Բաժիններ՝

Ուկրաինան փրկելու համար Արևմուտքի 10 անելիքները. Die Zeit

Գերմանական Die Zeit թերթի մեկնաբաններ Անդրեաս Ումլանդն ու Կոնստանտին Ֆեդորենկեն իրենց հոդվածում առաջարկում են «10 գործնական քայլ, որոնք կարող են օգնել Ուկրաինային` հաղթահարելու համար ներկայիս ճգնաժամը»:

Նրանք գրում են, որ Կրեմլն իր ներկայիս քաղաքականության օգնությամբ փորձում է խաթարել Ուկրաինայի տնտեսական պոտենցիալի նկատմամբ միջազգային վստահությունը, նվազեցնել նրա քաղաքական կառուցվածքի նկատմամբ ձեռնարկատերերի վստահությունը և կասկածներ առաջացնել ուկրաինական ղեկավարության կոմպետենտության շուրջ, և այդպիսի իրավիճակում արևմտյան հակամիջոցները պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի փոխհատուցեն Ուկրաինայի գործարար կլիմայում ոչ վաղ անցյալում կատարված բացասական փոփոխությունները.

«Այդ միջոցների մի մասը ԵՄ-ից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից ու կազմակերպություններից, որոնք ցանկանում են այս վճռորոշ պահին աջակցել Ուկրաինային, պահանջում են տնտեսական ու քաղաքական աննշան ջանքեր: Դրա համար նրանք պետք է կատարեն հետևյալ 10 քայլերը:

Առաջին քայլը նախատեսում է Ուկրաինային պաշտոնապես հատկացնել ԵՄ-ին անդամակցելու հեռանկար, ինչը ոչ միայն կամրապնդի, այլև` անհրաժեշտ ազդակ կհաղորդի այն ուժերին, որոնք շահագրգռված են Ուկրաինայում բարեփոխումներ կատարելում:

Բացի այդ, դա կմոտիվացնի պոտենցիալ ներդրողներին, խոշոր կոնցեռններն այնտեղ կհայտնվեն հենց հիմա, որպեսզի նրանում ամրապնդվեն այն ժամանակ, քանի դեռ Ուկրաինան պաշտոնապես չի դարձել ԵՄ-ի անդամ:  Սակայն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է այսպես կոչված Կոպենհագենյան չափանիշների կատարում:

Երկրորդ քայլը պետք է դառնա վիզային օրենսդրության ազատականացումն ու ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի ամբողջական վավերացումը: Եվրոպայի ու Ուկրաինայի միջև վիզային սահմանափակումների չեղյալ հայտարարումը կդյուրացնի տնտեսական, գիտական, կրթական ոլորտներում, ինչպես նաև կառավարական ու զբոսաշրջային մակարդակով համագործակցությունը:

Դրա հետ մեկտեղ ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրների ու Եվրախորհրդարանի կողմից Ասոցացման համաձայնագրի ամբողջական վավերացումը, ինչպես նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու պաշտոնական հեռանկարի տրամադրումը կարևոր ազդանշան կհանդիսանան օտար ներդրողների համար:

Երրորդ քայլը, որը պետք է ձեռնարկեն արևմտյան երկրները, առնչվում է այն ընկերություններին քաղաքական երաշխիքներ տրամադրելուն, որոնք շահագրգռված են միջոցներ ներդնել Ուկրաինայում կամ բիզնես վարել նրա հետ, ինչպես որ արդեն իսկ առաջարկել է ամերիկացի հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսը:

Պոտենցիալ ներդրողները կսկսեն ավելի համարձակ ներդրումներ անել Ուկրաինայում, եթե զգան, որ իրենց ներդրումները հուսալի են: Այդ դրամական միջոցներն ու նորարարություններն իրենց հերթին կարող են վերստին խթանել տխուր վիճակում գտնվող ուկրաինական տնտեսությունը:

Չորրորդ քայլը վերաբերում է ԵՄ-ի կողմից Ռուսաստանից ներկրվող մի շարք արտադրատեսակների վրա հարկեր դնելուն` կապված Ղրիմի օկուպացման հետ: Պետք է ամեն տարի բարձրացնել Ռուսաստանից էներգիայի ներկրման վրա հարկը, քանի դեռ թերակղզին կլինի օկուպացված:

Եվրոպան կարող է այդ հարկից ստացվող եկամուտների մի մասն ուղղել Ուկրաինա, իսկ մյուս մասն օգտագործել սեփական էներգոարդյունավետության բարձրացման և «Գազպրոմից» ունեցած կախվածության նվազեցման համար: Ադյպիսով, Ղրիմի օկուպացման համար սահմանված հարկը կարող է դառնալ համաեվրոպական էներգետիկ քաղաքականության ուժեղացման ուղղությամբ առաջին քայլը:

Արևմուտքի հինգերորդ ու վեցերորդ քայլեր կարող են հանդիսանալ ուկրաինական բանակին բուժօգնություն տրամադրելը, նրան ուսուցանելն ու անհրաժեշտ սպառազինություն ու հանդերձանք (զրահաբաճկոններ ու տրանսպորտային ուղղաթիռներ) մատակարարելը, ինչպես նաև պաշտոնապես` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մակարդակով, ընդունել, որ Ուկրաինան իր տարածքում իրականացնում է հակաահաբեկչական գործողություն, իսկ Ռուսաստանի գործողությունները հանդիսանում են ռազմական ագրեսիա:

Արևմուտքի 7-րդ քայլը պետք է դառնա այն, որ նա պետք է պայման ներկայացնի Կիևին, որ մահաբեր սպառազինության մատակարարումները հնարավոր են միայն Ուկրաինայում բոլոր աջ ծայրահեղական զինվորականների կամ կիսազինվորական ստորաբաժանումների ցրումից հետո: Անհրաժեշտ է կա’մ ցրել այդ ստորաբաժանումների անդամներին, կա’մ էլ տեղափոխել այլ, գաղափարապես չեզոք զորամասեր:

Նման գումարտակների սպառազինումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Ուկրաինայի հետպատերազմյան զարգացումների համար: Անհրաժեշտ է կառավարությունում ու նախարարություններում զբաղեցրած պաշտոններից ազատել առանձին ռասիստների և Ուկրաինայի Գերագույն ռադայից հեռացնել աջ ծայրահեղական կուսակցություններին:

Վերջին երեք քայլերը պետք է առնչվեն Ուկրաինայի էներգետիկ խնդիրների լուծման փնտրտուքին, Olaf Եվրոպական հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Կիևին եվրոպական օգնությանը, ինչպես նաև ուկրաինական հիմնարկներում ուկրաինացի փորձագետների տևական ներկայությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս