Բաժիններ՝

Իտալական բրենդերը խոչընդոտում են հայկական բրենդի ձևավորմանը

Իտալական բրենդային ընկերությունները բավականին հաջողությամբ համագործակցում են հագուստի արտադրությամբ հայկական ընկերությունների հետ: ՀՀ-ում տեքստիլի արտադրության մոտ 60%-ը զբաղված է արտապատվիրմամբ: Այսինքն՝ իտալական բրենդները, օրինակ՝ «Մոնկլեր», «Վերսաչե» և այլն, գալիս են Հայաստան, օգտագործում հայկական աշխատուժը, պատվիրում իրենց անհրաժեշտ հագուստն ու պատրաստի արտադրանքն արտահանում:

Սակայն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ծրագրի համակարգող Ասյա Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ արտապատվիրումը մեծապես խանգարում է սեփական արտադրանքը սեփական բրենդի տակ աշխարհին ներկայացնել:

«Մեր նպատակն է ստեղծել հայկական արտադրանք, որ համեմված կլինի հայկական հին ավանդույթներով, մշակույթով և նորաձևությամբ, կլինի մեր արտադրանքը և կարտահանվի որպես մեր արտադրանք, ոչ թե զուտ պատվերի կատարում կլինի»,- ասաց նա:

Ա.Գրիգորյանի գնահատմամբ՝ հայկական արտադրանքը հոյակապ որակ ունի. «Չէ՞ որ եվրոպացին, մի փոքր թերություն անգամ տեսնելով, չի ընդունի այն: Բայց խնդիրն այն է, որ հայկական արտադրանքը ներկայացվի որպես հայկական և ոչ թե որպես իտալական որևէ մի բրենդ, ու գրվի՝ «Պատրաստված է Հայաստանում»: Այնպես, ինչպես ժամանակին կոշկեղենն էր արտահանվում: Արտապատվիրման դեպքում գուցե շատ փնտրելուց հետո գտնեք որևէ նշում, որ իրը պատրաստվել է Հայաստանում, բայց դա չի ընկալվում որպես հայկական բրենդ և զարգացման համար դա շատ վատ նախապայման է: Դա գոյատևման լավ նախապայման է, բայց զարգանալու և երկարատև ռազմավարություն ունենալու, քայլերը մշակելու, հայկական մրցունակ արտադրանք ունենալու համար նախապայման չէ: Պետք է սեփական արտադրանք ունենալ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս