: