Բաժիններ՝

«Ա՜խ, է՜հ, օ՜, վասն… կարճ ասած՝ հայրենասիրություն»

«Ողջունում և շնորհավորում եմ հայ ժողովրդին` հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագրի ստորագրման կապակցությամբ»: Սա ԵԿՄ վարչության ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ստորագրած, հայրենասիրությունը վերջնականորեն ամրագրած հուշագրից փոքրիկ կտոր է:

Հայրենասիրության թեմայով ԱԺ-ում վերջերս ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նրա ելույթը հարուստ էր հառաչներով, հոգոցներով, «ինչևէ»-ներով, պաուզաներով: Կարճ ասած` հայրենասիրությամբ:
Ինչի՞ համար են հայրենասիրության անհեթեթ հուշագրերը, ճռճռան ու լսելիքի համար այդքան տհաճ տեքստերը` հայ զինվորների անկոտրում ոգու կամ հայ ժողովրդի հայրենասիրության թեմայով:
Որոնցով, պարզվում է, հպարտանում ենք…

Մի երկրում հպարտանում են, որ իրենց երկրում բանկային համակարգն ամենազարգացածն է: Մեկ այլ երկրում, որ իրենց քաղաքային տրանսպորտն աշխատում է վայրկյանների ճշգրտությամբ: Մյուս տեղում հպարտանում են ցանկացած գործարքում կողմերի բացարձակ ազնվությամբ: Մեկ այլ երկրում` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, բարձր թոշակով և փողոցների մաքրությամբ:

Մենք նման մանր-մունր, ոչ հոգևոր երևույթներով հպարտանալ չենք կարող: Մեր հպարտության նյութը տեսանելի չէ, շոշափել հնարավոր չէ: Ցինիկաբար կհնչի միտքը, որ մենք հպարտանում ենք մեր պատմական հողերի վերադարձի երազանքով: Կամ` որպիսի վեհությամբ ենք կրում Ցեղասպանության բեռը:

«Հայրենասիրություն» բառով հիմնավորում ենք մեր այս կամ այն գործողությունը, ու այդպիսով մեզ պաշտպանված ենք զգում ցանկացած քննադատությունից: Իսկ ի՞նչ է հայրենասիրությունը: Ես գրեթե համոզված եմ, որ հայրենասիրությունը վախի դրսևորում է կամ ինքնապաշտպանություն` այդ վախից:

Անկախ Հայաստանի երեք նախագահների կառավարման ընթացքում ՀՀ քաղաքացիները նվաստացած են եղել և ե՛ն: Իշխանությունը, օլիգարխիան երկրի ընդերքը, ջրային պաշարները, բնությունը, մարդկանց տանուլ տալով` չեն մոռանում նկատել, թե որքան հայրենասեր ենք մենք, մեզնից յուրաքանչյո՛ւրը, ու, որ տակավին վերջերս, սահմանին, արտաքին վտանգի ժամանակ որպիսի հիացմունքի էր արժանի մեր համախմբվածությունը, մեր հայրենասիրությունը:

Իշխանությունը բաց տեքստով մեզնից յուրաքանչյուրին չի կարող ասել. «Դո՛ւ, ա՛յ ոչնչություն, ա՛յ ողորմելի, որ ընտանիքիդ օրվա հացը մի կերպ ես վաստակում, քվեարկում ես` ինչպես կասեմ կամ ինչպես կցանկանամ, պարտավոր ես կյանքդ էլ անհրաժեշտության դեպքում զոհել` հանուն հայրենիքի»: Ասում են այլ տեքստով, Շուշան Պետրոսյանի և շատ այլ հայրենասերների շուրթերով. «Մատաղ լինենք ձեզ, է՛հ, օ՜հ, ա՜խ, ինչևէ, այդուհանդերձ, զի, վասն… մենք բոլորս զինվոր ենք, մեր տղաներն ամենաքաջն ու մեծահոգին են, նրանք և դո՛ւք, ժողովո՛ւրդ, Հայկի 5000-ամյա գենի կրողն եք, մենք պետք է հաղթենք: Ու դա` ձեր անպարտելի ոգու շնորհիվ: Մատա՛ղ ձեզ…»:

Ի՞նչ է ստացվում, իշխանական վերնախավը, օլիգարխիան իրենց կոշիկները մաքրում են հասարակության արժանապատվության վրա, կարող են 15-ամյա Շահեն Հարությունյանի համար պահանջել 5 տարի ազատազրկում, կարող են Վարդան Պետրոսյանին դատել` որպես հասարակության բոլոր անդամներին վրաերթի միջոցով կանխամտածված սպանելու մոլագարի:

Մյուս կողմից` չեն մոռանում համոզել` կա դարավոր թշնամի, որը մեզնից վախենում է, որից մենք, այդուհանդերձ, ուժեղ ենք: Իբրև թե` վերջնականապես անպետք չենք:
«Հայրենասիրություն» բառի ամենատարածված ինտերպրետացիան անգլիացի գրող Սեմյուել Ջոնսոնինն է` իբրև թե հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է:

Բայց ստացվում է, որ իշխանությունների (կամ սրիկաների) համար հայրենասիրությունն ամենևին էլ վերջին հանգրվանը չէ, այլ հանրության գիտակցությունը կառավարելու ամենաչաշխատող գործիքներից մեկը:

Հայրենասիրության էմոցիոնալ քողի տակ իշխանությունների, օլիգարխիայի շահերը ներկայացվում կամ ընկալվում են` որպես հանրության շահեր, այսինքն` նրանց շահերը սպասարկելը կամ գոնե դրանց դեմ չընդվզելը հայրենասիրության բազմաթիվ դրսևորումներից մեկն է: Առանց հայրենիքի կորստի վտանգի ստեղծման, հորինման` կորչում է իշխանությունների ոտքի տակի հողը: Բայց որպեսզի հայրենասիրության այս ձևակերպումը բնական ու արժանահավատ հնչի, վարձում են ինտելեկտուալների, որոնք հայրենասիրությանը կարող են տալ հեշտ ընկալվող և երկար հիշվող կաղապարներ: Եվ ինտելեկտուալները (որպես կանոն` պալատական մտավորականությունը) նկարագրում են, թե որքան հրաշալի է զոհվել ծաղիկ հասակում` հանուն հայրենիքի…

Կա հայտնի պատմություն. մ.թ.ա. 7-րդ դարում, երբ սպարտացիներն աթենացիներից ռազմական աջակցություն խնդրեցին, աթենացիները զինվորական գնդի փոխարեն Սպարտա ուղարկեցին կաղ ուսուցիչ Տիրտեոսին: Նա պետք է սպարտացիների ռազմական ոգին բարձր պահեր իր բանաստեղծություններով: Հաջողությունն այնքան ակնհայտ էր, որ սպարտացիներն անգամ մոռացան աթենացիների դրժած խոստման մասին:

Չափազանց ակնհայտ է նաև այն, որ մեր հայրենասիրությունը շատ կարևոր ֆունկցիա ունի` հեռանալ այն ստորացուցիչ իրականությունից, որի ստեղծմանը մասնակցում են վերինները, և որից ձերբազատվել չեն կարող ներքևում:

Բայց կարո՞ղ է մեկը բացատրել` այդ ինչպե՞ս է, որ հարևան Ադրբեջանի կողմից դիվերսիաների, սահմանին վիճակը սրվելուն պես բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում:

Այդ դեպքում, ստացվում է, սահմանների պաշտպանությունը ոչ թե հայրենասիրություն է, այլ անհանգստություն սեփական կյանքի կամ մերձավորների կյանքի համար: Նշանակում է, որ մենք կռվում ենք միայն հանուն ֆիզիկական անվտանգության, մեր գոյությունը պաշտպանելու, իսկ կյանքի որակի համար կռվելում անզոր ենք: Բայց սա արդեն հայրենասիրական թեմա չէ, այնպես որ` պետք է ժամանակին դնել վերջակետը: Ինչը և անում եմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս