Քաղաքագետ. Եթե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս գա, ԲՀԿ-ն երկրորդ օրը կարող է անցնել պատմության գիրկը

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, այդքան էլ շատ մեծ ակնկալիքներ չունեմ այդ հանրահավաքից` հաշվի առնելով, որ 2008 թվականից այսկողմ մեր ընդդիմությունը տարբեր ֆորմատներով խոստանում է թեժ աշուն, թեժ գարուն, և ես գտնում եմ, որ սա այդ թեժ աշուն, գարուն և ձմեռների սերիաներից է»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքից ունեցած իր ակնկալիքների մասին: Նա նշեց, որ ակնկալիքներ չունի այդ հանրահավաքից, քանի որ նախ` քառյակը դարձավ եռյակ, այդ եռյակի մեջ կա քաղաքական ուժ, որը հայտարարում է, որ ինքն ընդհանրապես ընդդիմություն չէ, այլ այլընտրանքային ուժ է, և երկրորդ՝ նրանք բավական պառակտված են.

«Նրանց գաղափարախոսությունը, քաղաքական հայացքները և նպատակները բավական տարբեր են, որի հետևանքով էլ հենց ՀՅԴ-ն դուրս եկավ: Այնպես որ, ես այդքան էլ շատ մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև նաև նրանց կողմից կառավարությանը ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջը շատ դեպքերում ավելի շատ ջլատում է իրենց ուժը: Ավելի լավ կլիներ՝ շատ քիչ քանակի պահանջներով հանդես գալ ու այդ քիչ քանակի շնորհիվ էլ կարողանալ կառավարությանն ավելի կոնկրետ պարտադրել, որ իրենց պահանջներն իրականացվեն: Թե չէ հիմա այդ 12 կետը բավական բարդ է իրականացնել, և իշխանություններն էլ շատ հեշտությանբ կարող են դրանք ոչ միայն շրջանցել, այլ նաև չանել ընդհանրապես որևիցե բան»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Գ. Համբարյանը նշեց, որ ինքը նրանց ընդհանրապես ընդդիմադիր քաղաքական ուժ չի համարում. «Նախ՝ իրենք ներկա են իշխանությունների մեջ՝ ի դեմս նրանց դեսպանների և հյուպատոսների, որոնք ներկայացնում են ՀՀ-ն այլ երկրներում: Այսինքն՝ իրենք գոնե արտաքին քաղաքականության պահով համագործակցում են իշխանությունների հետ: Այն, որ նրանք քննադատում են ՀՀ գործող իշխանությունների վարվող ներքին քաղաքականությունը, դա փաստ է, բայց արտաքին քաղաքականության ոլորտում նրանք համագործակցում են:

ՀՅԴ-ն հայտարարում է, որ ՀՀԿ-ի ներկայացված ծրագիրը՝ Հայաստանը դարձնել պառլամենտական հանրապետություն, լիովին համապատասխանում է իրենց նպատակներին, և դա նրանց կարևորագույն ծրագրային դրույթներից մեկն է եղել: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ՝ նրանք դուրս եկան քառյակից»:

Կարդացեք նաև

Սահմանադրական բարեփոխումների հարցը, որը քննարկվելու է հանրահավաքի ժամանակ, ըստ քաղաքագետի՝ կարևոր խնդիր է մեր պետականության համար. «Թող քննարկեն և պատճառաբանեն, թե ինչի՞ համար են նրանք դեմ: Ինքս էլ եմ դեմ, որովհետև գտնում եմ՝ մենք պետք է անցնենք պառլամենտական հանրապետության, պետք է անպայման Հայաստանում պառլամենտական հանրապետությունն անցնի ընդհանրապես համամասնական ընտրակարգով, որպեսզի կոռուպցիոն ռիսկերն ընդհանրապես դուրս բերվեն, բայց միևնույն ժամանակ՝ գտնում եմ՝ այն սոցիալ-տնտեսական վիճակում, որում գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է մեր երկիրը, դեռ մեզ պարտադրում է ունենալ ուժեղ կիսանախագահական, կիսապառլամենտական հանրապետություն, որտեղ և՛ նախագահը, և՛ Ազգային ժողովը պետք է ունենան բավական լայն լիազորություններ»:

Գ. Համբարյանը նկատեց, որ պառլամենտական հանրապետությունը գործում է այն պետություններում, որտեղ կան կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություն, ունեն պատմություն, ծրագրեր. «Հլը մեզ մոտ ժողովրդին հանեք, հարցրեք՝ ինչո՞վ է տարբերվում, ասենք, ՀՅԴ-ի ծրագիրը՝ ԲՀԿ-ից, կամ ՕԵԿ-ի ծրագիրը՝ «Ժառանգության» ծրագրից: Ոչ ոք ոչինչ չգիտի, որովհետև մեծ մասամբ այս կուսակցությունները մարդ-կուսակցություններ են: Այսինքն` եթե ԲՀԿ-ից դուրս գա Գագիկ Ծառուկյանը, այդ կուսակցությունը երկրորդ օրը կարող է անցնել պատմության գիրկը»:

Գ. Համբարյանը կարծում է՝ այն հանգամանքը, որ հանրահավաքի օրն ընտրված է հոկտեմբերի 10-ին, երբ նույն օրը նախատեսվում է նաև, որ կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը, մեսիջ է և՛ Վլադիմիր Պուտինին՝ Եվրասիական միության կնքահորը, և՛ Արևմուտքին.

«Դա մեսիջ է, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ չէ, որ շատ հարթ է, ամեն ինչ չէ, որ շատ սահուն է ընթանում, քաղաքական պրոցեսները կարող են այլ ուղղությամբ ընթանալ»:

Գ. Համբարյանից նաև հետաքրքրվեցինք` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունների տակ ո՞ր քաղաքական ուժերն են գտնվում: Ի պատասխան` նա ասաց.

«Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ շատ քիչ ուժեր կան, հիմնականում նրա համախոհներն են, և դա շատ նորմալ է, որովհետև Լ. Տեր-Պետրոսյանը չունի իշխանություն, չունի լծակներ, չունի գումար, որով կարող էր համախոհներին հավաքել իր շուրջ, ավելի շատացնել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը համարյա թե բոլոր քաղաքական ուժերում ունի իր կողմնակիցներին, և՛ ՀՅԴ-ի մեջ կան, և՛ ՀՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի»: Քաղաքագետը վստահ է, որ Ռ. Քոչարյանը բազմաթիվ քաղաքական ուժերի մեջ ունի իր կողմնակիցների ստվար զանգվածը. «ՀՀԿ-ն մեկ կուսակցություն է, բայց դրանում տարբեր բևեռներ կան, և այդ տարբեր բևեռներից մի քանիսն անպայման կլինեն Սերժ Սարգսյանի կողքին: Եվ այստեղ խնդիրն այն է, թե ինչ իրավիճակներ կստեղծեն այս քաղաքական անձինք, ես ավելի շատ նկատի ունեմ Ռ. Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»: Մեր հարցին՝ այսինքն` հստակ չե՞ք կարող ասել՝ ո՛ր քաղաքական ուժը ո՛ր նախագահի ազդեցության տակ է, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց. «Ոչ, որովհետև ժամանակին նույն ՀՀԿ-ն կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի կողքին, և այդ նույն անձինք հիմա կան իշխանությունում: Շատ դեպքերում, գուցե, բացեիբաց հայտարարում են, որ կողմ են գործող նախագահի վարած քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ` ծածուկ այլ գործունեություն են ծավալում»:

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծիք էր հայտնել, որ սեպտեմբերի 16-ից հետո «Ժառանգությունն» էլ մտավ «քոչարյանական» ստվերի տակ: Գ. Համբարյանից հետաքրքրվեցինք, թե, ըստ նրա՝ ո՞ւմ ազդեցության տակ է այժմ «Ժառանգությունը»: Գ. Համբարյանն էլ ասաց, որ ինքն ապացույցներ, փաստեր չունի, թե «Ժառանգությանը» հովանավորում է ՀՀ երկրորդ նախագահը. «Այն, որ «Ժառանգությունն» Արևմուտքի պրոյեկտն է, և այն ժամանակ, երբ տեղի էին ունենում ԱԺ ընտրությունները, հենց Արևմուտքի պահանջով «Ժառանգության» մեջ մտցվեցին «Ազատ դեմոկրատներ» կոչվող կուսակցության անդամները, դա փաստ էր: Իսկ ինչ վերաբերում է ներքին հովանավորյալներին, ապա ես այդ մասին տեղեկություններ չունեմ և չեմ կարող ասել»:

Հարցին՝ նրանց դիրքորոշումներից չե՞ք կարող ենթադրել՝ Հայաստանի երեք նախագահներից որևէ մեկի ազդեցության տա՞կ է «Ժառանգությունը», թե՞ ոչ, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Եկեք ճշտենք այն կարևոր խնդիրը, որ այսօրվա դրությամբ «Ժառանգությունն» իր ներսում է շատ պառակտված: Շատ դեպքերում «Ժառանգության» բազմաթիվ անդամներ միմյանց նկատմամբ այնքան էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ չեն: Բացարձակ չի երևում հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը, բավական պասիվ կեցվածք է նա ընդունել: Իսկ ինչ վերաբերում է, թե նրանց դիրքորոշումը ո՞ր նախագահի դիրքորոշմանն է ավելի մոտ, ապա պետք է նշեմ, որ հնարավոր է՝ դիրքորոշումների պահով մոտիկություն լինի Ռ. Քոչարյանի հետ, բայց հաստատ ասել, որ սա այս նախագահի կողմից է հովանավորվում՝ անհնար է»:

Տեսանյութեր

Լրահոս