Արամ Մանուկյանը՝ ՎՊ հայտնաբերած խախտումների մասին. Սրանք լուրջ հանցագործություններ են
2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների և ապրանքների գնումների ոլորտում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել հիմնականում 2 ծրագրերում՝ «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում»:
ԿԳՆ-ում ստուգումներն իրականացնող խմբի ղեկավար, ՎՊ 7-րդ վարչության պետ Մեսրոպ Հակոբյանն այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ զեկույցի քննարկման ժամանակ ներկայացրեց, որ «Հատուկ կրթություն» ծրագրով նախարարության 4 ՊՈԱԿ-ներում «սան/օրերը» սահմանվածից ավելի հաշվարկելու հետևանքով սննդի ձեռք բերման նպատակով նախատեսվել է 23 մլն 15 հազար դրամ ավելի գումար, որը վերահսկողության ընթացքում ֆինանսավորումից պակասեցվել է, գումարը ենթակա է վերադարձման պետական բյուջե, իսկ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցներից 194մլն 921.9 հազար դրամը վերահսկողության ընթացքում ֆինանսավորումից պակասեցվել է, այն ենթակա է վերադարձման պետբյուջե:
Ըստ նրա՝ կրթօջախներում հիմնականում դաստիարակների, ուսումնաօժանդակ անձնակազմի հաստիքային միավորների սահմանվածից ավելի նախատեսման հետևանքով հատկացվել է 355 մլն 612.8 հազար դրամ ավելի գումար, այդ թվում՝ «Երևանի Անանիա Շիրակացու անվան կրթահամալիր» ՓԲԸ-ին` 147 մլն 41.9 հազար դրամ, «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ին` 81 մլն 674.3 հազար դրամ, «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին` 14 մլն 146.9 հազար դրամ, «Արմավիրի Տ.Մեծի անվան ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին` 35 մլն 352.9 հազար դրամ, «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին` 77 մլն 396.8 հազար դրամ:
«Բավականին երկար ժամանակ մենք խոսում էինք օպերատիվ վերահսկողություն անելու մասին, որը աշխարհի շատ երկրներում կիրառվում է: Այսինքն՝ սպասելու փոխարեն, ՎՊ-ն օպեատիվ հսկողության ռեժիմով է աշխատում և թերություններն անմիջապես բացահայտում»,- հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ նշելով, որ անցած տարի ՎՊ և նախարարության աշխատակազմի միջև նման համաձայնություն է ձեռք բերվել և խնդիրն ընթացքում է կասեցվում:
Ի.Զաքարյանը նշեց, որ հանդիպել է նշված կրթարանների ղեկավարների հետ և պարզվել է, որ գումարները ճիշտ են հատկացվել, վերադարձման ենթակա չեն, պարզապես կանոնադրական խնդիրներ կան, որ ԿԳՆ-ն պետք է կարգավորի:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի բնորոշմամբ՝ այս խախտումները քրեական հանգագործություն են. «Ձեր ուսումնասիրության արդյունքում այնպես փափուկ արտահայտություններ են ստեղծվել այս մեծ գումարների մասին, որ բարեգործարական բան է ստացվել: Ես հաշվեցի, 700 մլն-ից ավելի է ստացվում: Կատակ գումարներ չեն, բյուջեից դուրս է գրվել, բայց աշակերտ չի եղել և այլն: Ո՞վ է պատասխան տալու: Սրանք քրեական հոդվածներ են: Ստացվում է, գնացել, ասել ենք՝ ախպեր, դու մեծ խախտումներ ես արել… Ես լինեի՝ ռեալ, այս բոլոր գործերը կուղարկեի դատախազություն»:
Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ ՎՊ 2013թ. զեկույցում բերված ամբողջ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Այնպես որ, եկեք այս դաշտից դուրս մնանք: Սա եզակի դեպք էր, որ դատախազությունը շատ արագ արձագանքել է»: Ըստ նրա՝ եզակի էր, որ ստուգվող կազմակերպությունը ՎՊ հետ փորձում էր վերհանել խնդիրները: Սակայն, Ի.Զաքարյանի կարծիքով, անկատար որոշումների կուտակված խնդիրներ կան, ոչ ճիշտ ձևակերպված օրենքներ, որոնց հետևանք են այս խախտումները: