Բաժիններ՝

«Իմ տունը ԱՄՆ-ում ոնց որ փոքրիկ Երևան լինի». Հրեա ամերիկուհի Գիլբերթա Ֆեսն ասում է, որ շատ է սիրում հայերին. medialab.am

medialab.am-ը գրում է. Ամերիկուհի Գիլբերթա Ֆեսը (Gilberta Fass), ով ազգությամբ հրեա է, երկար ճանապարհ կտրած ճամպրուկից հանում է մշտապես իր հետ ճամփորդող հայկական հուշանվերներն ու աքսեսուարները, այնուհետև ցույց տալիս հագուստի զարդանախշերը հայկական դրոշի գույներով և պատմում Հայաստանում անցկացրած իր լավագույն օրերի մասին: Հայկական մշակույթով և հայերով հիացած տիկին Գիլբերթան արդեն 30-րդ անգամն է այցելում է Հայաստան: Այս անգամ, ասում է, շատ ուրախ է, քանի որ 18 օր շրջագայելու է Հայաստանում:

Հայաստանի նկատմամբ Գիլբերթայի սերն ի հայտ է եկել գրեթե քսան տարի առաջ, երբ նա 1993-ին առաջին անգամ այցելել և միանգամից հրապուրվել է հին մշակույթ ունեցող երկրով: Այդ ժամանակից ի վեր Գիլբերթան ամեն տարի, առնվազն երկու անգամ՝ մայիսի 28-ին՝ ՀՀ առաջին հանրապետության օրը, և սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր կտրելով գալիս է Հայաստան:

«Ես շատ եմ սիրում հայերին: Մարդիկ են պատճառը, որ գալիս եմ Հայաստան, որովհետև նրանք բարի են ու հոգատար: Երբ դու կարիք ունես ինչ-որ մի բանի, նրանք ուզում են օգնել քեզ: Մարդիկ այստեղ շատ են տարբերվում ամերիկացիներից: Ինձ դուր է գալիս շփումը հայերի հետ, դուր են գալիս ընտանիքների ապրելաոճը, կենսակերպը, միմյանց նկատմամբ նրանց ջերմությունը»,- ասում է տիկին Ֆեսը, ով ապրում է Նյու Յորքում:

Ամուսնու հետ շրջագայելով Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում ու քաղաքներում՝ նա վերջին 19 տարվա ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հայ ընկերներ, ովքեր, նրա խոսքով, դարձել են իրենց հարազատի պես: Հայաստան գալիս նա ամեն տարի այցելում է նրանց` փորձելով սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերել:

«Մինչև Հայաստան գալն էլ մի հայ ընկեր ունեի, ում հանդիպել էի Նյու Յորքում: Շատ մտերիմ էինք, ու դեռ այն ժամանակ շատ էի ուզում գալ Հայաստանը տեսնելու: Երբ առաջին անգամ եկա, դժվար ժամանակներ էին. 1988-ի երկրաշարժն էր եղել, Ղարաբաղյան պատերազմն էր, լույս չկար, ուտելիք չկար, ես չգիտեի` ինձ ինչ է սպասում, բայց, միևնույն է, սիրեցի Հայաստանը»,- ասում է Ֆեսը և պատմում հայերի հյուրասիրության, բարի կամեցողության, հեշտ հաղորդակցման ունակությունների մասին:

Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում՝ Եղեգնաձորում, Քարահունջում, Նորավանքում, Օշականում, Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում և այլ զբոսաշրջային վայրերում շրջագայած տիկին Ֆեսից անբաժանելի է լուսանկարչական ապարատը, որը տարեգրության նման գրանցում է հայաստանյան հիշողությունները գունավոր լուսանկարներում:

Տիկին Գիլբերթան մեկ առ մեկ թերթում է լուսանկարները և պատմում այնտեղ պատկերված մարդկանց մասին: Ոմանք սահմանամերձ գյուղերից են, ոմանք` պարզապես Երևանի փողոցներից: Նա ասում է, որ մեկ շրջագայության ընթացքում լուսանկարում է շուրջ 3000 նկար` մարդկանց, բնություն, փողոցներ, գյուղեր, շենքեր և այն, ինչ կապված է Հայաստանի հետ:

Լուսանկարներից մի քանիսում տիկին Ֆեսը նաև հայ նշանավոր մշակույթի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Զորի Բալայանի և այլոց հետ է:

«Ես հանդիպել եմ այստեղ շատ հետաքրքիր մարդկանց` Գոհար Գասպարյանին, Սիլվա Կապուտիկյանին, վայելել եմ այստեղի համերգները, թատրոնները: Հանդիպումներ եմ ունեցել նաև Օֆելյա Համբարձումյանի դստեր, Չարենցի դստեր ու թոռան հետ»,- ասում է տիկին Գիլբերթան և հավելում, որ ծանոթ է նաև հայկական երգ-երաժշտությանը, պոեզիային, գրականությանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս