
ՀՀ էներգետիկայի նախարարությունում կքննարկվի «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ հարցը

Այսօր ժամը 16:00-ին ՀՀ էներգետիկայի նախարարությունում կկայանա քննարկում՝ «Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ: 168.am-ի այս տեղեկությունը հաստատեց նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը;
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հերթական բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր մինչև «սեպտեմբերի 14-ը, 15-ը, 16-ը» գործարանի վերագործարկման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ներկայացնել:
Այսօրվա հանդիպմանը հրավիրված են գործարանի ներկա և նախկին ղեկավարությունը, աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՅԴ պատգամավորներ, որոնք նախաձեռնել են ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը; Նշենք նաև, որ եթե նախկինում գործարանի ղեկավարությունը գտնում էր, որ «Նաիրիտը» պետք է աշխատի միայն բութադիենային եղանակով, որի համար ժամանակ և մեծ ներդրումներ են պահանջվում, ապա այժմ գերակշռում է տեսակետը, որ գործարանը պետք է վերագործարկել հնարավորինս շուտ՝ ացետիլենային եղանակով, ապա ընթացքում ներդնել նաև բութադիենային տեխնոլոգիան:
Հանդիպման մանրամասներն՝ ավելի ուշ: