Զ. Փոստանջյան. ԱԺ ամբիոնը «գրողի ծոցը» չէ, թեև կարելի է եզրակացություն անել, որ հեռու չէ գրողի ծոց լինելուց՝ այստեղ է սպանվել երկրի ղեկավարությունը…
Այսօր Ազգային ժողովը սկսեց 6-րդ նստաշրջանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց, որ «Արտակարգ իրավիճակի մասին» ՀԱԿ պատգամավորների ներկայացրած օրինագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել, բայց հեղինակներն արտահերթ են համարել և այն ընդգրկվել է օրակարգում, որը կքննարկվի երեքշաբթի օրը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե հայ-թուրքական արձանագրությունները ե՞րբ են դուրս մղվելու ԱԺ օրակարգից:
«Հռետորական հարց եք տալիս, որովհետև ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահը հնչեցրել է իր դիրքորոշումը, իսկ դրանք նախագահի իրավասության շրջանակում է»,- ասաց Գ.Սահակյանը:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել «գրողի ծոցը». «Հիմա ես կարծում եմ, որ ԱԺ ամբիոնը գրողի ծոցը չէ, թեև կարելի է եզրակացություն անել, որ հեռու չէ գրողի ծոց լինելուց՝ այստեղ է սպանվել երկրի ղեկավարությունը…»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց պատգամավորին ԱԺ օրակարգի սահմաններում մնալ: Նա հայտարարեց, որ խնդիրը օրակարագի հետ կապ չունի և անջատեց Զ.Փոստանջյանի խոսափողը: