«Նախագահի ՕԳԳ-ն՝ 0.42 տոկոս է, վարչապետինը՝ 0.35, ոստիկանությունը լավ է աշխատում՝ 2.67». Սոցիոլոգ
«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը Հայաստանի 82 քաղաքներում ու գյուղերում և Երևանի 13 վարչական շրջաններում հարցումներ է անցկացրել 4400 չափահասների շրջանում՝ իշխանությունների գործունեության 2014 թվականի չափանիշը որոշելու համար: Հարցումների այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Հարցման համաձայն՝ բնակչության սպասելիքները գլխավորում են՝ աշխատատեղերի ստեղծումը, թոշակների ու նպաստների բարձրացումը, առողջապահության մատչելիությունը, պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումը, հարկերի նվզումը/հարկայաին արտոնությունները, մասնագիտական կրթության մատչելիությունը, փոքր բիզնեսին, ֆերմերներին աջակցությունը:
Սոցիոլոգը նշեց, որ, ըստ հարցվածների 72%-ի՝ խնդիրների լուծողներն են համարվում Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը.
«Ազատական շուկա նշանակում է, որ դու կարողանաս գործ դնես, քո ընտանիքը պահես, քո պետությանը ապահովես քո հարկերով: Մեզ մոտ դեռ սովետական մեթալիտետն է՝ թող աշխատանք տան, մենք աշխատենք, ինքը նախագահն է, վարչապետն է, թող ինքը մտածի: Այսինքն՝ անձնական խնդիրները, անձնական ակտիվությունը բավականին համեստ է: Մեր այս տվյալներով՝ միայն ընտանիքների 17 %-ն է իր ճակատագիրն իր ուժերով տնօրինում»,- պարզաբանեց Ադիբեկյանը:
Որքանո՞վ են օգտակար աշխատում մեր իշանություններն՝ ըստ բնակիչների. «Նախագահի օգտակարության գործակիցը 0.42 տոկոս է, վարչապետը՝ 0.35, ոստիկանությունը լավ է աշխատում՝ 2.67, Առողջապահությունը վատ է, կրթությունը՝ վատ է, Արդարադատությունը վատ է, Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունը՝ վատ է: ՏԻՄ ղեկավարինը՝ 2.5 է, 5 անգամ ավել, քան նախագահինը, որովհետև եթե գյուղացին խնդիր ունի, միանգամից վազում է գյուղապետի, քաղաքապետի մոտ: Նրանք ՝ իրենց հնարավորություններով աշխատում են այդ օգնությունը ցուցաբերել, դրա համար եթե մենք խոսում են իշխանությունների գործունակության մասին, պետք է ուժեղացնել ՏԻՄ-երը»:
Հարցման արդյունքում որոշել են նաև իշխանության 3 ատյանների գործունեության վարկանիշը. «Վերին ատյանը՝ 0.24, միջին ատյանը 0.79, ներիքին ատյանը 1.1, միասին 2.3: Չեմ ուզում գնահատել՝ լավ է, թե վատ, հաջորդ տարի մենք կաշխատենք նմանատիպ հարցում անել և որոշել փոփոխությունները»,-նշեց սոցիոլոգը:
Ա. Ադիբեկյանը նկատեց, որ Երևանի քաղաքպետարանի արդյունավետությունը բավականին բարձր է՝ 4.655. «Երևանում երբ հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացավ, տեսա՞ք՝ ինչ ալիք բարձրացավ, որովհետև ակտիվությունը բնակչության բավականին բարձր էր: Եթե գյուղից մինչև մարզկենտրոն տրասպորտի գինը բարձրացնեն, բողոքող չկա, և նրանց ձայնը ոչ ոք չի լսում»:
Մարզպետարաններից ամենագործունակը Շիրակն է, հետո՝ Արմավիրը, Գեղարքունիքը, Սյունիքը, Կոտայքը, Արագածոտնը, Արարատը, Տավուշը, Լոռին,Վայոց Ձորը:
Երևանի վարչական շրջաններից ամենագործունակը Ավանը և Դավթաշենն են, հետո Մալաթիա/Սեբաստիան. «Հիմնականում շատ բան կապված է տեղական բարերարների օգնությունից»,- նկատեց սոցիոլոգը:
Ա.Ադիբեկյանը նշեց, որ միջազգային վարկանիշներով Հայաստանի գործունակությունը խիստ բարձր է. «Վրաստանից՝ 50 միավորով, Ադրբեջանից՝ 40 միավորով, Բելառուսից՝ 20 միավորով, Ռուսաստանից՝ 10 միավորով, մոտ ենք Ղազախստանին, որին զիջում ենք ընդամենը 5 միավորով: Բայց բարեկեցության առումով մենք նույնչափ հեռու ենք: Մենք 80-րդ տեղն ենք, երբ Ադրբեջանը, Վրաստանը 30, 40-րդ տեղն են: Դա պայմանավորված է նրանով, որ բյուջեն բավական բարձր է նրանց մոտ, բժշկությունը մատչելի է, կրթությունը մատչելի է և այլն»: