Վարորդները սպառնում են. Եթե «Սեքյուրիթի դրիմը» չհեռանա, քաղաքացիական անհնազանդության են դիմելու

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության անդամները և անհատ տաքսիստներն այսօր հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով իրենց առաջիկա ծրագրերը՝ կապված նկարահանող տեսախցիկների խարդախությունների, կայանատեղերի բացակայման և տուգանքների աճի հետ:

«Մոտ երեք ամիս առաջ մենք Երևանի ոստիկանության վարչությունում հանդիպել ենք փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի և քաղաքային վարչության պետի, ճանապարհային ոստիկանության պետի, ոստիկանության տարբեր աշխատակիցների և «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության հիմնադրի հետ: Ոստիկանությունը մեզ առաջարկեց բանակցությունների գնալ հենց տաքսու վարորդների հետ, խնդիրներին լուծում տալ: Եվ իսկապես փաթեթը, որ ներկայացրինք, ամբողջովին ընդունվեց, շատ խնդիրներ իրենց լուծումները ստացան: Այդ շարունակական հանդիպումների ժամանակ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիրը խոստացավ գումար հատկացնել, որպեսզի դեղին գծանշաններով և սյուներ ամրացնելով հատկացվեն հարյուրավոր կայանատեղիներ:

Բացի դրանից՝ մենք համաձայնության եկանք նաև մի շարք այլ հարցերում, որ ստեղծվի հանձնաժողով, որտեղ կլինեն Ճանապարհային ոստիկանության և այլ հասարակական կազմակերպությունների անդամներ, և այդտեղ կբարձրացվեն ու լուծումներ կտրվեն մի շարք խնդիրների:

Սակայն վերջին փոփոխություններից հետո «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը հայտարարեց, որ դա «խփում է» իր գրպանին, ինքն այլևս չի համագործակցելու և ամեն ինչ գնում է նրան, որ ինքը 450 աշխատակիցներ չի կարողանալու պահել և որ հրաժարվում է իր բոլոր խոստումներից, գումարներից և ամեն ինչից: Դուրս է գալիս, որ այդ մարդը միայն իր գրպանի մասին է մտածում: Դրա համար այսօրվա մեր պահանջն է այդ համակարգն ամբողջությամբ պետականացնել: Ընկե՛ր ջան, հանձնի՛ր քո բաժնետոմսերը և հեռացիր այս բիզնեսից, թող պետության հետ մենք կռվենք, եթե պետությունն այսպիսի դիվերսիա կկազմակերպի իր ժողովրդի դեմ»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

«Ես ինչո՞ւ պետք է խախտում անելու համար ինչ-որ մեկին հարստացնեմ: Եթե ես խախտում եմ արել, թող պետությունն ինձ տուգանի, ես այդ գումարը կտամ պետությանը և այդ գումարն իմ պետության համար կօգտագործվի, ոչ թե ինչ-որ մեկի անձնական հաճույքների ու շահի համար»,- ասում էին վարորդները:

Նրանք «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-յի հետ համատեղ մինչև հոկտեմբերի 24-ը ժամանակ տվեցին. եթե մինչ այդ այս բիզնեսը չպետականացվի, ապա կսկսեն միաժամանակ բոլոր տեսախցիկները պոկել, վնասել, գործադուլ հայտարարել և այլ գործողությունների դիմել, այսինքն՝ քաղաքացիական անհնազանդությամբ են սպառնում. «Մեր կոչն ուղղված է պետությանը. կա՛մ թող պետությունը լինի, կա՛մ «Սեքյուրիթի դրիմը»: Եթե պետությունն ի վիճակի չէ, ապա թող պետավտոտեսուչներին արանքից հանեն, թողնեն նրանք մնան, իսկ եթե ի վիճակի է, ուրեմն թող համակարգը պետականացնեն: Երկուսով միաժամանակ ժողովրդին թալանեցին»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս