«Հայաստանն իսկապես դատական գործընթաց պետք է սկսի Թուրքիայի դեմ»
«Վաղուց պետք է սկսվեր հարցերը իրավական դաշտ տեղափոխելու գործընթացը, թեև նախկինում շատ լծակներ պակասում էին: Մենք այդ հարցը շատ ենք ուշացրել, վաղուց պետք է սկսեինք փաստեր, տվյալներ, ապացույցներ, ուժեր հավաքել: Իհարկե, կան հրաշալի փաստաբաններ, որոնք կարող են իրենց պատասխանատվության տակ վերցնել մեր հայցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի այն հայտարարությանը, որ դիմելու են Թուրքիայի Սահմանադրական դատարան Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմանական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով, ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:
Նրա խոսքով` հոգևորականի այդ հայտարարությունը, սփյուռքի տրամադրվածությունը պահանջատիրության նշան է, կայծ, որ Հայաստան պետությունը սկսի դատական գործընթաց Թուրքիայի դեմ, և որքան շուտ սկսվի այդ գործընթացը, այնքան լավ, քանի որ ըստ նրա` առանց այն էլ շատ ենք ուշացրել:
Հարցին անդրադարձավ նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Նրա կարծիքով` Հայաստանի պահանջատիրությունն ընդհանրապես մինչև 1965թ. որպես այդպիսին` չի եղել, և այդ պոռթկումից հետո միայն պատմագիտական, գեղարվեստական գրականություն հրատարակվեց, այսինքն` մեզանում ի հայտ եկավ պահանջատիրության այդ գաղափարը.
«Ես կարծում եմ` գրականության մեջ հատկապես զգայական ֆոն ստեղծվեց ցանկությունների, հոխորտանքների ու անգամ հայհոյանքների մակարդակով: Դա առաջին փուլն էր, և հիմա մենք` որպես և՛ Հայաստան պետություն, և՛ սփյուռք, ավելի համահավաք և խելացի մոտեցում ենք ցուցաբերում: Իրավական այս գործընթացներն ավելի ճիշտ ուղի են: Ինձ թվում է` այստեղ ոչ թե հողերի պահանջատիրություն է, այլ նրանք պարտավոր են իրենց քաղաքացիների հանդեպ կատարած ոճրի համար պատասխան տալ: Այս հարցը պիտի անպայման քննարկվի»: