Ալեքսանդր Արզումանյան. «Սա կարող է բերել հերթական ցեղասպանության սպառնալիքի մեր եղբայրների և քույրերի գլխին»
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ դնելու հարցը արդիական է դառնում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները մշտապես մեզ վստահեցնում էին, որ դա բացառվում է: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր Հայաստանի արտգործնախարարության կողմից տրամադրված Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրի տեքստը, որտեղ նշվում է, որ Մաքսային միության տարածքում իրականացվում է մաքսային վերահսկողություն մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ: Սա, ըստ էության, նշանակում է, որ այդ Հայաստանի անդամակցությունից հետո մաքսային վերահսկողությունը կարող է իրականացվել նաև միության մաս չհանդիսացող ԼՂՀ-ից ՀՀ-ի տարածք մտնող ապրանքների նկատմամբ:
Անդրադառնալով սրան` Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ պայմանագրի կետերին ծանոթ է եղել, բայց իր համար նորություն էին հավելվածները, որոնք, ի վերջո, հրապարակվեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի համառության շնորհիվ:
«Ես նորից կրկնեմ իմ մտավախությունը` առաջինը մաքսակետի բացումն է, երկրորդը` սահմանակետի, երրորդը` ռուս զինվորների ներկայությունը: Սա անընդունելի և և սա կարող է բերել հերթական ցեղասպանության սպառնալիքի մեր եղբայրների և քույրերի գլխին»,- հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարարը:
Այս առումով նա վտանգավոր է համարում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի երեկվա մեկնաբանությունը: Վերջինս «Ազատություն» ռ/կ-ին ասել էր. «Մաքսակետ տեղադրելու ծրագրեր առայժմ մեզ մոտ չկա»:
Պարոն Արզումանյանը սա անվանեց «լեզվի սայթաքում` ըստ Ֆրեյդի», ինչը նշանակում է, որ ենթագիտակցության մեջ արդեն կա, որ այդ հարցը քննարկվելու է. «Սա լավ առիթ է, որպեսզի մենք վերանայենք մեր մոտեցումները և մեր գործընկերներին բացատրենք, որ սա մեզ համար անընդունելի տարբերակ է, և գուցե հետաձգենք լրացուցիչ վերամշակման համար կամ առաջարկենք մեր կողմից, որ մաքսակետ դրվի Ղրիմի և Ռուսաստանի հարաբերություններում. Ղրիմի ապրանքները նույնպես չեն կարող մտնել Ռուսաստան, որովհետև Ղրիմի` Ռուսաստանին մաս կազմելը նույնպես չի ճանաչել և ոչ մի երկիր, այդ թվում` Մաքսային միության անդամները»: