«Դաշնակցությունն ուզում է իր Սերժ Սարգսյանին ունենալ, իսկ եռյակը՝ իր»

Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակը («Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը) հանրահավաք կանցկացնի, որի ժամանակ կքննարկեն սահմանադրական բարեփոխումների հարցը և կամփոփեն կառավարությանը ներկայացրած քառյակի 12 կետերի կատարման վերաբերյալ իրենց դիտարկումները:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու հանրահավաքին, քանի որ կողմ է իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Հանրահավաքի և նրանից ունեցած ակնկալիքների մասին խոսեցինք «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք եռյակի հանրահավաքից:

– Ես հանգիստ եմ վերաբերվում այդ պրոցեսին, ուրախ կլինեմ, եթե իրենց հաջողվի ժողովրդին ակտիվացնել, բայց կոնկրետ եռյակի հետ ես քաղաքական ապագա Հայաստանի համար չեմ տեսնում: Բայց կողմ եմ, որ իրենք իրենց միջոցներն օգտագործեն` ժողովրդին ակտիվացնեն: Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ բացի իշխանությունից և այս եռյակ-քառյակից՝ ի հայտ կգա նաև երրորդ ուժ: Մի կողմից՝ եռյակը կակտիվացնի ժողովրդին, մյուս կողմից՝ իշխանությունները կակտիվացնեն ժողովրդին՝ սահմանադրական իրենց փոփոխությունների հետ կապված, մեկ էլ տեսար, Աստված կամեցավ՝ երրորդ ուժն էլ այդ ամբողջ ակտիվությունն օգտագործի և երկրում իրավիճակ փոխի: Այդ կոնտեքստում դրական եմ վերաբերվում, որ իրենք ինչ-որ բան նախաձեռնում են:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի՝ հանրահավաքին չմասնակցելու որոշումն ու, ըստ էության, քառյակից դուրս գալը:

Կարդացեք նաև

– Ինչքան Դաշնակցությունը Հայաստանում ակտիվ գործում է, որևիցե անգամ չեմ հիշում լուրջ խնդիր, որի դեպքում Դաշնակցությունը ժողովրդի կողքին լինի, ժողովրդի համար ինչ-որ բան անի: Ես հասկանում եմ Դաշնակցությանը, ինքը միշտ էլ ասել է, որ պառլամենտական հանրապետության կողմնակից է, բայց ձևացնում են, որ իբր՝ չենք հասկանում, որ հիմա այդ պառլամենտական հանրապետության անցումը մի նպատակ ունի՝ ոչ թե ժողովրդավարություն հաստատել, երկիրն առաջ տանել, այլ գործող իշխանության վերարտադրությունն է: Իրենք ձև են բռնում, թե չեն հասկանում, որ գլխավոր նպատակը դա է:

Ես չեմ հիշում, որ Դաշնակցությունը մի լուրջ քայլ ժողովրդի համար արած լինի ու իշխանության հետ չլինի: Առաջին իշխանության ժամանակ, քանի որ հաղթանակն առաջին իշխանությանն էր, բացասական վերաբերմունք ունեին, քննադատում էին, բայց հետո իրենք էլ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ իշխանություն եղան, Սերժ Սարգսյանի հետ էլ են եղել իշխանություն, արդյունքը՝ զրոյական, բացասական: Իրենք բացարձակապես հպարտանալու բան չունեն:

– Հանրահավաքին քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների հարցը և ամփոփվելու են քառյակի 12 կետերը: Ի՞նչ կասեք այս օրակարգի մասին, ըստ Ձեզ՝ ճի՞շտ հարցեր են բարձրացնում:

– Սահմանադրական փոփոխությունների հարցը լուրջ է, իսկ 12 կետերը ես լուրջ քաղաքական ուժի հարցեր չեմ համարում: Գույնը, գիծը, կարմիրը, կանաչը… մանր-մունր խնդիրներ: Սահմանադրական փոփոխությունների խնդիրը լուրջ եմ համարում և գտնում եմ՝ այսօր ո՛չ պահն է, ո՛չ էլ ժամանակը՝ սահմանադրական փոփոխություններ անելու համար:

– ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ կարծիք էր հայտնել, որ սահմանադրական փոփոխությունները «փրկություն» են եռյակի համար, քանի որ ամփոփելով 12 կետերը՝ նրանք չեն կարող պահանջել Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

– Իսկ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ի՞նչ խնդիր է լուծում: Օրինակ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ մի բան չփոխեց: Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ի՞նչ է փոխելու, ոչ մի բան: Այստեղ էլ՝ ևս մի խաբեություն: Կա նախագահ, կա մեծամասնություն, որին կառավարում է նախագահը: Ի՞նչ տարբերություն՝ վարչապետը Կիրակո՞սն է, թե՞ Պողոսը: Դատարկ զբաղմունք, Հովիկ Աբրահամյանը կգնա, կգա էսինչ էսինչյանը, ի՞նչ է փոխվելու: Այսօրվա կառավարությունն ինչո՞վ է տարբերվում նախորդից, ոչ մի բանով:

– Այսինքն՝ անիմաստ են համարում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելը, դրա համա՞ր չեն բարձրացնում այդ հարցը:

– Վերջը հասկացան, որ անիմաստ է դա, Հովիկ Աբրահամյանի հետ որոշակի երևի հույսեր են կապում, բայց մեծ իմաստով՝ ի՞նչ տարբերություն՝ Հովիկ Աբրահամյա՞նը լինի, թե՞ Տիգրան Սարգսյանը:

– Հրանտ Մարգարյանը նաև կարծում է, որ եռյակը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ իրենք ուզում են «նախագահ Սերժ Սարգսյանին փոխարինել իրենց Սերժ Սարգսյանով»: Ճի՞շտ դիտարկում է՝ ըստ Ձեզ:

– Ճիշտ է, որովհետև Դաշնակցությունն ուզում է իր Սերժ Սարգսյանին ունենալ, իսկ եռյակը` իր, տարբերություն չկա ո՛չ Դաշնակցության Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ եռյակի Սերժ Սարգսյանի միջև: Ես չեմ տեսնում մարդկային որակների, արժեհամակարգի հետ կապված տարբերություն: Ի վերջո, եկեք չմոռանանք՝ նույն Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստանը» միասին կրակում էին ժողովրդի վրա: Ի՞նչն է փոխվելու իրենց իշխանության գալուց, ոչ մի բան, պետք եղավ` էլի կկրակեն, առաջին անգամն էր դժվար:

– Ձեր կարծիքով՝ ճի՞շտ օր են ընտրել հանրահավաքի համար՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերի 10-ին նախատեսվում է նաև ստորագրել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը:

– Միանշանա՛կ օրը պատահաբար չեն ընտրել: Եթե մինչև այդ օրն ես Սերժին հակաքայլեր անում, ստացվում է՝ Եվրասիական միությանը դեմ ես, իսկ Եվրամիությանը՝ կողմ: Եթե դրանից հետո ես անում Սերժի դեմ միջոցառումը, ստացվում է՝ Եվրասիական միությանն ես կողմ, Եվրամիությանը՝ դեմ: Եթե նույն օրն ես անում՝ հա՛մ այս կողմն ես, հա՛մ այն կողմն ես, այսինքն՝ լղոզված դիրքորոշում է:

Տեսանյութեր

Լրահոս